Վիետնամում՝ Հանոյում, անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 9-րդ գլոբալ համաժողովին մասնակցել է աշխարհի 179 երկիր: Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը խորհրդարանականներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը:
«Մենք՝ որպես երիտասարդ խորհրդարանականներ, հավաքվել ենք՝ մասնակցելու քննարկումների, որոնք կարեւոր նշանակություն ունեն մեզնից յուրաքանչյուրի համար:
Ներկայում մարդկային արարումներն ամբողջովին ձեւավորվում են թվային վերափոխման եւ նորարարության միջոցների շնորհիվ՝ դրանք անփոխարինելի դարձնելով մեր առօրյա կյանքում եւ մասնագիտական ոլորտում: Այս նստաշրջանին մասնակցելով՝ մենք ուշադրությունն ուղղում ենք մշակութային բազմազանության խթանման կարեւորագույն թեմային՝ որպես կայուն զարգացման հիմքում ընկած հիմնարար հենասյուն:
Այսօր մշակութային բազմազանության իրացումը մնում է դժվար հասանելի նպատակ բազմաթիվ տարածաշրջաններում, մասնավորապես՝ հակամարտությունների գոտիներում: Դրա օրինակներից մեկն է Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությունը, որտեղ բնակչությունը զրկված է կրթության հիմնարար իրավունքից: Հետեւաբար, հրամայական է, որ մենք ընդգծենք բոլորի համար կրթության համընդհանուր հասանելիության ապահովման կարեւորությունը նույնիսկ նման դժվարին հանգամանքներում:
Կարդացեք նաև
Covid-19-ից հետո ավելի ու ավելի դժվար է դարձել կրթությունը պատկերացնել առանց թվային տեխնոլոգիաների ինտեգրման:
Ցավոք, իրադրությունն ավելի է սրվում Ղարաբաղում բնակվող 20.000 սովորողների համար, որտեղ նրանց հասանելիությունն այս կարեւոր թվային ռեսուրսներին սահմանափակված է Ադրբեջանի կողմից:
Ցավով եմ հայտնում այն մտահոգող փաստը, որ 2022 թվականի դեկտեմբերից սկսած արդեն ինը երկար ամիսներ Ադրբեջանը շրջափակման է ենթարկել 120.000 էթնիկ հայերի՝ զրկելով նրանց կենսական անհրաժեշտության սնունդից, առաջին անհրաժեշտության դեղորայքից եւ վառելիքից: Ավելին, այդ մարդիկ դիմանում են գազի, էլեկտրաէներգիայի եւ ինտերնետ ծառայությունների պարբերական ընդհատումներին: Այս իրավիճակը ոչ միայն կրթության իրավունքի լուրջ խախտում է, այլ նաեւ խաթարում է կայուն զարգացման եւ մշակութային բազմազանության սկզբունքները:
Թվային վերափոխման այս դարաշրջանում, երբ տեղեկատվությունը հասանելի է համընդհանուր մասշտաբով, հուսահատեցնող է Լեռնային Ղարաբաղի երիտասարդության կայուն զարգացման խոչընդոտին ականատես լինելը:
Սա իրականություն է ժամանակակից աշխարհում, որը միջազգային ուշադրության, կարեկցանքի եւ հավաքական գործողությունների կոչ է անում՝ այս անարդարությունը շտկելու եւ տուժածների ապագան պաշտպանելու համար»,- նշել է Հասմիկ Հակոբյանը:
ՀՀ ԱԺ