Արցախում տիրող իրավիճակով պայմանավորված «Ազգային ժողովրդավարական բեւեռն» այսօր «Ազատության» հրապարակում շտապ հանրահավաք էր հրավիրել:
ԱԺԲ խորհրդի անդամներ Վահե Գասպարյանը եւ Գարեգին Չուգասզյանը ներկայացրին Արցախում եւ Հայաստանում տիրող իրավիճակը, խոսեցին միջազգային հանրության արձագանքի մասին, մատնանշեցին այս ամենի մեղավորներին. կազմակերպիչներին եւ իրենց դժգոհությունն ու բողոքը հայտնելու նպատակով քայլերթով գնացին Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն:
Քայլերթի ընթացքում ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Aravot.am-ին ասաց. «Եթե առաջիկա ժամերը ուրիշ բան չհուշեն, իսկ ամեն ժամ նոր բան կարող է փոխվել, հավանաբար, առայժմ կսահմանափակվեն քայլերթով»:
Իսկ Գարեգին Չուգասզյանը հավելեց. «Մենք տեսնում ենք, որ ֆորսմաժորային վիճակ է: Դեռ կերևա, թե այդ վիճակն ինչով կվերջանա: Ու դրա հետ մենք կկողմնորոշվենք մեր գործողություններում:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի հեռանալու գործողությունները ուղղակի կապված են մեր ժողովրդի արթնանալու հետ: Այն, ինչ մենք տեսնում ենք, նախ Արցախում է ժողովուրդը հասկանում, թե ինչ է կատարվում: Երեւանի ավագանու այս վերջին ընտրությունները նաեւ ցույց տվեցին, որ ժողովրդի շուրջ 70 տոկոսը դեռեւս չի կողմնորոշվել: Սակայն դա նշանակում է նաեւ, որ այդ նույն քանակությունը այլեւս դեմ է Նիկոլի իշխանությանը: Եվ այս իմաստով դրական զարգացում է եղել:
Այս դեպքերը, որ հիմա տեղի են ունենում, ցույց են տալիս, որ խաղաղության կոչերը բավարար չեն, որ խաղաղություն հաստատվի: Ինչքան էլ Հայաստանը հանձնի Արցախը, դրանով չի վերջանում: Դրանով սկսվում է Հայաստանի վերջի սկիզբը: Դրա համար անխոնջ ձեւով փողոց դուրս գալով՝ մենք պետք է արթնացնենք ժողովրդին: Հիմա այստեղ գտնվողները գիտակից մարդիկ են: Վստահ եմ, որ ժողովուրդն արթնանալու է, այսպես չի մնալու: Եվ այն քայլերը, որ մենք անում ենք, բնականաբար, կախված են ֆորսմաժորային իրավիճակներից:
Կարող է պատերազմի մեջ մտնենք, կարող է ռեգիոնալ պատերազմ սկսվել: Եվ որպեսզի օգնություն ստանանք, մեր ժողովուրդը պետք է գիտակցության գա, որ Նիկոլ Փաշինյանը այլեւս վերջացած է: Ժողովուրդը պետք է ցույց տա, որ ինքը կա, որպեսզի օգնությունն էլ լինի: Մեր ժողովուրդը ուշ է արթնանում, բայց արթնանում է հրաբխի նման: Մեր ժողովուրդը նման է մեր լեռներին եւ նրա մեջ հուսահատության սերմեր պետք չի ցանել: Ժողովուրդը դիմադրել է, կարողացել է պայքարել, պատմության մեջ մնացել է արժանապատվությամբ, որովհետեւ ինքը արժեք ունի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ