Հանրապետության հրապարակում շարունակվում է քաղաքացիների բողոքի ցույցը։
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը դիմեց հավաքվածներին․ «Ձեզ մի պատմություն պատմեմ՝ 1992 թվականին թուրքերը փակում էին Լաչինի միջանցքը, մենք հասանք Լաչինի միջանցք, ու 220 հոգով կռվում էինք 5000 հազարանոց ադրբեջանցիների դեմ։ Մի 35 կիլոմետր շպրտեցինք հետ, մեկ ամիս անց մենք ցույց տվեցինք բոլորին, որ երբ հայ տղամարդը զենք է վերցնում, նրան հավասարը չկա։ Դուք մի մոռացեք, որ դուք կռվել եք Հռոմի դեմ, Պարսկաստանի դեմ, կռել եք Ասորեստանի դեմ։ Հլա նայեք էս միլիցեքին, փող են ստանում, փողի համար ի՞նչ են անում։ Բայց ինչի՞ համար եք այդպես անում, վաղը ձեր աղջիկն ու կինն են վտանգվելու, այնպես որ հիշեք մի բան՝ մենք պարտավոր ենք պահել եւ Արցախը, եւ Հայաստանը։ Մենք ոչ մեկի ոչինչ չունենք տալու, որովհետեւ Արցախը մեզ համար հողակտոր չէ, Արցախը դա մեր պատիվն է։ Կորցված պատիվը հետ չես բերի, մենք մեր պատիվն ենք կորցնում, ձեր տղամարդկանց հանեք դուրս, հանեք փողոց՝ հանուն ձեր պատվի։ Դուք այստեղ աննամուսի նման եք ապրելու։ Ես ոչ մի քաղաքական ուժի չեմ ներկայացնում, բայց հիշեք մի բան՝ մենք պարտավոր ենք պաշտպանել մեր անունը, Արցախին մենակ թողնելը շանորդություն է, մենք իրավունք չունենք Արցախին մենակ թողնենք, վաղը նույն ձեւի մեզ ասելու են՝ Զանգեզուրը մենակ թողեք»։
Մանվել Եղիազարյանը հայտարարեց, որ հայ ժողովուրդը շատ լավ կարող է կռվել, պաշտպանել իրեն, իսկ 44-օրյա պատերազմի պարտությունը հետեւանք էր նրա, որ «դավ էր նյութվել»։ «Սրանք որոշել են 100 հազար հատ էլ թուրք բերել բնակեցնել Երեւանում, անգամ ասում են, որ Էրդողանն այս իշխանություններին պաշտպանելու համար թուրքեր է բերել Երեւան։ Այնպես որ, բոլորս հավաքվում ենք այստեղ, վերջակետ դնենք։ Մեկ է, բոլորս էլ մեռնելու ենք, բայց ձեր անկողնում մեռնելուց կհիշեք, որ մենք ոչինչ չարեցինք հայրենիքի համար։ Արցախը մեր երկիրն է, մեր հողն է, հավաքվեք հրապարակում»,- հայտարարեց Մանվել Եղիազարյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ