Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղյա՞կ եք, թե իրավիճակը սադրելու մեջ ՌԴ ԱԳՆ խոսնակն ում է մեղադրում եւ ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսքը». Ջուլհակյանն՝ փոխարտգործնախարարին

Սեպտեմբեր 19,2023 19:25

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու Արցախում ստեղծված իրավիճակը եւ Ադրբեջանի կողմից Արցախի բնակելի տարածքների ռմբակոծումը: Նիստին հրավիրվել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, որը ներկայացրեց, թե ինչ է արել նախարարությունը. «Ժամը 4-ին ԱԳՆ-ում կայացել է հանդիպում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ներկայացվել է ընդհանուր իրավիճակը, շարունակվում են աշխատանքները բոլոր ուղղություններով, բոլոր դեսպանությունների ներգրավմամբ: Նաեւ առանձին հանդիպումներ են տեղի ունենում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ՝ ձեռնարկելու քայլեր՝ Ադրբեջանի ագրեսիան կանգնեցնելու նպատակով»:

Արմեն Ռուստամյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարցրեց՝ ըստ Ադրբեջանի, ՌԴ-ն հարձակման մասին տեղեկացվել է նախապես, ձեր տվյալներով նախապե՞ս է տեղեկացվել, թե՞ հարձակումից հետո: Սաֆարյանը պատասխանեց. «Ես այսօր հանդիպել եմ ՌԴ դեսպանին, նա ինձ տեղեկացրել է, որ նախապես տեղյակ չեն եղել, մի քանի րոպե առաջ են միայն տեղեկացել»:

Ռուստամյանը հարցրեց՝ դեսպանների հետ որ հանդիպել եք, նպատակը ի՞նչն է եղել, որ դատապարտե՞ն Ադրբեջանի գործողությունները, թե՞ փրկեն ցեղասպանությունից, ի՞նչ մոտեցում եք ունեցել, ի՞նչ քայլերով պիտի փրկենք հայ բնակչությանը: Փոխնախարարը պատասխանեց, որ ներկայացվել է տեղեկատվություն: Ռուստամյանն ասաց, որ աշխարհում օրինակներ կան, երբ ճանաչել են պետությունը՝ հանուն փրկության, երբ ժողովրդին փրկելու հարց է եղել, այդ սկզբունքը ընդհանրապես ԱԳՆ-ում քննարկման առարկա՞ է, թե՞ ոչ՝ փոխնախարարը պատասխանեց, որ ԼՂ հիմնախնդրի լուծման հետ կապված իրենց մոտեցումը ներկայացրել են. «Հայաստանը հայտարարել է խաղաղ օրակարգի տարածաշրջանում հաստատման եւ այդ ուղով ընթանալու վերաբերյալ: Վարվում են բանակցություններ եւ մենք բանակցություններում նպատակ ունենք ապահովել ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը: Ադրբեջանը դիմել է լայնամասշտաբ ագրեսիայի, այս պահին քննարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ այդ ագրեսիան կանգնեցնելու ուղղությամբ»:

Ռուստամյանը փոխանցեց Ադրբեջանի մոտեցումները, թե երկու խնդիր ենք լուծում՝ այնտեղ իբր կան ապօրինի խմբավորումներ, ՊԲ-ն Արցախի համարում են ապօրինի ահաբեկչական կառույց եւ խնդիր են դրել այդ կառույցը վերացնել: Երկրորդ՝ խնդիր են դրել «կառավարման ռեժիմը» լուծարել, ինչը նշանակում է այն ինստիտուտները, որ Ղարաբաղի ժողովուրդը ձեւավորել է՝ ԱԺ, նախագահական, դրանք վերացնել, ուստի հարցրեց. «Դուք դեսպանների  առաջ հարց դրե՞լ եք, որ դա անքակտելի իրավունք է որեւէ կոմպակտ տարածքում ձեւավորել սեփական իշխանություն, ՀՀ պաշտոնական դիրքորոշումը որտե՞ղ պետք է լսենք, որ ասվի՝ սրանք ապօրինի ահաբեկչական միավորներ չեն, այլ պաշտպանական բանակն է, դուք մենակ ասում ենք, որ մենք  այնտեղ զորք չունենք, այսինքն, մենք պետք է մենակ մե՞զ պաշտպանենք, որ հանկարծ Ադրբեջանը չասի՝ դուք էլ այնտեղ զորք ունեք, դուք դրան ի՞նչ եք պատասխանում, դո՞ւք էլ եք համարում, որ այնտեղ անօրինական իշխանություններ են,որոնք պետք է լուծարվեն»:

Մնացական Սաֆարյան

Սաֆարյանը պատասխանեց, որ իրենց գործընկերների հետ առաջին հերթին հենց այդ հարցերն են քննարկում. «Ձեր նշած հարցերը խնդրի էությունն են, դա պետք է ապահովվի Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ երկխոսության միջազգային մեխանիզմի միջոցով, հիմա Ադրբեջանը փորձում է այս օրակարգը վիժեցնել»: Ինչ վերաբերում է Արցախի ինստիտուտներին, Սաֆարյանն ասաց, որ իհարկե, դրանք ապօրինի չեն, ԼՂ բնակչությունն իրավունք ունի ունենալ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ պաշտպանվել էթնիկ զտումներից եւ ցեղասպանությունից:

ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հարցրեց. «ՌԴ ԱԳՆ խոսնակը ասել է՝ մենք գիտենք, թե ինչ է անհրաժեշտ անել իրավիճակի կարգավորման համար, պետք է կատարել պայմանավորվածությունները եւ չսադրել իրավիճակը, դուք տեղյա՞կ եք, թե իրավիճակը սադրելու մեջ տիկին խոսնակն ում է մեղադրում եւ ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսքը:

Մնացական Սաֆարյանը պատասխանեց. «Չեմ հասցրել լիարժեք ծանոթանալ իր հայտարարություններին այս պահի դրությամբ, բայց ՀՀ-ն իր ստանձնած բոլոր պարտավորությունները կատարել է եւ կատարում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930