«Ազգային առաջընթաց» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա նախ շնորհավորեց երեւանցիներին՝ իշխանության պարտության առիթով. «Երեւանի ավագանիում կա 65 մանդատ եւ այդ մանդատները բաշխվել են հետեւյալ կերպով՝ ՔՊ-՝ 24 մանդատ, մենք՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 8 մանդատ եւ «Հանրային ձայն» կուսակցությունը՝ 7 մանդատ:
Այսինքն, 65 մանդատից իշխանությունն ունի ընդամենը 24 մանդատ: Ընդդիմադիր 4 ուժերը իրար հետ միասին ունեն 41 մանդատ: Քանի որ ե՛ւ ես, ե՛ւ մեր թիմը մշտապես գործել ենք բաց, թափանցիկ, հրապարակայնորեն ներկայացրել ենք մեր բոլոր առաջարկները եւ լուծումները, այս անգամ էլ այդպես ենք ուզում անել: Քիչ առաջ տեղի է ունեցել մեր նորաստեղծ ֆրակցիայի նիստը, նիստի ժամանակ որոշում կայացվեց, հրապարակայնացնեմ՝ մեր առաջարկն է՝ քանի որ այս 4 ընդդիմադիր ուժերը իրար հետ ունեն քաղաքական եւ գաղափարական տարաձայնություններ, մեր ուժը այս ընդդիմադիր ուժերից առաջին տեղն է գրավել քվեարկության շնորհիվ, մենք առաջարկում ենք, որ մենք առաջադրենք քաղաքապետի թեկնածու, խոսքը իմ մասին է եւ մնացած քաղաքական ուժերը՝ առանց որեւիցե կոալիցիաներ կազմելու, առանց որեւիցե պայմանավորվածությունների, առանց որեւիցե ստվերային պայմանավորվածությունների ու նախապայմանների՝ գան եւ քվեարկեն այս թեկնածուի համար:
Ինչու՝ քանի որ մենք ունենք քաղաքական եւ գաղափարական տարաձայնություններ: Սա շատ ազնիվ կլինի թե՛ մեր ընտրողների, թե՛ ամեն մեկս մեր նկատմամբ: Ոչ մեկն իր սկզբունքներից դուրս չի գա, նաեւ գլխավոր նպատակը, այն է՝ ՔՊ-ին զրկել քաղաքային իշխանությունից, այս նպատակը, որը բոլոր ընդդիմադիր ուժերն ունեն, կարող ենք ի կատար ածել»:
Ըստ Մարությանի, ընդդիմադիր խմբակցություններ դառնալով՝ ավագանու անդամները կարող են իրականացնել իրենց վերահսկողական գործառույթը:
Կարդացեք նաև
Մարությանն ուներ նաեւ երկրորդ առաջարկը. «Եթե ինչ-ինչ պատճառով 3 ընդդիմադիր ուժերը չեն համաձայնում մեր առաջին տարբերակին, ապա կարող ենք գնալ նոր քաղաքային ընտրությունների, թող արդեն ժողովուրդը որոշի հետագա ընթացքը»:
Թե ինչպես են դա կազմակերպելու, Մարությանն ասաց, որ առաջին նիստին կարող են քվորում չապահովել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Եղբայր, առաջարկիդ առաջին մասը շատ եսասիրական է։ էլի դու քաղաքապետ եղիր, բայց հուշագիր ստորագրելուց ինչու ես խուսափում։ Դա ամբիցիա է?, թե թագավորության ձգտում։ Կամ էլ առաջարկում ես նոր ընտրություններ, դրանք ում ? են ձեռնտու, իհարկե քպ-ին։ Դու դա լավ գիտես և դրանով նիկոլին ծառայություն ես մատուցում։