«Արդեն մեկ տարի է այդ ուղեգիծը հայտնի է եւ մենք շատ լավ գիտենք իր տեսակետը: Դրա համար հավաքվել են մարդիկ, որպեսզի ճնշում գործադրեն կառավարության վրա՝ փոխի իր հանցավոր ուղեգիծը»,- Հանրապետության հրապարակում, Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը չի միջամտի Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված հարձակմանը:
Արա Սահակյանը վստահեցնում է՝ Ադրբեջանն Արցախով չի սահմանափակվելու եւ բոլորը գիտեն, իսկ ՀՀ իշխանության ի սկզբանե սխալ մոտեցումը՝ ագրեսորին սիրաշահելու քաղաքականությունը, հասկանալի է, որ հանգեցնելու էր նրան, ինչ ունենք այսօր: Արձագանքելով դիտարկմանը՝ որ Նիկոլ Փաշինյանը քանիցս է պնդել իր մոտեցումը եւ հայտարարել, որ դրանից հրաժարվելու տրամադրություններ չունի, Արա Սահակյանն ասաց. «Ուրեմն, պետք է փոխել կառավարությանը»:
Հարցին՝ կհաջողվի՞ այս անգամ, քանի որ նախորդ մի քանի փորձերը տապալվեցին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես այստեղ եմ, ինձ նման հազարներն են կանգնած, այլ ճանապարհ չունենք»:
Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է դիվանագետը վերաբերվում Ռուսաստանից հնչած դիրքորոշումներին, նա ասաց, որ Արցախի հարցը որոշվում է ՀՀ կառավարությունում, իսկ տարբեր տեղերից հնչած հայտարարությունները հետո կսրբագրվեն:
Կարդացեք նաև
Թե ինչո՞ւ ՀՀ նախկին նախագահները Հանրապետության հրապարակում չեն, բնականաբար, նրանք, ովքեր հայտարարել են, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Արա Սահակյանը պատասխանեց՝ «բանը-բանից անցել է. նրանք իրենց կարծիքն ասել են»: Ամեն դեպքում, նա հույս ունի, որ մինչեւ օրվա ավարտը շատերը կգան Հանրապետության հրապարակ:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ