Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուրեմն ինչո՞ւ քաղաքապետարանը օպերա-բալետային ավանդական փառատոնի նախաձեռնող չլինի

Սեպտեմբեր 20,2023 12:30

Երեւանում այս տարվա ընթացքում, ի թիվս մշակութային բազում իրադարձությունների, բացառիկ երեւույթ դարձան Թումանյանի անվան զբոսայգում անցկացված «ամառային» բալետային երեք (Խաչատրյան՝ «Գայանե», «Սպարտակ», «Դիմակահանդես») եւ օրերս կայացած «աշնանային» օպերային չորս (Տիգրանյան՝ «Անուշ»՝ երկու անգամ, Վերդի՝ «Տրավիատա», Գալա համերգ) բացօթյա ներկայացումները, որոնք՝ ի տարբերություն դահլիճային ներկայացումների, անհամեմատ ավելի հանդիսաշատ էին, բեմական տարածքով ավելի մասշտաբային, լուսաձայնային ընդլայնված հնարավորություններով, որոնց արդյունքում բեմադրությունները նոր շունչ ու թափ էին ստանում։


Արդյունքում՝ ընդհանուր յոթ ներկայացումներին ներկա գտնվեց գրեթե 50 հազար հանդիսական, ստեղծագործական կազմերը հանդես եկան նոր որակներով եւ այս հզորություններին գումարվեց այն հանգամանքը, որ մեծամասշտաբ ներկայացումներին մասնակցելու համար, ավելի ճիշտ՝ վերջին գալա համերգին, հայ արտիստներին մեծ ոգեւորությամբ միացան արտերկրի իրենց գործընկերները՝ մշակութային բացառիկ իրադարձությանը մասնակից լինելու համար։

Ոչ ի հակակշիռ, բայց նկատենք, որ մեր օպերայի եւ բալետի թատրոնի դահլիճը նախատեսված է 1077 հանդիսատեսի համար։


Ինչ խոսք, ուրախալի փաստ է, որ Երեւանի մշակութային կազմակերպական եւ ստեղծագործական ուժերն ի զորու են նման խոշորամասշտաբ գործողություններ իրականացնել։ Բայցեւայնպես, գնահատանքի եւ ոգեւորության հետ մեկտեղ հարց է առաջանում. եթե ի վիճակի ենք այդպիսի հզոր գործեր իրականացնել, որը միաժամանակ լավագույն հարթակ է միջազգային հայտնի արտիստներ ներգրավելու համար, ուրեմն ինչո՞ւ քաղաքապետարանը հանդես չգա ամենամյա կամ «ամառային» ու «աշնանային» օպերա-բալետային ավանդական փառատոն անցկացնելու նախաձեռնությամբ։

Չէ՞ որ բացի ֆինանսատնտեսական ու զբոսաշրջային չափազանց մեծ հնարավորություններից, օպերային եւ բալետային արվեստի փառատոն կազմակերպող երկրի համար այնպիսի մեծ միջազգային հարգ ու վարկ է բարձրացնում, որ ոչ մի այլ ժանրի կամ ամենաբարձր փառատոն չի կարող մրցել օպերա-բալետային ներկայացումների եւ հավաքական համերգների ամենաբարձր կարգի հետ։ Այդպես է ողջ աշխարհում, այդպես կլինի նաեւ Հայաստանում։


Գաղտնիք չէ, որ մեկանգամյա խոշորամասշտաբ գործողությունն ավելի դժվար է  իրականացնել, քան պարբերաբար արվող խոշոր գործողությունները, քանի որ կարճ ժամանակի ընթացքում ձեւավորվում են ուժեր ու միջոցներ, որոնք մշտական ռեժիմով են օգտագործվում, այլ ոչ մեկ անգամ օգտագործվելուց հետո թանկարժեք միջոցները կողքի են դրվում, որոնք էլ իրենց հերթին ավելի մասշտաբային են դարձնում փառատոնային հավաքական բնույթի գործողությունները՝ զուգահեռաբար, հետզհետե ավելի քիչ միջոցներ ծախսելով այդ ամենի վրա։ Հենց այդպես է լինում, որ երկրի համար դա դառնում է մշակութային դեմք, ապրելակերպ։

Եվ եթե առանձին մեկ կամ երկու գործողությունը միջազգային առումով շատ տպավորիչ չի լինում, ապա մշակութային ապրելակերպ դարձած օպերա-բալետային միջազգային փառատոնը չափազանց մեծ տպավորություն է թողնում ազգային ու միջազգային հանրության վրա։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Տեսարաններ Թումանյանի անվան զբոսայգում կայացած բալետներից, օպերաներից եւ գալա համերգից։

Լուսանկարները՝ Երեւանի քաղաքապետարանի կայքից։

«Առավոտ» օրաթերթ
19.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930