Հանրապետության հրապարակում բողոքի ցույցի ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը կոչ արեց համախմբվել, նա դիմեց ուսանողներին ու դասախոսներին՝ կոչ անելով անցնել դասադուլի, որպեսզի հնարավոր լինի մաքսիմալ համախմբվածություն ապահովել։ Նա դիմեց նաեւ տարբեր հիմնարկների աշխատակիցներին՝ կոչ անելով, որ նրանք անցնեն գործադուլի եւ իրենց գործողություններով պարտադրեն այս իշխանության հեռացումը եւ իրենց քայլերով ցույց տան, որ չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող քաղաքականությունը։
«Մեր խնդիրը հանրային համախմբմամբ ճնշումները շարունակելն է։ Եվ մենք կոչ ենք անում, որ երիտասարդություն էլ հավաքվի, մենք նաեւ պատասխանատու ենք, որ նրանցից որեւէ մեկը ադմինստրատիվ ճնշման չենթարկվի։ Եթե նման դեպքեր լինեն, թող անպայման դիմեն մեզ։ Մեր խնդիրն այստեղ հավաքվելն է ու մնալն է այնքան ժամանակ, մինչեւ մենք չկարողանանք հասնել մեր խնդրի լուծմանը։ Մենք պետք է հասնենք իշխանափոխության համատեղ ջանքերով։ Բոլորը ուսանողներն ու դասախոսները պետք է անցնեն դասադուլի՝ ի աջակցություն Արցախի ու Հայաստանի, որ ցույց տանք, որ բոլորը դեմ են Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող քաղաքականությանը։ Մենք այս հրապարակում հավաքվել ենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակով, եւ այդ նպատակն իրականացնելու ենք»,- հայտարարեց Թեւանյանը։
Նա նշեց, որ կարեւոր է, որ ժողովուրդը համախմբվի ու միջազգային հանրությանը ցույց տա, որ Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում հայ ժողովրդի տեսակետը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ