Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցն աստիճանաբար դառնում է օրակարգային. «Արդար Հայաստան»

Սեպտեմբեր 18,2023 18:30

«Արդար Հայաստան» կուսակցության հայտարարությունը Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ

Հարգելի՛ բարեկամներ

Անհատապես մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր օգտին քվեարկած բոլոր քաղաքացիներին։

Թեև այն հանգամանքին, որ «Արդար Հայաստան» կուսակցությունն ընդամենը երկու տարեկան է և 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համեմատ Երևան քաղաքում շուրջ 70 տոկոս ավել ձայն է ստացել, սակայն արձանագրում ենք, որ այս ընտրություններում պարտվել ենք և ընդունում ենք այն՝ շեշտելով, որ պարտությունը չի նշանակում հանձնվել։

Մենք մանրակրկիտ կվերլուծենք, թե ո՞ր հարցերում ենք թերացել, ի՞նչ սխալներ ենք թույլ տվել և կփորձենք առաջիկայում ավելի պատրաստված ներկայանալ մեր հանրությանը՝ ձգտելով մեր նպաստը բերել ինստիտուցիոնալ քաղաքական համակարգ ձևավորելու գործընթացին՝ քաղաքական որոշումների վրա առավել մեծ ազդեցություն ձեռք բերելու վճռականությամբ։

Քարոզարշավի ընթացքում մեր կողմից մատնանշված իրողությունները, մեծ հաշվով, հաստատվեցին։ Մասնավորապես․

-Որևէ քաղաքական ուժ չի ստացել 50+1 տոկոս վստահության քվե,

-«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը, որպես իշխող ուժ, չի վայելում Երևան քաղաքի բնակիչների մեծամասնության վստահությունը,

-Առկա է հավանականություն, որ Երևանում կձևավորվի կոալիցիոն իշխանություն, միաժամանակ առկա քաղաքական հաշվեկշռի պայմաններում չի բացառվում, որ ինչ-որ փուլում նշանակվեն ավագանու նոր ընտրություններ,

-Ընտրություններին մասնակցած Երևանի բնակիչներն ընտրել են իրենց արժանի իշխանություն։

Հարկ է ընդգծել, որ ընտրություններին չմասնակցած մեր հայրենակիցները, ըստ էության, համակարծիք են այսպիսի քաղաքական ներկապնակի ձևավորմանը, հակառակ դեպքում ակտիվորեն կմասնակցեին և որակապես այլ պատկեր կուրվագծեին։

Երևան քաղաքի ընտրողների և մասնակիցների թվի, արձանագրված արդյունքների, ինչպես նաև նախորդ ընտրությունների ժամանակ իշխող ուժի ստացած ձայների համադրությունն ու համակողմանի վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ իշխող քաղաքական ուժը Երևան քաղաքում կրել է ռազմավարական պարտություն, ինչը ենթադրում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցն աստիճանաբար դառնում է օրակարգային։

«Արդար Հայաստան» կուսակցությունը մեր ժողովրդին ցանկանում է խաղաղություն, վաղվա օրվա հանդեպ հույս ու վստահություն՝ արժանապատիվ բարեկեցություն, պաշտպանված, անվտանգ ու արդար Հայաստանի կառուցման հեռանկարով։

Հ․Գ․ Մեր հիմնադրման օրվանից գիտակցել ենք մեր ընտրած ուղու դժվարությունները, չե՛նք հանձնվում, պայքարելու ենք նույն ոգով, գնալու ենք մինչև վերջ։

Վստահի՛ր, հավատա՛, փոխելու՛ ենք․․․

 

«Արդար Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930