Եվրամիությունը դատապարտում է ռազմական էսկալացիան շփման գծի երկայնքով և Ղարաբաղի այլ վայրերում։ Նման հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը:
«ԵՄ-ն ցավում է էսկալացիայի հետևանքով մարդկային կորուստների համար։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ Ադրբեջանին՝ դադարեցնել ներկայիս մարտական գործողությունները։ Հրատապ անհրաժեշտություն կա, որպեսզի Բաքուն և Ղարաբաղի հայերը վերադառնան երկխոսության: Այս ռազմական էսկալացիան չպետք է օգտագործվի որպես պատրվակ՝ ստիպելու տեղի բնակչությանն արտագաղթել»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ:
Նա նշել է, որ բռնությունը պետք է դադարեցվի՝ խաղաղության և կարգավորման բանակցությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար։ «Պահանջվում է բոլոր կողմերի իրական հանձնառությունը՝ բանակցությունների արդյունքների ուղղությամբ աշխատելու համար: ԵՄ-ն լիովին ներգրավված է երկխոսությունը հեշտացնելու գործում»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ