«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ Արցախի ուղղությամբ ադրբեջանական հարձակմանը։
Հարցին, թե ինչի գործողություններ պետք է անել այս իրավիճակում, նա պատասխանեց․ «Ես մեկ անգամ՝ 1992 թվականին, երբ հանձնեցին Գետաշենը, Մարտունաշենը, Մարտակերտը, փորձեցի կանգնեցնել, եւ արդյունքում խորհրդավոր կերպով կռվի դաշտում մեծ թվով մարդիկ զոհվեցին։ Եթե պետությունը չի ցանկանում, որ դու կռվես, ի՞նչ կարող ես անել։ Այն ժամանակ էլ պետությունը չէր ցանկանում, բայց մենք կռվում էինք եւ ահագին հաջողություններ էինք արձանագրում։ Եթե պետությունը չի ցանկանում կռվել, դու ոչ մի բան էլ չես կարող անել, ես պարզ ասում եմ»։
Մանվել Եղիազարյանը նշեց, որ նորմալ պետությունը հիմա պետք է մոբիլիզացիա հայտարարեր, բոլորին ոտքի հաներ։ «Մենք պատրաստ ենք ոտքի կանգնել։ Կարեւոր չէ՝ ով է թալանել, ինչ է թալանել, մենք հայրենիքի համար ենք խաչվել, պատրաստ ենք ոտքի կանգնել։ Շատ մարդ էլ մեզ պետք չէ, 15-20 հազար մարդ պետք է փողոց դուրս գա, պահանջի դադարեցնել այդ քաղաքականությունը, հո միայն Արցա՞խը չէ Ադրբեջանի առաջ։ Դա պետք է պետությունը կազմակերպի, որ մենք կարողանանք հանգիստ պաշտպանել մեզ։ Ռուսներին էլ ասում ենք՝ եթե դուք արցախցիներին չեք պաշտպանում, կարող եք գնալ ձեր երկիր, մեր ինչի՞ն եք դուք պետք։ Եթե Արցախն այսօր վտանգի մեջ է, դուք չեք պաշտպանում, մենք ինչո՞ւ ենք ձեզ պահում ու կերակրում»,- ասաց նա։
Մանվել Եղիազարյանը հավելեց, որ մենք պաշտպանվելու ներուժ ունենք։ «Մեր մի մասին մորթում են աշխարհի աչքի առաջ, միայն Արցախի հարց չէ։ Մենք աննամուս մարդիկ ենք երեւում աշխարհում, մենք աննամուս ժողովուրդ ենք։ Իսկ աննամուս ժողովուրդը ոչ մի առաքինի գործ չի կարող անել»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանվել Եղիազարյանը նաեւ նշեց, որ սա Արցախի հարցը չէ, եթե այսօր չպաշտպանենք Արցախը, վաղը նույնը Սյունիքի հետ է լինելու։ «Մարդիկ արդեն իմունիտետ են ձեռք բերել, նրանց համար միեւնույն է՝ ինչը կտանք, միայն թե ինքը չխառնվի ոչ մի բանի ու մեծ-մեծ խոսի։ Առաջին պատերազմի ժամանակ էլ է այդպես եղել, ուղղակի մեր բախտը բերեց, որ աշխարհը հարձակվել էր Խորհրդային միության վրա, մեզ հետ զբաղվելու ժամանակ չուներ, դրա համար մենք կարողացանք մի բան փոխել։ Բայց այսօր արդեն աշխարհում լրիվ ուրիշ իրավիճակ է, մենք ուզենք, թե չուզենք, պատերազմելու ենք։ Եթե չպատերազմենք, ոչխարի պես մորթվելու ենք, եթե պատերազմենք, տղամարդավարի կարող ենք զոհվել։ Ամբողջ աշխարհն է պատրաստվում պատերազմի, նույն Առաջին աշխարհամարտի նման մենք կանգնելու ենք մեկ հակառակորդի դեմ։ Եթե մենք կանգնենք, հանգիստ կարող ենք մեզ պաշտպանել։ Այս ամենը որոշված է, էտապ-էտապ հանձնում ենք, հիմա Արցախի վրա են հարձակվել, վաղը նույնկերպ հարձակվելու են Զանգեզուրի վրա»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ