Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների արդյունքներից դատելով՝ Հայաստանում կա իրական ժողովրդավարություն. Միքայել Զոլյան

Սեպտեմբեր 18,2023 16:46

Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Զոլյանի ֆեյսբուքյան գրառումը

Ընտրությունների մասին-1

Ես աշխատում էի ներքին քաղաքականության մասին չխոսել, քանի որ որպես նախկին պատգամավոր ունեմ շահերի որոշակի բախում, բայց դե չի ստացվում արդեն չխոսել։ Եվ ուրեմն մի երկու բան ասեմ ընտրությունների մասին։ Սկզբից մի քանի ընդհանուր մտքեր, հետո առանձին պոստով կխոսեմ կոնկրետ ուժերի արդյունքների մասին։

Այս ընտրությունների արդյունքներից դատելով Հայաստանում կա իրական ժողովրդավարություն։ Այս ընտրության արդյունքն այնպիսի արդյունք է, որը կարող էր լինել, որևէ եվրոպական երկրում, օրինակ, Դանիայում կամ Չեխիայում։ Անցյալում մնացին 70-80 տոկոս արդյունքները, որոնք պայմանավորված էին ընտրակեղծիքով կամ հեղափոխական իրավիճակով։  Իհարկե, պետք է հաշվի առնել վարչական ռեսուրսի օգտագործման մասին հաղորդումները և այլ խախտումները, բայց կարևորը արդյունքն է։ Նման արդյունք չի լինում ավտորիտար երկրներում։ Շատ լավ է, որ չկա բացարձակ մեծամասնություն և հիմա կուսակցությունները ստիպված են լինելու պայմանավորվել կոալիցիայի մասին։ Սա  ժողովրդավարական մշակույթի հիմքն է։ Իհարկե, ես անձամբ ավելի հանգիստ կլինեի, եթե ՔՊ-ն ստանար մեծամասնություն, ընկերներիցս ոմանք էլ, երևի, կուզեին, որ Հայկոն ընտրվի, և այլն։ Բայց, ժողովրդավարության զարգացման տեսակետից այս իրավիճակը շատ ավելի արդյունավետ է։

«ՈՒ՞մ է պետք նման ժողովրդավարությունը, եթե մարդկանց մեծ մասը ընտրության չի գնում, Դոգն էլ դառնում է մայրաքաղաքի տիրակալ», կասեն ոմանք։ Դե իսկ ո՞վ էր ձեզ ասել, որ հեշտ է լինելու։ Ինչպես ասում էր վրացի պետական-ռազմական գործիչ, գրող-հրապարակախոս, մանկավարժ և օրենքով գող Ջաբա Իոսելիանին, «демократия это вам не лобио кушать»։ Ընտրությունների արդյունքները կարող են չհամապատասխանել ձեր ցանկություններին և սպասելիքներին, և դա կարող է առաջացնել տհաճ զգացմունքներ։ Քանի որ մեր երկրում տասնամյակներով ընտրությունները կեղծվում էին, մեզնից շատերը սովորել են, որ ինչ էլ անես, ում էլ քվեարկես, մասնակցես-չմասնակցես, հաղթելու է գործող իշխանությունը։ Եվ ուրեմն, կարելի է արձանագրել, որ այդ սկզբունքն այլևս չի աշխատում։ Ընտրվում է նա, ում քվեարկում են։ Օրինակ, եթե քվեարկում են Դոգին, ընտրվում է Դոգը։

Եվ ընտրության ցանկացած արդյունք պետք է հարգել։ Ինչպես ասում էին հռոմեացիները՝ vox populi vox Dei, ձայն բազմաց՝ ձայն Աստծո։ Եթե ընտրությունները չեն կեղծվել, ուրեմն դրանք արտահայտում են մեր հասարակության ներկա վիճակը, և դրանց արդյունքը այն ամենաօպտիմալ արդյունքն էր, որը կարող էր լինել։ Եվ դրա հետ պետք է հաշվի նստել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930