Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂ-ի վրա Ադրբեջանի իրականացրած լկտի հարձակումը հերթական ապացույցն է այն բանի, որ Իլհամ Ալիևը ցանկանում է բնաջնջել տեղի հայ բնակչությանը»․ միջազգային արձագանքը

Սեպտեմբեր 19,2023 21:15

Aravot.am-ը ներկայացնում է ադրբեջանական ԶՈՒ կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի վրա ռազմական հարձակման միջազգային արձագանքը։

Լիտվայի ԱԳ նախարարը հայտարարել է․ «Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ամիսներ շարունակ շրջափակումից հետո Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունը խաթարում է տևական խաղաղություն հաստատելու միջազգային համայնքի ջանքերը»։

Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարությամբ ամրագրված է․ «Գերմանիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հրետակոծությունը։ Ադրբեջանը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, միայն այդպես է հնարավոր կայուն խաղաղություն։ Մենք աջակցում ենք ԵՄ-ի գլխավորած բանակցություններին»։

ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է․ «Ռազմական գործողությունները ԼՂ-ում պետք է դադարեցվեն, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դիվանագիտական ​​ճանապարհով լուծեն իրենց տարաձայնությունները»։

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի X-ի գրառման մեջ ամրագրված է․ «Լեռնային Ղարաբաղի վրա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի իրականացրած լկտի հարձակումը հերթական ապացույցն է այն բանի, որ այդ երկրի ղեկավար Իլհամ Ալիևը ցանկանում է բնաջնջել տեղի հայ բնակչությանը: Ադրբեջանի լկտի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա կրկին ապացուցում է Ալիևի չարամիտ մտադրությունը՝ բնաջնջելու տեղի հայ բնակչությանը։ ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը պետք է գործի անցնեն»։

Բելառուսի ԱԳՆ-ն կողմերի միջև հավասարության նշան է դրել և երկու կողմին կոչ է անում միջոցներ ձեռնարկել կրակը դադարեցնելու և մարդկային զոհերը կանխելու համար։

Ավստրիայի ԱԳՆ-ն կոչ է արել Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։

Միայն Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին է, որ չի դատապարտել Ադրբեջանին և կարճ նշել է․ «Ադրբեջանը կարևոր գործընկեր է»։

Բելգիայի ԱԳ նախարարը դեէսկալացիայի կոչ է անում․ «Մենք մտահոգությամբ ենք հետևում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին։ Խաղաղության միակ ճանապարհը երկխոսությունն ու փոխզիջումն է: Բելգիան դեէսկալացիայի և քաղաքական լուծման կոչ է անում»։

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հայտարարության մեջ նշված է․ «Ամենախիստ ձևով դատապարտում եմ Ադրբեջանի գործողությունները։ Ռազմական գործողությունները անհապաղ պետք է դադարեցվեն, քաղաքացիական բնակչության կյանքը պետք է պաշտպանվի։ Ադրբեջանը պետք է հետևի իր միջազգային պարտավորություններին»։

ՌԴ պատրիարք Կիրիլը նշել է, որ աղոթում է, որ Ղարաբաղում խաղաղություն հաստատվի․ «Սրտիս ցավով ստացա Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման ու զոհերի մասին լուրերը»։

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին բոլոր կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ եռակողմ համաձայնագրի դրույթներին և խնդիրները կարգավորել երկխոսության միջոցով։

Նա վերահաստատել է Իրանի դիրքորոշումը հակամարտության առնչությամբ ու ընդգծել. «ԻԻՀ-ն Ղարաբաղն Ադրբեջանի մաս է համարում և համոզված է՝ այդ շրջանի խնդիրները, այդ թվում՝ դրա բնակիչների անվտանգության ու իրավունքների հարցերը պետք է լուծվեն այդ շրջանակներում և երկխոսության միջոցով»։

Քանանին վերահաստատել է, որ տարածաշրջանի երկրները կարող են նպաստել հակասությունների կարգավորմանը և այդ ուղղությամբ Իրանը պատրաստ է 3+3 ձևաչափով նիստ անցկացնել։

Պատրաստեց Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930