Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով է շներին բաց թողել»․ մեմեր եւ հիշողության թարմացում. Ավինյանը` Մարությանի մասին․ «Հանրությունը դեռեւս չի տեսել Հայկ Մարության քաղաքապետի թեկնածուին, որը շատ ուժեղ է»

Սեպտեմբեր 18,2023 20:44

Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները շատերի համար անակնկալ էին։ Այս ընտրությունների անակնկալը թերեւս «Հանրային ձայնն» էր՝ «Դոգ» մականունով ոստիկանության նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանի կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը եւ նույնիսկ մի քանի անգամ ավելի շատ ձայն հավաքել այլ կուսակցություններից։

Վարդան Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ «Հանրային ձայնի» նախագահ, ընտրական ցուցակը գլխավորող Արտակ Գալստյանի նկատմամբ էլ մեղադրանք է առաջադրված։

Անցողիկ շեմը հաղթահարել է նաեւ «Ազգային առաջընթացը», որի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է։ Հիմա սոցիալական ցանցերում մեմեր են տարածվում հիմնականում Հայկ Մարությանի եւ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ։

«Հանրային ձայնն» առաջարկել է կոալիցիա կազմել Մարությանի եւ «Մայր Հայաստան» կուսակցության հետ, ինչի արդյունքում ավագանիում ՔՊ-ն քաղաքապետ ընտրելու բավարար ձայն չի ունենա։ «Մայր Հայաստանն էլ» հայտարարել է, որ դեմ չէ Մարությանի եւ «Հանրային ձայնի» հետ կոալիցիա ստեղծել։

Հիմա քաղաքական ուժերը սպասում են Հայկ Մարությանի պատասխանին։ «Айко, ну говори же, говори».Armcomedy-ին այս մեմն է շրջանառում։ Մարությանը դեռ լռում է։ «Այս ընտրություններից կարծես ամենաշատը դուք շահեցիք։ Ամեն ավագանու նիստը «Արմքոմեդիի երկու հաղորդման նյութ է լինելու»,-մեմին արձագանքել է ճարտարապետ Արսեն Կարապետյանը։

«Welcome to Yerevan, dear star»՝ Բարի գալուստ Երեւան, սիրելի աստղ»․Վարդան Ղուկասյանի նկարով այս մեմը «Լուրեր Դժոխքից» էջից է՝ ի պատասխան վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գրառման։ Ռեփեր Snoop Dog-ի երեւանյան համերգի համար կառավարությունը 6 մլն դոլար է հատկացրել։

«Իսկ կարո՞ղ ա՝ ՔՊ-ն ուղղակի սխալ դոգին ա էն $6.000.000 տվել»․կատակում, կամ էլ երեւի շատ էլ լուրջ կասկածներ են հայտնում օգտատերերը։

Ռեփերն ու Դոգ-Վարդան Ղուկասյանն ընդհանրություն ունեն, մեկը՝ ռեփ է կարդում բնականաբար՝ հայհոյանքներով, մյուսը՝ տասնյակ հազարավոր դիտումներ ունեցող իր տեսանյութերում խոսքը պարտադիր «համեմում» է հայհոյանքներով։

Ու դե այս իրավիճակը ֆեյսբուքյան օգտատերերից Ռուբեն Մուրադյանին հիշեցրել է 2000-ականների հայտնի երգերից մեկը՝ «Who let the dogs out»՝ «Ով է շներին բաց թողել»։

Հանրության շրջանում թյուրիմացաբար թե գիտակցաբար ընկալվող նախկինների համար «թվեր նկարող» ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի նկարով մեմն ամենաշատ շրջանառվողն է՝ «Ասեիք, կանեինք»-ասում է Տիգրան Մուկուչյանը։

Հայկ Մարությանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ կոալիցիա չի կազմելու որեւէ ուժի հետ, առաջարկում է մնացած 4 ուժերին իրեն ընտրել քաղաքապետ, եթե՝ ոչ, ապա արտահերթ ընտրություններ են լինելու։

Մարության-Դոգ համագործակցություն փաստորեն չի լինի։ Այդուհանդերձ, օգտատերերը շրջանառում են քարոզարշավի ժամանակ Հայկ Մարությանին շան հոտոտելու «խորհրդանշական» տեսանյութն ու գրում՝ «սա էր որոշիչ պահը»։

Սոցցանցում «Կարգին հաղորդումից» կադրեր են շրջանառվում Մարությանի կատարմամբ՝ ծուռ գոլ խփելու մասին ու ակնարկում՝ «Եթե որևէ մեկին թվում ա, թե էդ 57 ձայնը չեն փորձել կեղծել, հիասթափեցնեմ՝ էդ էլ են պռավալ տվել ))»։

«Քաղաքացիական պայմանագիրը» թեեւ քարոզարշավին հայտարարում էր, թե 50+1 ձայն կստանան, սակայն հիմա երեւի անչափ մտահոգ են, կամ ինչպես օգտատերերն են գրում՝ «մանթո են» քանի որ ընդամենը 32.57% են հավաքել։

Մեր կողմից էլ հիշեցնենք ոչ մեմի ձեւաչափով, այլ՝ փաստերով` 2018-ի օգոստոսին այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Հայկ Մարությանի մասին ասել է՝«Ինքս քվեարկել եմ Հայկ Մարությանի օգտին: Նա իր նոր դերում հայտնություն է լինելու հասարակության համար։ Հանրությունը դեռեւս չի տեսել Հայկ Մարության քաղաքապետի թեկնածուին, որը շատ ուժեղ է»։

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930