Լրահոս
Օրվա լրահոսը

«2018 թվականի համեմատ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի քվեները պակասել են մոտավորապես չորս անգամ». Էդգար Ղազարյան

Սեպտեմբեր 18,2023 16:38

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում վերլուծելով երեկ կայացած Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները՝ արձանագրեց, որ մասնակցությունը աննախադեպ ցածր էր: «28,46 տոկոս մասնակցություն Երեւանում երբեւէ որեւէ համապետական, Երեւանի ավագանու ընտրություններում չի եղել»,-ասաց նա ու որպես ապացույց բերեց 2018-ից սկսած բոլոր ընտրությունների մասին հրապարակված պաշտոնական թվերի համեմատությունը:

«Հիմա ԿԸՀ նախագահը եւ ոմանք ասում են, իբր, ժողովրդավարական պետություններում մասնակցությունը ցածր է: Տխմարություն: Ժողովրդավարությունը հիմնված է ժողովրդի մասնակցության վրա եւ նշանակում է ժողովրդի մասնակցությունը իշխանության ձեւավորմանը: Եթե այդ մասնակցությունը չկա, էլ ի՞նչ ժողովրդավարություն: Մանավանդ, որ հիմիկվա ընտրական համակարգը թույլ չի տալիս քվեարկել «բոլորին դեմ եմ»: Մի ժամանակ կար այդպիսի քվեաթերթիկի ձեւ: Իսկ հիմա քանի որ այդ ձեւը չկա, գնալուց պետք է որեւէ մեկին ընտրես: Եվ եթե 72 տոկոսը չի մասնակցել, դա նշանակում է, որ 72 տոկոսն արդեն քեզ դեմ է: Իսկ Երեւանը ոչ միայն Հայաստանի բնակչության կեսն է, այլեւ ամբողջ բիզնեսն է այստեղ տեղակայված, կրթական ոլորտը, առողջապահությունը…»։

«Հիմա նայենք, թե Երեւանը ինչ վերաբերմունք է ցույց տվել կոնկրետ Նիկոլ Փաշինյանին»,- ասաց բանախոսը: Ու նորից համեմատելով 2018-ից ի վեր նրանց ստացած քվեների կտրուկ նվազման տեմպերը, նշեց, որ արդեն այս տարի Երեւանի ավագանու այս ընտրություններին մասնակցել է ավելի քիչ մարդ, քան 2018 թվականին «Իմ քայլը» դաշինքին ձայն են տվել:

«Այսինքն, 2018 թվականի հետ համեմատ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի քվեները պակասել են մոտավորապես չորս անգամ: Հինգ տարվա մեջ նման հակառեյտինգ աշխարհում երեւի ոչ մի քաղաքական ուժ երբեք չի ունեցել: Եվ դա այն դեպքում, որ իրենք իշխանական կուսակցություն են՝ էսքան հնդիկներով, էս վարչական ռեսուրսով, օրինական ու անօրինական փողերով, քրեական հեղինակություններով, բիզնես միջավայրով, հանրային հեռուստաընկերության բոլոր եթերներով», -թեման եզրափակեց Էդգար Ղազարյանը` հավելելով, որ տեղական ընտրությունները իշխանությունների հրաժարականի պատճառ են դառնում: Եվ օրինակ բերեց Վրաստանը, որտեղ վերջին անգամ վարչապետը հրաժարական է տվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իրենց կուսակցության ցածր քվեների պատճառով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930