Լրահոս
Օրվա լրահոսը

Աղազարյան. «Ես համարում եմ այս ընտրությունների արդյունքները պարտություն». «Հրապարակ»

Սեպտեմբեր 19,2023 10:35

Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, առայժմ դժվար է ասել, փաստ է, որ ՔՊ-ում երեկվանից չկար նախկին էնտուզիազմը, պառլամենտական պոռոտախոսներն ընդհատակ էին անցել, իսկ ավագանու ցուցակի թեկնածուները ցրողական պատասխաններ էին տալիս։

Իր անկեղծությամբ, ինչպես միշտ, փայլեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ում որդին եւս ընդգրկված է Երեւանի ավագանու ցուցակում` 74-րդ համարն է։ «Եթե նույնիսկ մենք Արամ Սարգսյանի հետ կոալիցիա կազմենք եւ ստանձնենք Երեւանի կառավարումը, միեւնույն է, ես համարում եմ այս ընտրությունների արդյունքները պարտություն»,- ասաց Աղազարյանը՝ հավելելով․ «Բայցեւ ես Ձեր ասածի պես ուղիղ իմաստով չեմ ընկալում, թե մենք չենք վայելում հանրության լայն զանգվածների վստահությունը, ճիշտ է` Երեւանի ընտրությունները տարբերվում են ՏԻՄ ընտրություններից, եւ դրանք պետք է ընդունել վստահության հանրաքվե, բայց ես կարծում եմ, որ մեր շատ հայրենակիցներ, ընտրողներ ընդամենը գոհ չեն, դժգոհություն ունեն մեր վարած քաղաքականության նկատմամբ, հետեւաբար՝ մենք պետք է վերլուծենք՝ որտեղ ենք թուլացել, անհրաժեշտ ջանք չենք գործադրել, հետեւություններ անենք, որ մեր նկատմամբ վստահությունը վերականգնենք»։

Աղազարյանի կարծիքով, սա ոչ թե մեկ անձի՝ Տիգրան Ավինյանի պարտությունն էր, այլ՝ իշխող ուժի․ «Սա մեր թիմի անհաջողությունն էր, որից, սակայն, պետք չէ մեծ ողբերգություն սարքել, պետք է ճշգրիտ հետեւություններ անել»։

Միայն Արցախի խնդիրը չէ, որ իշխանության նկատմամբ անվստահություն կա, Աղազարյանը բնական է համարում գրանցված արդյունքները, նրա կարծիքով՝ ցանկացած հեղափոխական իշխանություն չի կարող երկար ժամանակ մնալ իր բարձունքում, որովհետեւ անհնար է իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնք ներկայացրել է ժողովրդին․ «Եկել է այն պահը, որ մեր ընտրողը մեզ նախազգուշացում ուղարկեց, եւ մենք պետք է վերանայումներ անենք: Եվ հետո` ցանկացած վատ բանի մեջ պետք է նաեւ լավը տեսնել, ընտրողն այլեւս ազատ է եւ ոչ մի պարտադրանքի չի ենթարկվում իր ընտրությունը կատարելիս եւ թքած ունի ինչ-որ մեկի` իր իշխանական լծակներն օգտագործելու եւ ցուցադրական ինչ-որ բաներ անելու վրա, որովհետեւ ինքն այդ դեպքում հակառակն է տրամադրվում եւ հակառակն է քվեարկում։ Քաղաքացին ազատ է, որեւէ մեկին որեւէ բանի համար ձայն չի տալիս, քվեարկում է իր խղճով»,- ասաց նա՝ ակամայից խոստովանելով, որ պարտադրանք է եղել ընտրողի վրա:

Աղազարյանը, սակայն, հույս ունի, որ իրենք կստանձնեն Երեւանի կառավարումը․ «Ջրեր կհոսեն՝ ջրվեժի նման, բանակցություններ կլինեն, չենք կարող այդքան ձայն հավաքել, ․․․․Ի վերջո, բոլորս գիտենք՝ ովքեր են Հայկ Մարությանի էլեկտորատը, նրանք մեզնից հիասթափվածներն են, բայց դա չի նշանակում, որ իրենք կողմ կլինեն միավորվել Քոչարյանի թեկնածուի՝ Թեւանյանի հետ: Իրենք արդյոք պատրա՞ստ են միավորվել, խիստ կասկածում եմ, ուստի չեմ բացառում, որ մեր թեկնածուն երկրորդ փուլում ընտրվի քաղաքապետ»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930