Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանի «տվայտանքները»

Սեպտեմբեր 20,2023 12:00

Ի՞նչ տարաձայնություններ ունեն Մոսկվան, Բաքուն ու Անկարան…

Այդ ո՞ր հարցն է մնացել, որի վերաբերյալ համաձայնությունն առայժմ Հայաստանից են ակնկալում

Թուրքիան չի բավարարվել Ռուսաստանի հետ կուռ համագործակցությամբ մեր տարածաշրջանում խնդիրների լուծման հարցում ունեցած իր մասնակցությամբ եւ ազդեցության մակարդակով: Էրդողանը ձգտում է ավելիին, նա արդեն ինքն է հանդես գալիս նախաձեռնություններով: Եվ դա, ինչ-որ առումով, բնական է. Անկարայի վերջնական նպատակը Ռուսաստանի տեղը զբաղեցնելն է:

Անցյալ շաբաթվա սկզբին, հիշեցնենք, կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: ՀՀ կառավարությունը հայտնում էր, որ նրանք քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, տարածաշրջանային հարցեր: «Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը: Կողմերը նշել են, որ շարունակելու են դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ», ասվում էր կառավարության տարածած մամլո հաղորդագրության մեջ:

Դեռ այս հեռախոսազրույցից մեկ օր առաջ Էրդողանը հրապարակավ հայտնեց, որ պատրաստվում է բանակցություններ վարել Փաշինյանի հետ, հավելելով. «Մենք այլ ելք չունենք, քան տարածաշրջանում խաղաղության հաստատումը: Քայլերը, որոնք արվում են այնտեղ, հատկապես Ղարաբաղում, սխալ են, սա չի կարելի հանդուրժել, եւ դա չեն հանդուրժում նաեւ ԵՄ անդամ երկրները։ Վաղը կայանալիք բանակցություններին մենք պարոն Փաշինյանին կասենք, որ նման ընտրություններ ընդունելը բացարձակապես անհնար է։ Ընկերները, արեւմտյան երկրները եւ մյուսները, որոնց մենք մինչ այժմ հանդիպել ենք, չեն ընդունում այս ընտրությունները։ Սա ընտրություն չէ, որը կարելի է ընդունել», – ասել էր նա։

Անցավ մի քանի օր, պարզվեց, պաշտոնական Անկարան առաջարկում է Ղարաբաղի հարցով` Պուտինի, Ալիեւի ու Փաշինյանի հետ քառակողմ հանդիպում կազմակերպել…

Նյու Յորք մեկնելուց առաջ Ստամբուլում ճեպազրույցի ընթացում Էրդողանն ասաց, որ Անկարան առաջարկում է Ղարաբաղի հարցով Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների քառակողմ հանդիպում անցկացնել. «Այդպիսի առաջարկ արել ենք։ Այսինքն՝ ես, Պուտինը, Իլհամ Ալիեւը եւ Փաշինյանը։ Ես ասել եմ՝ եկեք հանդիպենք, միասին քննարկենք քայլերը, որ պետք է կատարվեն։ Տվյալ պահին այս առաջարկին ո՛չ բացասական, ո՛չ դրական պատասխաններ չենք ստացել», – ասել է Էրդողանը: Նրա խոսքով՝ քառակողմ հանդիպման նախաձեռնության նպատակն է, որ բանակցությունները վարեն հենց այն երկրների ղեկավարները, որոնք առնչություն ունեն խնդրին, այլ ոչ թե «Ղարաբաղի թեմայի հետ կապ չունեցող կողմերը»։

Հայ-ադրբեջանական բանակցություններում բացի Մոսկվայից, որպես միջնորդ, ներգրավված են նաեւ Վաշինգտոնն ու Բրյուսելը, որոնց դեմ այսօր պայքարում են Մոսկվան, Անկարան ու Բաքուն: Ալիեւը 2020թ. իր իսկ սանձազերծած պատերազմից հետո քննադատություն լսում է բացառապես Արեւմուտքից: Մոսկվան, ինչպես ասում են, իր առանձին հաշիվներն ունի Արեւմուտքի հետ, գումարած, ռուսական կողմը բավական ցավոտ է տանում Հայաստան-Ադրբեջան խնդիրների կարգավորման գործընթացում Արեւմուտքի ներգրավման փաստը:

Ստացվում է, որ Մոսկվան, Բաքուն եւ Անկարան հանդես են գալիս ընդդեմ Արեւմուտքի, որտեղից էլ Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ հնչում են հստակ հայտարարություններ, նաեւ Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ հստակ ուղերձներ են հղվում Բաքվին:

Ահա այս վիճակից դժգոհ կողմերից մեկը` Անկարան, «նոր» նախաձեռնությամբ է հանդես գալիս, որի նպատակը դժվար չէ կռահել:

«Ես այս հարցը եւս մեկ անգամ կքննարկեմ Ալիեւի հետ։ Մենք կաշխատենք կոնկրետացնելու վրա եւ ուշադիր կհետեւենք զարգացմանը», – նշել էր Թուրքիայի նախագահը եւ այնուհետեւ քննարկել էր այդ հարցն Ալիեւի հետ:

Էրդողանն ու Ալիեւը, պարզ է, պայմանավորվել են, նրանք որեւէ տարաձայնություն չունեն: Մոսկվան կշարունակի խաղալ, բայց թուրքական առաջարկին համաձայնելը կնշանակի` Ռուսաստանն ընդունում է իր ազդեցության նվազումը նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից եւ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայումից հետո:

Իսկ ո՞րն է Փաշինյանի դիրքորոշումը. նա կհամաձայնի՞ Հայաստան-Ադրբեջան խնդիրների կարգավորման գործընթացից դուրս թողնել Արեւմուտքին: Եվ չպետք է մոռանալ նաեւ Էրդողանի «առաջարկի» առնչությամբ Իրանի վերաբերմունքի մասին:

Էրդողանի «առաջարկից» օրեր անց արդեն Բաքուն հույս հայտնեց, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչեւ տարեվերջ:

Ի՞նչ փոխզիջումների է պատրաստ Բաքուն Երեւանի հետ երկխոսության ճանապարհին: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի` ռուսական TACC-ին տված հարցազրույցից պարզ է դառնում, որ որեւէ զիջման ադրբեջանական կողմը չի պատրաստվում գնալ: «Մենք ոչ Հայաստանի, ոչ էլ որեւէ այլ երրորդ կողմի հետ չենք քննարկի հարցեր, որոնք կասկածի տակ են առնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Մեր պետության ներքին գործերին միջամտության ցանկացած փորձ, այդ թվում՝ Ադրբեջանի կենտրոնական իշխանության եւ Ղարաբաղի էթնիկ հայ փոքրամասնության միջեւ երկխոսության ինչ-որ «միջազգային մեխանիզմների» ստեղծման թեմայի առաջմղումը, դատապարտված է ձախողման։ Ղարաբաղը Ադրբեջանի ներքին հարցն է», – ասել է Հաջիեւը:

Մինչ պաշտոնական Երեւանը բացի արցախահայերի իրավունքների պաշտպանության երաշխիքներից, առաջարկում է նաեւ Ադրբեջանին իր զինված ուժերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից, զորքերի հայելային հետքաշում իրականացնել միջպետական սահմանից, Հաջիեւը հերթական մեղադրանքներն է ուղղել ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Արցախին։ Նա պնդել է, որ Հայաստանի քայլերը, օրինակ՝ պետական բյուջեից Արցախին գումարը հատկացնելը, վարչապետ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով, հայկական զինուժի ներկայությունը Ղարաբաղում, ինչը Երեւանը բազմիցս հերքել է, լուրջ վնաս են հասցրել խաղաղության գործընթացին։ Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան քննադատել է նաեւ Լեռնային Ղարաբաղում նախագահի ընտրությունը՝ հայտարարելով, թե դա «Ադրբեջանի օրենսդրության եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտում էր»։ «Մենք կոչ ենք անում հայկական ղեկավարությանը չխանգարել Ադրբեջանին Ղարաբաղի տնտեսական գոտում ապրող էթնիկ հայերի վերաինտեգրմանը եւ չփորձել խարխլել մեր երկրի ինքնիշխանությունը։ Նրանք մեր քաղաքացիներն են, եւ նրանց իրավունքներն ու պարտավորությունները կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրությամբ: Կարեւոր է, որ Հայաստանը հրաժարվի մեր երկրում անջատողականությունը ֆինանսավորելու եւ բորբոքելու քաղաքականությունից», – ասել է Ալիեւի օգնականը: Չնայած մեղադրանքների շարքին՝ Հաջիեւը հույս է հայտնել, թե հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչեւ տարեվերջ։ Երեւանն ու Բաքուն վերջերս են փոխանակել պայմանագրի նախագծի հինգերորդ մշակումը։

Նկատենք, որ պաշտոնական Երեւանը եւս հայտարարում է, որ կողմերի տարաձայնությունները պահպանվում են: «Գործընթաց կա, քննարկում կա, իհարկե, առերես բանակցություններ չեն եղել այս ընթացքում՝ հունիսից հետո։ Դժբախտաբար, պետք է ասեմ, որ էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռեւս բավականին հեռու են միմյանցից», – օրերս ԱԺ-ում նշել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Ի դեպ, Հաջիեւը կրկին պնդել է, թե Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ «Զանգեզուրյան միջանցքի» բացումը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից է եւ այն «շահավետ է առաջին հերթին Հայաստանի համար»: Սակայն նաեւ հավելել էր, որ եթե «Հայաստանը հրաժարվում է տարբեր պատրվակներով եւ ցանկանում է շարունակել մնալ մեկուսացման մեջ», Բաքուն մտադիր չէ սպասել եւ արդեն ակտիվորեն աշխատում է տարածաշրջանի այլ երկրների հետ այլընտրանքային նախագծերի վրա:

Ի՞նչ է ցանկանում Էրդողանը, որպեսզի քննարկվի քառակողմ ձեւաչափում: Ինչպե՞ս ստացվեց, որ Թուրքիան իրեն արդեն այնքան ազատ է զգում, որ Հայաստան-Ադրբեջան խնդիրներում հանդես է գալիս որպես «միջնորդ»: Ի՞նչ տարաձայնություններ ունեն Մոսկվան, Բաքուն ու Անկարան: Պաշտոնական Երեւանի համար ի՞նչ «դրական» նորություններ կարող են ի հայտ գալ քառակողմ այդ «նոր» ձեւաչափում: Պաշտոնական Բաքուն հրապարակավ ներկայացրել է իր դիրքորոշումը բոլոր հարցերում, հետեւաբար, ո՞ր հարցն է մնացել, որի վերաբերյալ համաձայնությունն առայժմ Հայաստանից են ակնկալում: Պատասխանը` հստակ է: Հետեւաբար, պաշտոնական Երեւանը որոշումներ ընդունելուց առաջ պետք է ունենա այս հարցերի պատասխանը եւ ընդդեմ ՀՀ ինքնիշխանության որեւէ զիջման չգնա:

Սեպտեմբերի 17-ին Փաշինյանը մեկնաբանեց Էրդողանի՝ քառակողմ հանդիպում անցկացնելու առաջարկը: Ուշագրավ է, որ նա նշեց, թե քննարկվում են հանդիպումների տարբեր առաջարկներ. «Առաջարկություններ ու գաղափարներ կան։ Չեմ ուզում առանձնացնել դրանցից մեկը։ Հարցն այն է, որ սա միակ միտքը չէ, որ ես մեկնաբանեմ»։

Հետաքրքրական է, բացի Էրդողանի նշյալ առաջարկից, ի՞նչ այլ տարբերակներ են առաջարկվել Հայաստանին:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 19.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930