Երևանի ավագանու այս ընտրություններում արձանագրվեց մի ցուցանիշ, որի դեպքում խամրում են բոլոր ուժերի ստացած ձայները, տոկոսները, մանդատները… Խոսքը, թերևս կռահեցիք, ընտրողների ընդգծված պասիվության մասին է. ավելի քան 800 հազար գրանցված ընտրողից քվեարկության գնացել է ընդամենը 234 436 մարդ, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի հազիվ 28,44 տոկոսը: Սա, հիրավի, մասնակցության աննախադեպ ցածր ցուցանիշ է: Դժվար է մտաբերել նման ընդգրկման մեկ այլ ընտրություն, որին այդքան քիչ մարդ մասնակցի: Եթե նույնիսկ ենթադրենք, որ գրանցված ավելի քան 800 հազար ընտրողի մոտ 10 տոկոսը (մոտ 100 հազար մարդ) այս կամ այն պատճառով բացակայում է Երևանից, միևնույնն է, մասնակցության ցուցանիշը խիստ ցածր է: Մարդիկ չեն ցանկացել, ավելի ճիշտ՝ չցանկացան գնալ ընտրատեղամասեր ու քվեարկել որևէ ուժի օգտին կամ թեկուզ՝ «օգտագործել իրենց քվեաթերթիկը»: Տարբեր պատճառներով: Ընտրողների պասիվությունն, առհասարակ, ձեռնտու է օրվա իշխանությանը, քանի որ այն, ունենալով «վարչական ռեսուրսով» ներգրավվող իր «կայուն ընտրազանգվածը», այդ դեպքում դյուրությամբ է լուծում վերարտադրվելու խնդիրը: Բայց այս հանգամանքին դեռ կվերադառնանք:
Ընտրողների 28,4 տոկոս մասնակցության կամ, եթե կուզեք՝ 72,6 տոկոսի չմասնակցության ցուցանիշը առաջին հերթին շատ կոնկրետ մեսիջ է քաղաքական դաշտին, քաղաքական ուժերին՝ ընդհանուր առմամբ: Առաջին հերթին սա թերևս խոսում է այն մասին, որ մարդկանց մի ահռելի զանգված խորապես հիասթափված է բոլորից, քաղաքական պրոցեսներից, ընտրություններից, առնվազն չի հավատում ընտրությունների միջոցով ինչ-որ բան փոխելու հնարավորությանը, չի վստահում իշխանությանը, չի վստահում ոչ մեկին: Սա, կարծում ենք, պետք է նկատի ունենան և սրանից պետք է որոշակի հետևություններ անեն առաջին հերթին առողջ քաղաքական ուժերը, ընդդիմադիր գործիչները:
Իսկ հիմա ՔՊ-ի ու իր իշխանության մասին: Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրության արդյունքները եկան հաստատելու Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի բացարձակ տապալումը: Ոչ թե սոսկ պարտությունը, այլ հենց տապալումը: Այո, հրապարակված թվերով ՔՊ-ն, այսպես ասենք՝ «առաջին տեղում» է, կարող է նույնիսկ ինչ-ինչ մանդատային մանիպուլյացիաներով ավագանու միջոցով քաղաքապետ ունենալ, բայց, միևնույնն է, սա իրոք պարտություն ու տապալում է: Ընդ որում՝ օբյեկտիվ, սպասելի տապալում:
…Հաջորդ կարևոր դասը այս ընտրությունների այն էր, որ հույս արթնացավ, թե մեր ընտրողները վերջապես առարկայական կգիտակցեն, որ յուրաքանչյուրի մասնակցությունը ընտրությանը, յուրաքանչյուրի քվեն, ընդ որում՝ ճիշտ գնահատված, «չփոշիացող» քվեն կարող է էական դերակատարում ունենալ, որ «մեկ ա, բան չի փոխվելու» թեզը սնանկ է: Խնդրեմ, քաղաքապետի պաշտոնի ընտրությունը կախված է ավագանու 1 անդամի քվեից: Եվ վերջապես՝ ամենից կարևորն է, որ այս ընտրությունները որոշակի մարմին հաղորդեցին փոփոխությունների հետ կապված հույսերին: Մնում է, որ քաղաքական ուժերը անեն ճիշտ հետևություններ և այնպիսի քայլեր, որոնք կհանգեցնեն համակրանք չվայելող (մեղմ ասած) իշխանության փոփոխությանը:
Կարդացեք նաև
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում