ԿԸՀ-ն վաղը կամփոփի եւ կհայտարարի, թե որ ուժերի կողմից են ներկայացվել վերահաշվարկի դիմումները։
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի կողմից այսօրվա ընթացքում ներկայացվել են վերահաշվարկի դիմումներ։ ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ստացել է 63 դիմում՝ բոլոր 63 տեղամասերում վերահաշվարկի պահանջով։ Թիվ 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 11 դիմում է ստացել՝ 11 տեղամասային ընտրական հանձնաժողովների վերահաշվարկի պահանջով։
Այսօր առավոտյան ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել էր, որ ժամը 12։00-ից վերահաշվարկի դիմումների ընդունման գործընթացը մեկնարկում է, որը շարունակվել է այսօր մինչեւ 18։00-ն, նաեւ շարունակվելու է վաղն առավոտյան՝ 09։00-ից մինչեւ 11։00-ն։ Վերահաշվարկի դիմումներ կարող են ներկայացնել ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի վստահված անձինք։ ԿԸՀ-ն վաղը կամփոփի եւ կհայտարարի, թե որ ուժերի կողմից են ներկայացվել վերահաշվարկի դիմումները
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ