Լրահոս
Օրվա լրահոսը

Արյունոտ աթոռ՝ Հանրապետության հրապարակի կենտրոնում. Ադրբեջանագետը միայնակ ցույց արեց

Սեպտեմբեր 19,2023 13:26

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածում՝ գորգի վրա փորձում էի իրականացնել «Արյուն՝ հանուն աթոռապաշտպանության» սոցիալական-տեղեկատվական իրազեկման ակցիան: Այդ մասին նա նախապես տեղեկացրել էր ֆեյսբուքի իր էջում:

«Իմ նպատակը հանրությանը տեղեկացնելն է, որ այսօր Հայաստանը գտնվում է կիսաարյունալի վիճակում՝ Նիկոլի վարած քաղաքականության արդյունքում: Աթոռը խորհրդանշում է 44-օրյա պատերազմի արյունը, իսկ պաստառը՝ թուրքական իշխանության հետ սիրախաղը: Այս աթոռը՝ մաշված եւ արյունոտ, խորհրդանշում է Հայաստանի այսօրվա վիճակը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գառնիկ Դավթյանը:

Նրան մոտեցան ոստիկաններ եւ հարցրին՝ արդյոք թույլտվություն ունի գորգի վրա ցույց անելու: «Միայնակ իրականացնում եմ իրազեկման ակցիա, համաձայն Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի, եւ կարող եմ չտեղեկացնել»,-ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետը: Ոստիկաններն ասացին, որ գորգի վրա չի կարելի բողոքի ցույց անել: «Ի՞նչ իրավունքով»,-հարցրեց Գառնիկ Դավթյանը: Սպասի կասեմ՝ ասաց ոստիկանը:

«Այսօր շատ կարևոր իրավիճակ է Հայաստանում, եւ եթե այսպես շարունակվի, շատ կարճ ժամանակահատվածում բոլորս դառնալու ենք 44-օրյա պատերազմի զոհերի շարունակությունը: Այսինքն` լինելու է այնպիսի քաղաքական եւ պատերազմական իրավիճակ, որ Հայաստանի իրավիճակը նմանվելու է այս աթոռին, որը խորհրդանշում է Նիկոլի վարած քաղաքականության հետևանքով Հայաստանի կարգավիճակը:

Կոչ եմ անում ոտքի կանգնել, չենթարկվել թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին: Մենք ունենք սահմանային եւ Արցախի հետ կապված լրջագույն խնդիրներ, ու Արցախի անտեսումը եւ ներկա իրավիճակը մեզ բերելու են երկրորդ ցեղասպանության: Թուրք-ադրբեջանական տանդեմը սպասարկող այսօրվա քաղաքական իշխանությունը նման վիճակ է ստեղծել մեր պետության եւ պետականության համար»,-ասաց Գառնիկ Դավթյանը:

Ոստիկաններից մեկը կրկին ընդհատեց նրան եւ ասաց, որ չի կարող նշված տեղում բողոքի ցույց կամ իրազեկման գործողություններ անել։ Միայնակ ցուցարարը պահանջեց հիմնավորել: Նրան ասացին, որ գորգը մեր երկրի խորհրդանիշն է: «Որ համերգներ են անցկացվում, դա սիմվոլի խախտում չի՞»,-հարցրեց Գառնիկ Դավթյանը: Ի վերջո, նրան ուժով հեռացրին Հանրապետության հրապարակից՝ չներկայացնելով դրա համար համապատասխան իրավական հիմքը:

«Ինչո՞ւ Նիկոլը կարող է ճամփա փակել, ես չե՞մ կարող բողոքի ցույց իրականացնել»,-զայրացավ ադրբեջանագետը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930