Երևանի քաղաքապետերի թեկնածուներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի վրա Ադրբեջանի ռազմական հարձակմանը։
«Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է․ «Ադրբեջանը այսօր առավոտվանից լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Արցախի պետական ինստիտուտների ապամոնտաժման կոչերը եւ «հումանիտար միջանցք» բացելու պատրաստակամությունը կասկած չի թողում՝ Ալիեւի բռնապետական ռեժիմը այս գործողություններով նպատակ ունի ավարտին հասցնելու իր ցեղասպանական քաղաքականությունը Արցախի հայության նկատմամբ։ Ակնհայտ է, որ 2020-ի աղետալի պատերազմից հետո խաղաղության օրակարգով վերարտադրված Հայաստանի Հանրապետության իշխանությունը ձախողել է արտաքին քաղաքականությունը եւ կրում է ստեղծված վիճակի պատասխանատվությունը։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը եւ միջնորդ երկրներին՝ դիմել հստակ գործողությունների եւ կանխել ցեղասպանությունն ու հայկական Արցախի ոչնչացումը»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, դիմելով ՀՀ քաղաքացիներին, հայտարարել է․ «Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունները, որի հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ, նպատակ է հետապնդում ամբողջապես հայաթափելու Արցախը:
Հաջորդիվ պլանավորվում է Հայաստանին պատերազմի մեջ ներքաշել և հարձակվել մեր սուվերեն տարածքի վրա։ Դրսի որոշ կենտրոնների նպատակը այս ֆոնին Հայաստանում հեղաշրջում անելն ու Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելն է: Անչափ կարևոր է պահպանել մտքի զգոնությունը և սթափությունը։ Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունն անսակարկելի են մեզ համար և ռազմաճակատում լարմանը զուգահեռ իրականացվող բռնի հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձևով կասեցվելու են։ Աստված մեզ բոլորիս պահապան»։
Կարդացեք նաև
«Ապրելու երկիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը հայտնել է՝ մի շարք քաղաքացիների հետ այս պահին գտնվում ենք ՌԴ դեսպանատան առաջ ու հայտարարել․ «Մի շարք քաղաքացիների հետ այս պահին գտնվում ենք Ռուսաստանի դեսպանատան առջև՝ մեր բողոքը հայտնելու և պարզաբանում պահանջելու ՌԴ֊ից, թե ինչու չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները Արցախում։ Ակնհայտ է, որ Արցախում իրականացվող ցեղասպանությունը տեղի է ունենում միջազգային հանրության՝ մասնավորապես ՌԴ թողտվությամբ։ Մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, պահանջում ենք ՌԴ խաղաղապահ զորակազմից իրականացնել իրենց ստանձնած պարտավորությունները՝ առանց անհիմն և չպատճառաբանված արդարացումների, իսկ ՄԱԿ Անվտանգության խորհրդից՝ իրականացնել ՄԱԿ կանոնադրությամբ սահմանված գործառույթները և կանխել Արցախում այս պահին իրականացվող էթնիկ հայերի ցեղասպանությունը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ