Շիրակի պետական համալսարանի բակում տեղադրվել է հուշակոթող՝ նվիրած ինչպես 1988 թվականի ավերիչ երկրաշարժից, այնպես էլ արցախյան երեք պատերազմներից նահատակված աշխատակիցների, շրջանավարտների, ուսանողների հիշատակին։
Այսօր այն բացվեց 44 օրյա պատերազմին մասնակցած բուհի երեք ուսանողների ձեռամբ։
Ինչպես իր խոսքում նշեց ռեկտոր Երվանդ Սերոբյանը, հուշակոթողը նվիրված է բնական ու արհեստածին աղետների հետևանքով մեզանից հեռացած ընկերների հիշատակին։ Օրը ևս պատահական չէր ընտրված․ այսօր ննջեցյալների հիշատակության օրն է (մեռելոցը):
Կարդացեք նաև
«Հուշակոթողը Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի ուսանողների կողմից կանգնեցվել էր նախկին Լենինգրադյան փողոցի վրա գտնվող մեր նախկին ռազմական ամբիոնի մասնաշենքի բակում՝ ի հիշատակ 1988 թվականի աղետալի երկրաշարժին զոհված «նալբանդյանականների»։
Արդեն 7-րդ տարին է՝ մենք այդ մասնաշենքում դասեր չենք անում և որոշեցինք հուշակոթողը տեղափոխել մեր գլխավոր մասնաշենքի բակ։ Այսօրվանից մենք մեր պարտքն ենք մատուցելու․ հիշելու ենք և՛ աղետալի երկրաշարժից զոհվածներին և՛ մեր բոլոր ուսանողներին, շրջանավարտներին, գործընկերներին, որոնք իրենց կյանքը զոհել են անկախության բոլոր տարիներին հայրենիքի պաշտպանության սուրբ գործում»,-ասաց Երվանդ Սերոբյանը;
Նա նաև նշեց՝ ով արարում ու ստեղծագործում է իր հայրենիքում, նա հայրենիքի պաշտպան է։
«Մեկը դա անում է լսարանում՝ կավիճը ձեռքին, մյուսը՝ դա անում է հաստոցի առաջ, երրորդն անում է՝ զենքը ձեռքին, սահմանը պահելիս։ Ինձ թվում է՝ հայրենիքը միայն այդպես կարելի է սիրել։ Սրանք սոսկ բառեր չեն, դժվար է խոսելն, անչափ հուզված եմ․ կուզենայի, որ այսուհետ մենք միայն ու միայն ուրախության համար կոթողներ կանգնեցնենք, բայց ունենք այն, ինչ ունենք։
Մեզանից յուրաքանչյուրը պիտի հիշի իր պատմությունը, պատմությունը մոռանալ չի կարելի՝ թե՛ հաղթանակները, թե՛ պարտությունները։ Չի կարելի պատմական ժամանակաշրջանին տուրք տալով՝ ինչ-որ բան ջնջել պատմությունից, ինչ-որ բան պահել։
Իտալացիները մինչև այսօր և՛ Գարիբալդիի արձանն են պահում, և՛ Մուսոլինի, դա իրենց պատմության անբաժանելի մասն է։ Մոռանալ պատմությունը, նշանակում է նորից գնալ պատմության դառը դասերի ուղղությամբ։
Ես հույս ունեմ, որ այսօրվանից այն թարմ ծաղիկները, որոնք միշտ դրված են 44-օրյա պատերազմում զոհված մեր տղաների նկարների դիմաց, կդրվեն նաև այս հուշակոթողին։ Կհիշենք նրանց, ու յուրաքանչյուրը իր վարքով, իր ապրելակերպով պիտի անի այն, ինչ չհասցրեցին անել մեր տղաները»,-ասաց բուհի ռեկտորը։
Սառնաղբյուրի հոգևոր հովիվ Տեր Տաթև Մարուքյանն էլ անցկացրեց հոգեհանգստի արարողության կարգ։
«Այս հուշաքարը հիշեցնելու է մեր բոլոր պատերազմներում, մեր հայրենիքի, մեր հավատքի համար նահատակված մեր բոլոր հերոսներին, բայց կարևոր հուշաքարը մեր գիտակցությունն է, որ ամեն մեկս կրում ենք մեր սրտի մեջ։
Հուշաքարերը կարող են տարբեր վայրերում տարբեր լինել, խաչքարեր կարող են լինել, հուշակոթողներ կարող են լինել, ուսումնական հաստատություններում տղաների նկարներով անկյուններ կարող են լինել, բայց կարևորագույն անկյունը մինչև մեր մահը, մինչև խոր ծերություն, դա յուրաքանչյուրիս սրտի անկյունն է, որտեղ ամեն անգամ աղոթքով խնկարկում ենք, աղոթքով հիշում և խոնարհվում ենք նրանց վառ, փառապանծ հիշատակի առջև։
Ի վերջո, մեր կեցությունը և շարունակությունը, որ ապրում ենք, դասավանդում ենք, ուսանում ենք, նրանց շնորհիվ է, նրանց զոհաբերության շնորհիվ է»,- ասաց հոգևոր հովիվը։
Աղոթք բարձրացվեց առ Աստված, բուհի աշխատակիցները ծաղիկներ խոնարհեցին ննջեցյալների հիշատակին, խնկարկեցին։
Հոգևոր հովիվը մի ազդեցիկ պատմություն ներկայացրեց, որն իրեն հոգեհարազատ մարդու վկայություն է․ 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված հոգևորական գնդերեց Նարեկ սարկավագին Եռաբլուրում հուղարկավորելիս՝ ականատես է եղել, թե ինչպես երկնքից Քրիստոսն իջել է, Նարեկի զգեստները փոխել է, սպիտակ զգեստներ հագցրել ու տարել է երկինք։
«Ես շատ հավատում եմ այս վկայությանը, մեր բոլոր տղաները իրենց սպիտակ զգեստներով փառավոր տիրոջ արքայության լույսի մեջ են։ Հուշաքարը մեր համար է, մեր հիշողության, որ չմոռանանք, բայց իրենք իրենց հավիտենական արքայության մեջ են, իրենց համար քար պետք չէ այլևս»,-ասաց Տեր Տաթև Մարուքյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ