Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Ադրբեջանը մեկնարկել է ԼՂ հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան․ ՌԴ մեր գործընկերներից որեւէ տեղեկատվություն չենք ստացել ԼՂ-ում հակահաբեկչական գործողության մասին»

Սեպտեմբեր 19,2023 17:11

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում սկսել է գործողություն բնակավայրեր վերահսկողության տակ առնելու ուղղությամբ։

Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, ասաց, որ Ադրբեջանն այսօր սկսել է Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքի հրետակոծությունը, սկսել է Արցախի դիրքերը վերահսկողության տակ առնելու ուղղությամբ գործողությունը։

Փաշինյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հետ ՀՀ կառավարությունը կապի մեջ է, չնայած, որ կապի որոշակի խնդիրներ կան, եւ ընդհանուր տեղեկությունն այն է, որ սկզբում ամենատարբեր, այդ թվում՝ հրթիռային հրետանային միջոցներով հարվածներ են հասցրել ԼՂ տարածքին, այնուհետեւ մի քանի ուղղություններից ցամաքային գործողություններ են սկսել ընդդեմ Լեռնային Ղարաբաղի։ Այս ընթացքում, ըստ Փաշինյանի, Ադրբեջանը գործողությունների տեղեկատվական ուղեկցում է իրականացնում։

«Մեզ համար տարօրինակ եւ տարակուսելի էր տեղեկությունը, որը Ադրբեջանն այդ գործողությունների մեկնարկի մասին պաշտոնապես տեղյակ է պահել Ռուսաստանի Դաշնությանը, իհարկե՝ սա Ադրբեջանի վարկածն է։ Սակայն փաստն այն է, որ մենք գոնե այդ գործողության մասին ՌԴ-ի մեր գործընկերներից որեւէ տեղեկատվություն չենք ստացել»,-ասաց Փաշինյանը։

Փաշինյանի ներկայացմամբ՝ ասել, որ այս իրադրությունն անկանխատեսելի էր, չի կարելի, որովհետեւ ակնհայտ էր իրադրության լարումը, նաեւ ՀՀ ԱԳՆ-ն է իր հայտարարության մեջ նշել այդ մասին, ընդգծվել է, որ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպումը ԼՂ-ի դեմ ռազմական գործողությունների դիվանագիտական նախապատրաստումն էր։

«Մենք ԱԽ ընդլայնված նիստ ենք հրավիրել ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի մասնակցությամբ, քննարկել ենք իրադրությունը։ Պիտի արձանագրենք, որ այսպիսով Ադրբեջանը մեկնարկել է ԼՂ հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան։

Մենք կարծում ենք, որ առաջինը ՌԴ խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն եւ ՄԱԿ-ի ԱԽ-ից նույնպես ակնկալում ենք, որ միջոցներ կձեռնարկի։

Այս ընթացքում կան մեկնաբանություններ, որոնք տեղի ունեցող գործընթացը փորձում են կապել Հայաստանի Հանրապետության այս կամ այն որոշման հետ։ Ուզում եմ կրկնել՝ Հայաստանի Հանրապետությունը որեւէ մեկին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել եւ մեր մշտական խնդիրը եղել եւ մնում է ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության ապահովումը։ Դա է եղել մշտապես օրակարգում։

Տարօրինակ է Ադրբեջանի այն հայտարարությունը, թե մարդասիրական միջանցք են թողնելու խաղաղ բնակչությանը ԼՂ-ն լքելու համար։ Սա էթնիկ զտումների ուղիղ գործողություն է։ Ինչ է տեղի ունենում, եթե իրենք հայտարարում են այսպես կոչված հակաահաբեկչական գործողության մասին, եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին եւ քաղաքացիներին հարված չի հասցվում, այդ դեպքում հարց է ծագում՝ ինչու են նրանք հայտարարում մարդասիրական միջանցք բացելու մասին։ Եթե նրանց ասածը իրականության հետ կապ ունենար, հակառակը՝ պիտի քաղաքացիներին հորդորեին պատսպարվել, մնալ ապաստարաններում եւ դուրս չգալ այնպիսի վայրեր, որտեղ նրանք ակամա կարող են խոցվել։ Ադրբեջանը, որ փորձում է զարգացնել այդ տրամաբանությունը, ցույց է տալիս էթնիկ զտման կոնկրետ գործողության մեկնարկը»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930