Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք հանգիստ կնստեք ձեր օկուպացրած աթոռին եւ կլսե՛ք». Կրպեյանը հունից դուրս եկավ ու ՔՊ-ականներին հորդորեց՝ «Հեռացե՛ք, որ կարողանանք փրկել»

Սեպտեմբեր 19,2023 20:40

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստում ՔՊ խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը ներկայացրեցին, թե Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի հետ ոնց են աշխատել, Ղարաբաղի իրավիճակի մասին ոնց են տեղեկացրել:

Հռիփսիմե Գրիգորյան

Հռիփսիմե Գրիգորյանը հայտարարեց. «Մենք այսօր ավելի, քան որեւէ այլ օր պիտի մտածենք ՀՀ ինքնիշխանության մասին, որովհետեւ միայն այդ կերպ մենք կարող ենք ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը եւ իրավունքները ամեն օր»:

Սա հունից հանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանին. «Բացառիկ հանցավոր համառություն, դիտավորություն ու տգիտություն է պահանջվում կառավարող օկուպացիոն հանցախմբի ներկայացուցիչներից գալ այստեղ նստել ու զուգընթաց սեփական քաղաքացիների կոտորածին քննարկել, որ իրենք իրենց բարեկամական խմբերի հետ ի պաշտոնե իրենց աշխատանքն են անում եւ դա ներկայացնել՝ որպես պատերազմական  գործողությունների ժամանակ պատշաճ վարքագիծ: Ես սրան այլ որակում, եթե ավելի կոռեկտ լինեմ, չեմ կարող տալ: Այն, ինչ տեղի է ունենում Արցախում միմիայն Հայաստանն օկուպացրած հանցախմբի պատասխանատվությունն է եւ միակ մեղավորն ու պատասխանատուն հանցախումբն է՝ իր պարագլխի գլխավորությամբ: 32 տարի առաջ ինչ տեղի ունեցավ Շահումյանում, Գետաշենում, նույն ուղերձն ուներ, որ այնտեղ տեղակայված ահաբեկչական խմբավորումները պիտի չեզոքացնենք: Մենք հիմա 32 տարի անց ՀՀ խորհրդարանում քննարկում ենք՝ ապավինելու այլոց օժանդակությանը, փոխանակ մենք տեր կանգնեք մեր հայրենիքին ու պաշտպանենք մեր քաղաքացիներին: 120  հազար հայ քաղաքացի այս պահին ցեղասպանվում են, այստեղ եկել, նստել են իշխող հանցախմբի ներկայացուցիչները, այնպես են խոսում, կարծես նրանք Մոզամբիկի քաղաքացիներն են:  ԱԳՆ ներկայացուցիչն այնպես է խոսում, կարծես դա  Մոզամբիկի քաղաքացիներին վերաբերող խնդիր է, իրենք բարեհոգաբար, հումանիզմի բացառիկ դրսեւորմամբ աջակցություն են հայտնում, փորձում են այս ու այն կառույցի դիմել: Այստեղ խոսում են ինքնիշխանությունից եւ պետականությունից մարդիկ, ովքեր զոհել են պետականությունը, ինքնիշխանությունը, ովքեր իրենց ստորագրությամբ ՀՀ տարածքում եւ Արցախում տեղակայել են երրորդ ուժի զինված խմբավորումների: Եվ իրենք այդքան համարձակություն ու երես ունեն՝ խոսում են ինքնիշխանությունից»:

ՔՊ-ականները փորձեցին միջամտել՝ ասելով, որ ելույթը ավարտի: Կրպեյանը պատասխանեց. «Ես կավարտեմ այն ժամանակ, երբ կավարտեմ, իսկ դուք հանգիստ կնստեք ձեր օկուպացրած աթոռին եւ կլսե՛ք: Իմ պահանջն է ձեզնից՝ հեռացե՛ք, հեռացե՛ք, որ կարողանանք փրկել այն, ինչի համար հազարամյակներ զոհել ենք ամենաթանկը: Հեռացե՛ք, որ կարողանանք մեր երեխաներին, մեր ծերերին ու մեր հայրենիքը փրկենք»: ՔՊ-ականները արձագանքեցին, թե՝ «դուք շատ փոքր եք, որ նման բան ասեք»: Կրպեյանը պատասխանեց. «Լռե՛ք, զսպե՛ք ձեզ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930