Լրահոս
Օրվա լրահոսը

«Իր այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արցախը միայնակ է, այսինքն՝ թուրքերին քսի է տալիս 120 000 հայերի վրա»․ Արթուր Խաչատրյան

Սեպտեմբեր 19,2023 17:55

«Հայ ժողովուրդը պետք է մոբիլիզացվի, եւ բոլորս պետք է կանգնենք Արցախի թիկունքին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ այսօր Բաքվի զինված ուժերը Արցախի ուղղությամբ հարձակում են սկսել։  Արցախի Պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն՝ փորձում է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Արցախում Ադրբեջանը թիրախավորում է նաեւ քաղաքացիական օբյեկտները։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ խաղաղ բնակիչների շրջանում կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա։

Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որից հետո ուղիղ եթերով հայտարարեց, որ Հայաստանի սահմանների երկայնքով իրադրությունը հարաբերականորեն կայուն է, իրադրության տեսանելի և էական փոփոխություն չկա։

«Բայց ինչպես ասել եմ և հիմա էլ եմ ասում, այս գործողության հիմնական և առանցքային թիրախը և նպատակը Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողություների մեջ ներքաշելն է։ Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ և ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»,- ասաց Փաշինյանը։

Արթուր Խաչատրյանը Փաշինյանի այս հայտարարության վերաբերյալ ասաց․ «Ադրբեջանը Հայաստանին վաղուց է ներքաշել պատերազմի մեջ։ Ադրբեջանական օկուպացիոն զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ներքաշելն էլ ինչպե՞ս է լինում։ Իր այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արցախը միայնակ է, Հայաստանի Հանրապետությունը չի միջամտելու, այսինքն՝ թուրքերին քսի է տալիս 120 000 հայերի վրա։ Դա նույնն է, որ քո սենյակում նստես, ասես՝ իմ սենյակն ապահով է, բայց կողքի սենյակում քո եղբորը մորթեն։ Դա անընդունելի է, երկրի ղեկավարն այդպիսին չպետք է լինի»։ Ըստ նրա՝ հայ ժողովուրդը պետք է համախմբվի ու կանգնի Արցախի թիկունքին։ «Կամ մոլորություն է, կամ գիտակցված դավադրություն է կարծել, որ Ադրբեջանն իր արյան ծարավը կհագեցնի միայն Արցախի Հանրապետությունով»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորը հիշեցնում է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է։ «Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությամբ դա հստակ ֆիքսված է։ Եվ ինքը բազմիցս ասել է, որ՝ երբ մենք ասում ենք, որ Ադրբեջանը պետք է բանակցի Արցախի հետ, դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեր հանձնառությունից։ Նիկոլ Փաշինյանի խոսքերի մեջ հակասություններ փնտրելն անիմաստ զբաղմունք է, նրա ամեն խոսք հաջորդին հակասում է, ամեն նախորդ խոսք հակասում է այսօրվա ասածին»,- հավելեց Խաչատրյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930