Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձանզերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր ու վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց, և՛ զինվորական անձնակազմի շրջանում։
Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ (մեկ երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։
Քաղաքացիական բնակչության թիրախավորման, քաղաքացիական օբյեկտների վնասման կամ ոչնչացման դեպքեր արձանագրվել են Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների խաղաղ բնակավայրերում և Ստեփանակերտում։
Կապի համակարգի թիրախավորման և ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով ՄԻՊ աշխատակազմը բախվում է լրջագույն խնդիրների փաստերի հավաքագրվման առումով։
Կարդացեք նաև
Փաստահավաք աշխատանքները շարունակվում են։ Քաղաքացիական բնակչության և օբյեկտների շրջանում արձանագրված վնասների վերաբերյալ հանդես կգանք թարմացվող հաղորդագրություններով։
Իննամսյա շրջափակումից, սովամահության ենթարկելուց և հյուծումից հետո Ադրբեջանի հանցավոր իշխանություններն անցել են Արցախի ժողովրդի ցեղասպանության արյունալի փուլին։
Սա ադրբեջանական շարունակական հանցագործությունների անպատժելիության և միջազգային հանրության անհասցե գործողությունների հետևանքն է։