Լոռու, Շիրակի, Վայոց ձորի եւ Արագածոտնի մարզերի սահմանամերձ համայնքներում բնակվող ու սոցիալապես անապահով 200 մարզաբնակ երիտասարդներ՝ HSBC Հայաստանի եւ «Օրրան» բարեգործական ՀԿ-ի համատեղ ջանքերով աշխատանքի անցնելու կամ սեփական բիզնեսը հիմնելու հնարավորություն ստացան։ Իրականացված «Երիտասարդները հանուն համայնքի զարգացման» երկամյա ծրագրի ավարտն ազդարարվեց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված միջոցառմամբ, որին թ թիվս այլոց, ներկա էին «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը եւ ուրիշներ:
Ծրագրում ընդգրկվել էին նաեւ Արցախից տեղահանված 16-35 տարեկան երիտասարդներ, որոնք մասնագիտական հմտությունների զարգացմանը զուգընթաց, ծանոթացան բիզնեսի կառավարման, ձեռնարկատիրական գործունեության առանձնահատկություններին և բարձրացրին ֆինասական գրագիտության մակարդակը։ Կիրառելով ձեռք բերված գիտելիքները` ծրագրի շահառուները պատրաստեցին և ներկայացրին իրենց բիզնես նախագծերը, որոնցից լավագույն 25-ը ստացան ֆինանսական աջակցություն:
Կարդացեք նաև
«Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի խոսքով, նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ձեռք բերել հմտություններ` արժանապատիվ աշխատանք ունենալու համար. «Երիտասարդներից շատերն արդեն իսկ իրենց համայնքներում գտել են աշխատանք, ոմանք էլ հիմնել են սեփական բիզնեսը: Դա ինձ շատ է ոգեւորում, որովհետեւ նպաստում է մարզերում աղքատության հաղթահարմանը, ինչն էլ ծրագրի գլխավոր նպատակներից էր»:
Միջոցառման շրջանակում կազմակերպված տոնավաճառի ընթացքում երիտասարդները ոչ միայն հնարավորություն ունեցան հյուրերին ներկայացնել իրենց աշխատանքները, այլեւ վաճառել դրանք:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ