ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով Արցախում այսօր սկսված հրետակոծությանն, ասաց՝ Ադրբեջանը մեկնարկել է ԼՂ հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան։ Ապա գնահատելով իրավիճակն իր խոսքով ասած՝ Հայաստանի տեսակետից, Փաշինյանն ասաց՝ նախ՝ այս պահին Հայաստանի սահմանների երկայնքով իրադրությունը կայուն է հարաբերականորեն, իրադրության տեսանելի եւ էական փոփոխություն չկա։
«Բայց ինչպես ասել եմ եւ հիմա էլ ընդգծում եմ՝ այս գործողության հիմնական եւ առանցքային թիրախը եւ նպատակը Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է։ Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն են տարածում, որ իրենք հարվածներ են հասցնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների ուղղությամբ՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղը։ Ցավոք, այս նույն տեղեկատվությունը կրկնում են նաեւ մեր մի շարք գործընկերներ, որոնք ասում են, որ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ եւ ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի։ Մեր հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել ներքին եւ արտաքին մի շարք ուժերի վրա, որոնք անպայմանորեն ուզում են, որ Հայաստանը ներքաշեն լայնածավալ գործողությունների մեջ։ Դա տեսանելի է եւ մենք մեր դիրքորոշմամբ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությանը ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են եւ մենք կառավարելու ենք այս գործընթացը որքան էլ հասկանում ենք, որ այս իրադրությունում մեր բոլորի զգացողությունների հուզական եւ այլ բազմաթիվ խնդիրներ։ Մենք չպետք է հնարավորություն տանք, որ որոշ արտաքին եւ ներքին ուժեր Հայաստանի պետականությունը դնեն հարվածի տակ»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ինչպես սպասվում էր՝ հիմա արդեն տարբեր տեղերից հնչում են ընդհուպ Հայաստանում հեղաշրջում իրականացնելու կոչեր․ «Հայաստանի պետությունն ու պետականությունն այս պայմաններում պետք է արձագանքի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իհարկե այս իրավիճակում շատ մեծ բան է կախված ՀՀ քաղաքացիներից, ՀՀ ժողովրդից, որոնք, իմ խորը համոզմամբ, պիտի սթափ, սառը վերաբերվեն ստեղծված իրավիճակին, որքան էլ դա դժվար է»։
Նա հանրությանը կոչ արեց չտրվել սադրանքներին։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ