Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կեսօրից՝ Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո, Երեւանի Հանրապետության հրապարակում քաղաքացիները բողոքի ցույց են կազմակերպել։ Աշխատանքային օրվա ավարտից հետո բավականին մեծ թվով բազմություն էր հավաքվել հրապարակում։ Իրավիճակը ժամանակ առ ժամանակ լարվում էր, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ քաշքշոց էր լինում։ Վերջին մեկ ժամվա ընթացքում իշխանությունը էլ ավելի մեծ թվով ոստիկանական ուժեր կենտրոնացրեց. կառավարության շենքի մոտ բերվեցին կարմիր եւ սեւ բերետավորները։ Մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված նաեւ կառավարության շենքի հետնամասում, մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից այգում։
Քիչ առաջ իրավիճակը կրկին լարվեց, ոստիկանությունը նաեւ հատուկ միջոցներ կիրառեց. պայթյուն լսվեց, նաեւ ծուխ էր բարձրանում։
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը ցուցարարներին հանդարտության կոչ է անում, հորդորում է չտրվել սադրանքների եւ չբախվել ոստիկանների հետ։ Անդրանիկ Թեւանյանը, Ռուբեն Հակոբյանը եւ ընդդիմադիր այլ գործիչներ պատ են կազմել եւ կանգնել են ցուցարարների ու ոստիկանների միջեւ։
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ քիչ ուշ, տեսանյութում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ