Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, վախենամ՝ հեռանալու է բավականին ցավոտ. Արմեն Բաղդասարյան

Սեպտեմբեր 19,2023 22:50

«Ադրբեջանն անում է այն, ինչ բազմիցս հայտարարել է, ծրագրել է, ինչը չէր էլ թաքցնում: Նպատակ ունի վերջնականապես հայաթափել Արցախը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ձեռքերը լվացել է այդ թեմայից: Համապատասխան քարոզչական նախապատրաստությունից հետո կյանքի է կոչել այդ ծրագիրը: Չեմ կարող ասել, թե Արցախը իր փոքրաթիվ, վատ զինված բանակով քանի օր կարող է դիմադրել: Չեմ էլ կարծում, թե միջազգային հանրությունն ինչ-որ հայտարարություններից բացի՝ քայլեր կձեռնարկի»,-Aravot.am-ին ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը:

Մեր զրուցակցի խոսքով, ադրբեջանցիները փորձելու են հայաթափել Արցախը, իսկ արդյոք ավարտին կհասցնե՞ն հայաթափման իրենց ծրագիրը, թե՝ ոչ, ըստ Արմեն Բաղդասարյանի, կախված է, թե ինչքան կկարողանա դիմադրել Արցախի ՊԲ-ն, ինչպես նաեւ նրանից, թե բոլոր այն ուժերը, որոնք կփորձեն կասեցնել այդ գործընթացը, ինչ կպահանջեն դրա դիմաց Հայաստանից, ինչ ճանապարհով կփորձեն իրենց շահերն առաջ տանել Հարավային Կովկասում. «Այսինքն՝ այն հայտարարությունները, որ սա հերթական նոր ցեղասպանություն է, մարդասիրական աղետ է եւ այլն, դրանք ընդամենը շղարշ են, որոնք թաքցնում են միջազգային հանրության, այդ թվում ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Արեւմուտքի իրական շահերը, որոնք պատրաստ են, օգտվել առիթից եւ  ճնշումներ գործադրել հայկական կողմի վրա, ստանալ իրենց համար առավելագույնը»:

«Հայաստանի ԱԳՆ-ն կոչ է անում ՄԱԿ ԱԽ-ին և ՌԴ խաղաղապահներին միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: Իսկ ի՞նչ անենք պաշտոնական Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասով»,- այսօր այսպես հեգնել էր Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Արմեն Բաղդասարյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակի հեգնանքին, նկատեց, որ Ռուասաստանը վարվում է ինչպես միշտ. «ՌԴ-ն անընդհատ առաջնորդվում է բացառապես իր սեփական շահերով, ինչը նորմալ է: Մեր տարածաշրջանում նա բացառապես միշտ նույն գիծն է տանում, որ Հայաստանի շահերի հաշվին առաջ մղի իր շահերը:  Այսինքն, այստեղ պատրանքներ ունենալ պետք չէ: Տեսեք՝ նույնիսկ այս մի փոքր դրվագում, երբ Ադրբեջանն ասում է, որ նախապես ռուսական կողմին տեղեկացրել է իր պատերազմական գործողությունների մասին, բայց Զախարովան հերքում է՝ ասելով ՝ մենք կողմերին կոչ ենք անում եւ այլն: Այսինքն էլի հավասարության նշան է դնում կողմերի միջեւ, նույնիսկ այն դեպքում, երբ Ադրբեջանն է սկսել գործողությունները, ընդ որում՝ սկսելու մասին տեղեկացրել է:  Ռուսաստանն այս պահին խաղում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ  նույն դաշտում՝ ընդդեմ Հայաստանի:  Այլ հարց է, որ դրանում պետք է ոչ թե մեղադրել ՌԴ-ին, այլ հասկանալ՝ ինչու է այդպես: Ինչու են ՀՀ իշխանություններն այդպիսի քաղաքականություն որդեգրել պետք է այնպես անել, որ մեր շահերը համընկնելն Ռուսաստանի ու ուժային բեւեռների հետ: Սխալները մեր մեջ պետք է փնտրենք, ոչ թե Ռուսաստանին հայտարարենք դավաճան: Դավաճանում է սովորաբար  հարազատը, ՌԴ-ն մեզ հարազատ չէ, ճիշտ այնպես, ինչպես՝ Արեւմուտքը: Կան շահեր, շահերի համադրումներ, եթե այդ շահերը չեն համընկնում , պատճառները մեր մեջ պետք է փնտրենք, ոչ թե՝ օտարների»:

Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ և նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի`Փաշինյանին վերաբերող  հայտարարությանը՝ մեր զրուցակիցը շարունակեց. «Նիկոլ Փաշինյանին սպասվում է այն ապագան, ինչը սպասվում է ցանկացած ժամանակներում, ցանկացած երկրի ձախողված ղեկավարին: Ձախողված ղեկավարը պետք է հեռանա, անկախ նրանից, թե ինչ պատճառաբանություններ է բերում: Դա կլինի ուշ, շուտ, արտաքին ուժերի աջակցությամբ, թե ներքին ընդվզման արդյունքում, բայց դա անխուսափելի է: Որեւէ երկրի ղեկավար, որը ձախողել է բոլոր բնագավառներում, անխուսափելիորեն պետք է հեռանա: Իր ողջամտությունից է կախված՝ կհեռանա՞ անցնցում, հնարավոր քաղաքակիրթ ճանապարհո՞վ, թե՞ կհեռանա շատ ավելի ցավոտ մեթոդներով: Այս առումով, Նիկոլ Փաշինյանի ապագայի վերաբերյալ որեւէ կասկած չունեմ, նա հեռանալու է, վախենամ՝ հեռանալու է բավականին ցավոտ»:

Ինչ վերաբերում է արտաքին ուժերի կողմից Հայաստանում հեղաշրջում անելու վտանգին, մեր զրուցակցի համար շատ հավանական է.  «Հավանական համարում եմ, որ ինչ-որ արտաքին ուժեր կփորձեն հեղաշրջում անել Հայաստանում, իսկ ինչ-որ այլ արտաքին ուժեր կխանգարեն, կփորձեն թույլ չտալ: Սա ողբերգություն է, որովհետեւ Հայաստանում պետք է հայակենտրոն ուժերն իշխեին, իսկ եթե հայակենտրոն ուժերը կամ չկան կամ շատ պասիվ են, արդյունքում Հայաստանում ունենում ենք տարբեր ուժերի պայքար քաղաքական  դաշտում: Ռուսամետները պայքարում են արեւմտամետների դեմ, արեւմտամետները՝ Ռուսաստանի դեմ եւ ՀՀ շահը երկրորդ պլան է մղվում: Արդյունքում՝ այդ բեւեռներից որն էլ հաղթի, ՀՀ-ն  ծառայելու է որպես գործիք այս կամ այն ուժային բեւեռի շահերին»:

Այս փուլում պատերազմական գործողությունները կշարունակվե՞ն ՀՀ սահմանին, թե՝ոչ, ըստ մեր զրուցակցի. «Կարծում եմ՝ այս փուլում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունները կսահմանափակվեն միայն Արցախում, որովհետեւ Արցախի իշխանությունները քաղաքական երկխոսության առաջարկ են արել Ադրբեջանին: Ենթադրում եմ, որ Ադրբեջանը ուժի ցուցադրումից հետո կփորձի բանակցությունների շուրջ ներկայացնել իր կոշտ պահանջները, բայց այս փուլում, չեմ կարծում, որ Հայաստանի հետ անմիջական առճակատման կգնա, թեեւ ինչ-որ պահի դա անխուսափելի է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930