Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ են արժեքները մահակ դառնում եւ արժեզրկվում

Սեպտեմբեր 20,2023 13:30

«Մարդու իրավունքների» համար պայքարը՝ որպես յուրահատուկ ֆունդամենտալիզմ

«Մենք պետք է անդուլ եւ անզիջում կերպով հռչակենք մարդու ազատությունների եւ դեմոկրատական ազատությունների հիմնարար սկզբունքները, որոնք բոլոր անգլալեզու ժողովուրդների միասնական ժառանգությունն են եւ որոնք իրենց վառ արտահայտությունն են գտել ամերիկյան Անկախության հռչակագրում՝ իրենց մեջ ներառելով Ազատությունների մեծ խարտիան, Մարդու իրավունքների Բիլլը, «Հաբեաս Կորպուսը», երդվյալ ատենակալների մասին դրույթը եւ, վերջապես, անգլիական ընդհանուր իրավունքը»:

Սա մեջբերում է Ունիսթոն Չերչիլի հանրահայտ ֆուլթոնյան ճառից, որը նա արտասանել է 1946 թվականի մարտի 5-ին: Պարտություն կրելով խորհրդարանական ընտրություններում եւ ձեւական առումով իշխանություն չունենալով՝ Չերչիլը շարունակում էր մնալ աշխարհի ամենաազդեցիկ գործիչներից մեկը, եւ ԱՄՆ նախագահ Թրումենի հրավերով այցելել էր Միսուրի նահանգի՝ այն ժամանակ դեռեւս գավառական Ֆուլթոն քաղաքի Վեսթմինսթերյան քոլեջը, որտեղ եւ արտասանել էր իր պատմական ճառը:

Մեջբերման մեջ աչքի է զարնում Չերչիլի հետեւյալ շեշտադրումը. այն դրական երեւույթները, որոնք պետք է տարածվեն ամբողջ աշխարհով, սերում են բացառապես անգլիական եւ ամերիկյան քաղաքական ու իրավական մշակույթից: Մենք գործ ունենք յուրահատուկ «անգլակենտրոն ֆունդամենտալիզմի» հետ, որն այնուհետեւ զարգացում է գտել Ռեյգանի (տես «չարիքի կայսրության» մասին դրույթը) եւ Թետչերի քաղաքականության մեջ:

Իսկ եթե ավելի խորը նայենք, ապա ֆուլթոնյան ճառը հիմք է դրել ժամանակակից քաղաքականության ամենատարածված հնարքին, երբ արժեքները (որոնք կարող են «ճիշտ» լինել) դառնում են մահակ արտաքին քաղաքականության մեջ եւ դրանով իսկ… արժեզրկվում են: Թերեւս ավելի ճիշտ կլինի ասել, որ այդպես էր նաեւ նախորդ դարերի ընթացքում, պարզապես 20-րդ դարի երկրորդ կեսին դրվեց արժեքների՝ մահակ դարձնելու ժամանակակից փուլի սկիզբը:

Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության դեմ ոչ մի խելամիտ մարդ չի առարկի: Բայց այն ձեւը, որով Միացյալ Նահանգները փորձում էր այդ հրաշալի արժեքները տարածել, ասենք, Իրաքում, խիստ վարկաբեկիչ էին նույն այդ արժեքների համար: Նման դեպքերում դրանք կորցնում են իրենց ներքին իմաստը եւ դառնում են ֆունդամենտալիստական կրոնի նման մի բան: Քրիստոնեական կրոնը նույնպես, կարծում եմ, մարդկության ամենաբարձր նվաճումներից է: Բայց այն, ինչ անում էին, օրինակ, խաչակիրները, դժվար թե կապ ունենա այդ ուսմունքի հետ: Ոուս ուղղափառ հավատքը եւ ավանդական արժեքների պահպանումը նույնպես, որպես այդպիսիք, որեւէ բացասական լիցք չեն պարունակում: Բայց, երբ դրանք հնչում են որպես հիմնավորում՝ Ուկրաինայի վրա հարձակվելու համար, դրական լիցքերը վերանում են:

Աշխարհը, երկիրը կամ թեկուզ քո քաղաքի թաղամասը «բարու» եւ «չարի» խմբերի բաժանելը՝ թեկուզ շատ ճիշտ չափանիշներ ընտրելով, ինձ վտանգավոր է թվում: Դա բերում է մի յուրահատուկ նեղմտության, որը, եթե տիրում է զանգվածներին, հանգեցնում է դրամատիկ հետեւանքների: Ինձ համար, մեծ հաշվով, միեւնույն է, թե որ «ոլորտում» է տվյալ անձնավորությունը կամ խումբը մոլեռանդ՝ իսլամի, քրիստոնեության, կոմունիզմի, թե… մարդու իրավունքների: Արժեքային կողմնորոշումները միջազգային հարաբերությունների դաշտ բերելը հենց այդ արժեզրկման գործընթացին է նպաստում: Եվ դա վերաբերում է ոչ միայն կայսրություններին, որոնք պնդում են, թե իրենք մարմնավորում են բարիքը, իսկ դիմացինները՝ չարիքը, այլեւ փոքր պետություններին, որոնք այդ «բարիքի» եւ «չարիքի» միջեւ իբր պարտադրված են ընտրել: Ստացվում է, որ Պուտինին քծնելը ստրկամտություն է, իսկ Բայդենին շողոքորթելը Հայաստանին իբր տանում է զարգացման ճանապարհով:

…Ուկրաինական ազգայնականները տարբեր տեղերում պայքարում են նաեւ ռուսերենի դեմ՝ պնդելով, որ դա «ագրեսորների եւ չարագործների» լեզուն է: Կարծես Պուտինի հրեշավոր (իսկապե՛ս հրեշավոր) քաղաքականությունը որեւէ կապ ունի ռուսաց լեզվի հետ: Ամերիկացի զինծառայողները նույնպես 20-21-րդ դարերում սպանել են խաղաղ բնակիչների, ռմբակոծել են իրենցից տասնյակ հազարավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող քաղաքներ: Ի՞նչ է, մենք չպիտի խոսենք Շեքսպիրի եւ Ֆոլքների լեզվով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aha says:

    երբ արժեքները (որոնք կարող են «ճիշտ» լինել) դառնում են մահակ արտաքին քաղաքականության մեջ եւ դրանով իսկ… արժեզրկվում են

    The stick and carrot analogy can also be used, in other words, if you don’t give me what I want, I’ll find find ways to label you as the bad guy and to punish you. Values and principles become excuses for empires or powerful countries to reach their political and economic goals. For 16th to 18th century European powers, spreading the word of Jesus to the ‘savages’ of the Americas was the noble excuse to hide their intent of robbing the continent of its natural resources. For today’s Azerbaijan, the recovery of its territorial integrity or reestablishing constitutional order in its Karabakh region, is the excuse to hide its intent to get rid of its Armenian citizens.

    What is surprising is that a big chunk of the Armenian public and youth swallowed these types of excuses since the early and mid 2000s. Ideally, the editorials of Mr. Abrahamyan would be read by a large public but unfortunately his quality texts are seen by only a fraction of the number of viewers of garbage channels like PerfectTV.

    This is the next battleground (since the Karabakh battle is now over). Let’s hope Armenia can pick a new noble cause and at least aim to be an exemplary country in fighting fake news and propaganda.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930