«Մեր ընտրողը ավագանիում այսօր ներկայացված ուժերի հետ կոալիցիաներ կազմելու մանդատ մեզ չի տվել: Մենք առաջին հերթին պատասխանատու ենք հենց մեր ընտրողի առաջ»,- այսպիսի գրառում է կատարել «Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի ավագանու անդամի թեկնածու Գրիգոր Երիցյանը՝ անդրադառնալով իրենց որոշմանը, որը հայտարարեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Այս հայտարարությունից հետո քննադատությունների շղթա սկսեց Հայկ Մարությանի և նրա թիմակիցների հասցեին։
Գրիգոր Երիցյանի գրառումը ևս միանշանակ չընդունվեց։ Օգտատերերը գրառման ներքո արտահայտել են իրենց «կողմ» և «դեմ» կարծիքները։
«Հանուն ընդհանուր սկզբունքի կոալիցիա կազմելու մեջ ոչ մի սրբապիղծ բան չկա, հետևաբար կապ չունի՝ ում հետ կոալիցիա կկազմեք»
Օգտատերերից մեկի կարծիքով՝ «Կարևորը Մարությանը լինի քաղաքապետ, թեկուզ կոալիցիա կազմելու միջոցով, անընդունելի կլիներ, եթե Մարությանը այլ ուժի աջակցեր»։ Մեկն էլ գրել է․ «Մյուսները չգիտեմ` ես ձեզ եմ ձայն տվել ու հիմա ակնկալում եմ, որ կոալիցիա կազմեք․․․կարող եք չհակասող սկզբունքների համադրության շուրջ էլ համաձայնության գալ»։
Կարդացեք նաև
Գրիգոր Երիցյանի այն պնդմանը, «Մենք էլ գրեթե նույնն ենք առաջարկում․ համաձայնության գալ քաղաքապետի թեկնածուի շուրջ, հեռացնել ՔՊ-ին՝ առանց կոալիցիաների», օգտատերն այսպես է արձագանքել․ «Դա նույնը չեղավ`դուք իրենց ձայնը ուզում եք, իսկ փոխարենը ոչինչ չեք տալիս։ Ակնհայտ անընդունելի բան եք առաջարկում մյուսներին այն պայմաններում, երբ մյուսներն առանձնապես մեծ ակնկալիքներ չունեն»։
Մեկ այլ օգտատեր էլ նշել է․ «Հանուն ընդհանուր սկզբունքի կոալիցիա կազմելու մեջ ոչ մի սրբապիղծ բան չկա», մեկ ուրիշն էլ թե՝ «Գրիգո′ր, դու քաղաքագիտության բնագավառում բարձրագույն կրթություն ունես ու կարծում եմ ինքդ հասկանում ես՝ քո ասածն ընդհանրապես կապ չունի քաղաքագիտության հետ։ Ուժերից ոչ մեկը չի հավաքել 50+1, հետևաբար իշխանություն ձևավորվում է կոալիցիայով։ Ընտրողը ձեզ ընտրել է, որպեսզի ձևավորեք իշխանություն»։
«Ազգային առաջընթաց»-ին ձայն տված մի օգտատեր էլ զգուշացրել է․ «Ես ձեզ ձայն եմ տվել ընկերներիս ու ընտանիքիս անդամների հետ, ես չեմ ընդունել Սերժ ու Քոչարյան երբևէ կամ Դոգ, բայց ես՝ որպես ձեր ընտրող, լիովին կհասկանայի Հայկի նման քաղաքական քայլը: Էսօրվա խնդիր չի մեր առաջ դրված, հիմա սա շանս է Նիկոլին հանելու, որին, ըստ էության, Հայկը պատրաստ չի։ Եթե ևս մեկ ընտրություն լինի` մենք վստահ չենք, որ ձեզ կընտրենք, ինչքան էլ ազնիվ ու վստահելի ուժ լինեք: Էս պահին հարցը մենակ Երևանը չի»։
Օգտատերերից մեկն էլ նշել է․ «Ձեր ընտրողը ձեզ քվե է տվել պատասխանատվություն վերցնելու համար, որի իրացման ձևերից մեկը կարող է կոալիցիա կազմելը լինել՝ այս կամ այն հարցը լուծելու համար»։
Օգտատերերից մեկն էլ բավականին կոպիտ է արտահայտվել․ «Ձեր ընտրողը քաղաքային իշխանությունը սկուտեղի վրա ԹՔՊ-ին մատուցելու մանդատ էլ չի տվել ձեզ։ Ամո՛թ»։
«Ձեր ընտրողը ձեզ ընտրել է՝ որպես ընդդիմություն։ Ընդդիմության հիմնական խնդիրը իշխանափոխության հասնելն է․ դա դասագրքային ճշմարտություն է։ Քվեի հետ էլ ձեր ընտրողը առանձին ցանկ չի տվել, թե կոնկրետ ինչ հանկարծ չասեք, կոնկրետ ում հետ չհամագործակցեք, ում չասեք բարլուս կամ բարի գիշեր։ Դուք կամ պետք է իրականացնեք որպես ընդդիմադիր դիրքավորված ուժի հիմնական ֆունկցիան քվեներ ստանալուց հետո, կամ պետք է ընդունեք, որ չեք կարողանում կամ չեք ուզում։ Երկրորդ դեպքում, ես վստահ եմ, հետագայում ձեզ չի ընտրի երեկ ընտրածների 1/5-րդն անգամ։ Քանզի ընտրել էին ոչ թե անձնապես ձեզ, այլ ձեր մեջ տեսած շանսը, որը դուք կարծես թե հաճույքով «պրավալ եք տալիս»,– տեսակետ է հայտնել մի օգտատեր։
Մի օգտատեր էլ այսպիսի կարծիք է հայտնել․ «Այսինքն` Հայկոն դարձավ Նիկոլի ՕԵԿ-ը։ Արդեն կասկածները հաստատվում են, որ Հայկո-Նիկոլ կոնֆլիկտը բեմականացում էր ու այս օրվա համար էին խաղում։ Դե հա, Հայկոն նորմալ դերասան է․ էլ խաղալու իմաստ չկա միանգամից ՔՊ հետ կոալիցիա կազմեք ու Ավինյանին ընտրեք քաղաքապետ»։ Գրիգոր Երիցյանը հակադարձել է․ «Կոալիցիայի գնանք՝ ասելու եք Քոչարյանի պրոյեկտն ա, չգնանք՝ Նիկոլի պրոյեկտն ա…ինչ էլ անենք էս իրավիճակում, հասարակության ու մեր ընտրողի մի մասի կողմից չի ընդունվելու: Մենք առաջարկել ենք ընդդիմադիրներին, որ աջակցեն մեզ ստանձնելու քաղաքային կառավարումը և հեռացնելու ՔՊ-ին: Եթե դա իրենց իրական նպատակն է, պետք է համաձայնեն»։
Առաջարկը տեղին է: Դուք նախընտրական խոստում եք տվել, որ չեք միավորվի «նախկինների» և ներկաների հետ
Օգտատերերի մյուս խումբն էլ կարծում է, որ Հայկ Մարությանի և նրա թիմի առաջարկը տեղին է․ պարզապես չեն կարողացել ճիշտ հասցնել տեղ։ Նրանցից մեկը գրել է․ «Կարծում եմ՝ առաջարկը տեղին է: Դուք նախընտրական խոստում եք տվել, որ չեք միավորվի «նախկինների» և ներկաների հետ: Առաջարկի էությունը լավ չեք հասցնում: Դրա համար էլ թյուրըմբռնում կա»։
Օգտատերերից մեկն էլ նշել է․ «Նպատակը արդարացնում է միջոցը պնդման հետ ես համամիտ չեմ, ինքս չէի կարողանա այդ միջոցով դառնալ քաղաքապետ, ուստի հասկանում, ընդունում եմ ձեր որոշումը։ Թող մյուս կուսակցությունները որոշեն՝ Հայկոյին են ընտրում, թե թողնում են, որ Տիկոն դառնա քաղաքապետ։ Գնդակն իրենց դաշտում է»։
Գոհ մնացած օգտատետերից մեկն էլ գրել է․ «Ես կընդունեի որպես ձեր ընտրող…Բայց էս քայլը 100% լավագույն քայլն էր էս իրավիճակում, որովհետև կոալիցիայի մասին հայտարարելը դեռ չի նշանակում, որ էդ կոալիցիան արդյունքում կլինի կամ կլինի ամբողջ կազմով ու կունենա բոլոր 33 անհրաժեշտ մանդատները, իսկ ռեյտինգային կորուստները շատ կլինեին։ Ու եթե էդ 33-ից մեկը ճամբար փոխեր վերջին պահին, լրիվ անիմաստ սամաստրել կդառնար։ Իսկ էս քայլը ցանկացած պարագայում ձեր քաղաքական կշիռը ավելացնելու է, անգամ, եթե Հայկոն քաղաքապետ չդառնա։ Ի վերջո, քաղաքապետ դառնալը ինքնանպատակ չէ, ոչ էլ վերջնանպատակն է»։
Մի օգտատեր էլ հիշեցրել է․ «Հայկն ինքն է հայտարարել, որ նախկինների ու ներկաների հետ չի միանա, էնպես որ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ