Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային դերակատարները պետք է ապահովեն Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկումը. Արցախի ԱԳՆ

Սեպտեմբեր 18,2023 22:00

Հայտարարություն Արցախ հումանիտար բեռ ուղարկելու կապակցությամբ

2023 թվականի սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրանսպորտային միջոցներով  Լաչինի միջանցքով և Ակնա (Աղդամ)- Ստեփանակերտ ճանապարհով Արցախ է բերվել շուրջ 28 տոննա հումանիտար բեռ, որը պարունակում է ցորենի ալյուր, բժշկական պարագաներ և հիգիենայի միջոցներ: Այս մարդասիրական առաքելությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության և միջազգային միջնորդների մասնակցությամբ երկարատև քննարկումների արդյունք է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը:

Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ Արցախը դեռևս շարունակում է պաշարված մնալ՝ զրկված լինելով Հայաստանից գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումներից և հանրապետության ժողովրդի բնականոն կենսագործունեությունն ապահովելու հնարավորությունից: Անհրաժեշտ է նշել, որ վատթարացող հումանիտար աղետը հնարավոր չէ կանգնեցնել առանց սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների հուսալի և կանոնավոր մատակարարման:

Մարդասիրական բեռի այս առաքումը, որը  կազմում է մինչև շրջափակումն օրական Արցախ  ներմուծվող 400 տոննա ապրանքների 7 տոկոսից պակաս, ո՛չ ծավալով, ո՛չ էլ ներմուծվող ապրանքների տեսականիով չի կարող փոխարինել առևտրային բեռների կանոնավոր ապրանքաշրջանառությունը, որն անհրաժեշտ է Արցախի բնականոն կենսագործունեությունը և բնական զարգացումն ապահովելու համար:

Կրկին ընդգծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային դերակատարները պետք է ապահովեն Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկումը մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների երկու ուղղություններով անվտանգ և անարգել տեղաշարժի համար՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումների:

Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել շրջափակման դադարեցման, ինչպես նաև բնականոն կենսագործունեության և Արցախի ժողովրդի անհատական ու  հավաքական իրավունքների, այդ թվում՝ ազատ տեղաշարժի, առողջության, կրթության և զարգացման իրավունքի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների հետագա վերականգնման մասին:

 

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930