Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք ցույց են տվել աշխարհին, թե ինչ է նշանակում լինել մարդասեր». հայտնի են 2024 թ. «Ավրորայի» հերոսները

Սեպտեմբեր 19,2023 11:47

2024 թ. «Ավրորա» մրցանակին են հավակնում մերօրյա հերոսներ Բահրեյնից, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից եւ Իրանից Մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի Լոս Անջելեսում 2024 թ. մայիսին

Սեպտեմբերի 19, 2023 թ., Նյու Յորք. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այսօր հայտարարեց 2024 թ. «Ավրորայի» հերոսների անունները «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության (CGI) ամենամյա միջոցառման ընթացքում: Այս հերոսներից մեկը կդառնա 2024 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր. շնորհման արարողությունը տեղի կունենա 2024 թ. մայիսին Լոս Անջելեսում (Կալիֆորնիա, ԱՄՆ): 2024 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը կստանա 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու եզակի հնարավորություն՝ աջակցելով կարիքի մեջ գտնվող մարդկանց:

«Մենք ուրախ ենք հայտարարել այն երեք բացառիկ անհատների անունները, որոնց ընտրել ենք որպես 2024 թ. «Ավրորայի» հերոսներ: Նրանք տարբեր են իրենց կենսափորձով, բայց նրանց միավորում է մարդկությանը ծառայելու նվիրումը: Նրանցից յուրաքանչյուրը ցուցաբերել է արտասովոր խիզախություն եւ նվիրվածություն՝ օգնելով այլոց վտանգավոր իրավիճակներում՝ մի կողմ դնելով սեփական անվտանգությունն ու բարեկեցությունը»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին: -«Իրենց գործունեությամբ նրանք ցույց են տվել աշխարհին, թե ինչ է նշանակում լինել մարդասեր»:

2024 թ. «Ավրորայի» հերոսներն են.

  • Աբդուլհադի ալ-Խավաջա (Բահրեյն/Դանիա)՝ մարդու իրավունքների պաշտպան, որը խիզախորեն պաշտպանել է Բահրեյնի ամենախոցելի համայնքների իրավունքները, հատկապես նրանց, ում իրավունքները պարբերաբար խախտվել են: Աբդուլհադի ալ-Խավաջան մի քանի անգամ ձերբակալվել է, այդ թվում՝ 2011 թ. Բահրեյնի ապստամբության ժամանակ խաղաղ ցույցեր առաջնորդելու համար: Որպես հետեւանք՝ զինվորական տրիբունալը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման։
  • Դենիս Մուկվեգե (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)՝ գինեկոլոգ եւ մարդու իրավունքների պաշտպան, որը 1999 թվականից բժշկական օգնություն է տրամադրում պատերազմի ժամանակ սեռական եւ գենդերային բռնության ենթարկված կանանց, պայքարում գենդերային հավասարության եւ բռնաբարությունը՝ որպես պատերազմի զենք, Կոնգոյում եւ ամբողջ աշխարհում վերացնելու համար։ Բժիշկ Մուկվեգեն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ 2018 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի:
  • Նասրին Սոթուդե (Իրան)՝ մարդու իրավունքների պաշտպան, որը 2003 թվականից հանդես է գալիս որպես փաստաբան՝ ներկայացնելով իրանցի ընդդիմադիր գործիչների, երիտասարդ բանտարկյալների եւ կանանց իրավունքների պաշտպանների շահերը, այդ թվում՝ այն կանանց իրավունքները, որոնք ձերբակալվել են Իրանում պարտադիր գլխաշոր (հիջաբ) կրելու դեմ բողոքելու համար: Իր գործունեության պատճառով Նասրին Սոթուդեն բազմիցս բանտարկվել է, այդ թվում՝ պատիժ կրել նաեւ մենախցում:

«Այս տարի ստացել ենք ավելի քան 700 հայտ, եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը պետք է դժվար ընտրություն կատարեր՝ այդ բացառիկ անհատներից առանձնացնելով երեքին»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը: -«Այս երեք  մարդասերներն անվախ են իրենց գործում՝ աներեւակայելի հանգամանքներում օգնելով այլոց, եւ մեզ համար պատիվ է աշխարհին պատմել նրանց գործունեության եւ ունեցած ազդեցության մասին»:

2024 թ․ «Ավրորա» մարդասիրական մրցանակի առաջադրումների փուլում, որը տեւեց 2022 թ. հունիսի 1-ից մինչեւ 2023 թ. մայիսի 31-ը, ներկայացվել է 732 հայտ՝ ներառելով 675 հերոսի առաջադրում: Հայտերը ստացվել են 75 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ, Քենիա, Հայաստան, Նիգերիա, Գերմանիա, Պակիստան, Կանադա, Հնդկաստան, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Վրաստան եւ Իրան:

«Զարմանալիորեն մեծ է մարդասիրական աջակցության կարիքն աշխարհի բոլոր անկյուններում, եւ «Ավրորայի» կողմից ճանաչման արժանացած յուրաքանչյուր անհատ շոշափելիորեն փոխում է նրանց կյանքը, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը, եւ սա ոգեշնչում է մեզ բոլորիս»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Լուիզ Ռիչարդսոնը:

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գլխավոր նախագիծն է, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Մրցանակը ճանաչման է արժանացնում եւ աջակցում  անհայտ հերոսների, որոնք վտանգում են սեփական կյանքը՝ օգնելու մարդասիրական ճգնաժամերի եւ իրավախախտումների հետեւանքով տուժած մարդկանց:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մինչ օրս օգնության ձեռք է մեկնել ավելի քան 2.7 միլիոն մարդու ամբողջ աշխարհում, որոնք տուժել են պատերազմների, հակամարտությունների, տեղահանությունների, հետապնդումների եւ այլ խնդիրների հետեւանքով:

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գլխավոր նախագիծն է, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Մրցանակը ճանաչման է արժանացնում եւ աջակցում նրանց, ովքեր վտանգում են սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այլոց կյանքը, առողջությունը կամ ազատությունը, ովքեր տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով։ Մինչ օրս նախաձեռնությունն օգնության ձեռք է մեկնել ավելի քան 2.7 միլիոն մարդու ամբողջ աշխարհում, որոնք տուժել են պատերազմների, հակամարտությունների, տեղահանությունների, հետապնդումների եւ այլ խնդիրների հետեւանքով:

«Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է ըստ ցուցաբերած խիզախության, նվիրվածության եւ ունեցած ազդեցության: Յուրաքանչյուր դափնեկիր արժանանում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւի եւ ստանում նվիրատվության շղթան շարունակելու եզակի հնարավորություն՝ օգնելով կարիքի մեջ գտնվող մարդկանց:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում են Նոբելյան դափնեկիր Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Լուիզ Ռիչարդսոնը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն, IMAGINE կազմակերպության համահիմնադիր եւ համանախագահ Փոլ Փոլմանը եւ մարդու իրավունքների ակտիվիստ, The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը: Հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին: Պատվավոր համանախագահն է օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին։

Մենք հարգում ենք Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահ, Մարդասիրության «Էլի Վիզել» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր Էլի Վիզելի (1928-2016 թթ.), «Ավրորայի» համահիմնադիր, Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանի (1934-2021 թթ.), խաղաղության եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ, Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Բենջամին Ֆերենցի (1920-2023 թթ.) հիշատակը:

IDeA հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930