Այսօր հայ մեծանուն գիտնական Վ. Համբարձումյանի ծննդյան օրն է, նա կդառնար 115 տարեկան։ (Վ. Համբարձումյանի ծննդյան օրը Հայաստանում որպես աստղագիտության օր է նշվում 2009թ.-ից սկսած՝ ՀՀ կառավարության որոշման համաձայն):
Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը (1908-1996) XX դարի մեծագույն գիտնականներից մեկն է, Խորհրդային ժամանակների մեծագույն աստղաֆիզիկոսը և ԽՍՀՄ-ում տեսական աստղաֆիզիկայի դպրոցի հիմնադիրը, որը հիմնարար ներդրում է ունեցել աստղագիտության և աստղաֆիզիկայի, տիեզերածնության, տեսական ֆիզիկայի, մաթեմատիկայի և փիլիսոփայության բազմաթիվ ոլորտներում։ Աստղային էվոլյուցիայի և գալակտիկաների միջուկների ակտիվության վերաբերյալ նրա հեղափոխական աշխատանքները բեկումնային եղան աստղաֆիզիկայի զարգացման համար և կյանքի կոչեցին մեր մինչ այդ անփոփոխ թվացող Տիեզերքը:
Համբարձումյանը նաև ուներ գիտության կազմակերպման մեծ ջիղ, նա կարևոր քաղաքական և հասարակական գործիչ էր։ Նա Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) և Երևանի պետական համալսարանների աստղաֆիզիկայի ամբիոնների, Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և «Աստղաֆիզիկա» ամսագրի հիմնադիրն է, ինչպես նաև Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանը զբաղեցրել է Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնը 1946-1988թթ․, Հայաստանի ԳԱԱ նախագահի պաշտոնը՝ 1947-1993թթ, Միջազգային աստղագիտական միության նախագահի պաշտոնը՝ 1961-1964թթ և Գիտական միությունների միջազգային խորհրդի նախագահի պաշտոնը՝ 1968-1972թթ։
Վիկտոր Համազասպի Համբարձումյանը ծնվել է 1908թ. սեպտեմբերի 18-ին Թիֆլիսում (Թբիլիսի): Համբարձումյանը զգալի ներդրում ունի տեսական աստղաֆիզիկայի, աստղերի ու միգամածությունների ֆիզիկայի, աստղաբաշխության ու աստղային դինամիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղերի և գալակտիկաների էվոլյուցիայի բնագավառներում:
Կարդացեք նաև
Աստղերի էվոլյուցիայի վերաբերյալ Համբարձումյանի կատարած հետազոտությունները 1947թ-ին հանգեցրին աստղային համակարգերի նոր տեսակի՝ աստղասփյուռների բացահայտմանը։ Գալակտիկայում աստղասփյուռների՝ դինամիկորեն անկայուն և քայքայվող համակարգերի գոյությունը առաջին դիտողական ապացույցն էր՝ հօգուտ այդտեղ աստղերի այժմ էլ ընթացող ձևավորմանը:
Համբարձումյանը առաջ է քաշել վարկած միջաստղային նյութի և անհայտ բնույթի խիտ նյութով աստղերի՝ նախաաստղերի համատեղ ծագման մասին։ Համբարձումյանի ուսումնասիրությունները աստղերի և աստղային համակարգերի էվոլյուցիայի վաղ փուլերի վերաբերյալ բավականին կարևոր են։ Նա ցույց է տվել, որ էվոլյուցիայի վաղ փուլերում անկայուն վիճակն ինքնաբացահայտվում է՝ լինելով տիեզերածնական գործընթացների կանոնավոր փուլը։ Այս արդյունքների թվում պետք է նշել Գալակտիկայում դրական ընդհանուր էներգիայի աստղային համակարգերի առկայության, աստղային գերմանուշակագույն ճառագայթման ոչ ջերմային բնույթի T Ցուլի տիպի և բռնկվող աստղերի մասին եզրակացությունները։ Համբարձումյանը նոր հիմնարար արդյունքներ է ստացել գալակտիկաների էվոլյուցիայի ուսումնասիրության մեջ։ Առաջին անգամ ցույց է տվել, որ գալակտիկաների կենտրոնական հատվածները՝ նրանց միջուկները, որոշիչ դեր են խաղում գալակտիկաներում նկատվող անկայուն երևույթներում։ Բացի աստղերից և դիֆուզ նյութից դրանք պետք է պարունակեն անհայտ բնույթի խիտ զանգվածով մարմիններ: Գալակտիկական միջուկների ակտիվությունը սահմանում է նրանց էվոլյուցիան: Ներկայումս ակտիվ գալակտիկական միջուկները (ԱԳՆ/AGN) արտագալակտիկական աստղագիտության ամենամանրամասն ուսումնասիրվող մարմիններն են:
Համբարձումյանն արժանացել է մի շարք երկրների պետական մրցանակների, շքանշանների և մեդալների․
- 1940` Հայաստանի ԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում
- 1968՝ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում Լենինի շքանշանի և «Մուրճ և մանգաղ» ոսկե մեդալի հանձնմամբ
- 1968թ.՝ Վրաստանի ԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում
- 1978թ.՝ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում Լենինի շքանշանի և «Մուրճ և մանգաղ» ոսկե մեդալի հանձնմամբ
- 1994թ.՝ Հայրենիքի շքանշան և «Հայաստանի ազգային հերոս»-ի կոչում
- Եվ շատ այլ մրցանակներ։
Վիկտոր Համբարձումյանը վախճանվել է 1996թ. օգոստոսի 12-ին Բյուրականում:
2010թ-ին ստեղծվել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ: Այն աստղագիտության/աստղաֆիզիկայի և հարակից այլ գիտությունների կարևորագույն մրցանակներից մեկն է, որը շնորհվում է ֆիզիկամաթեմատիկական գիտություններում նշանակալի ավանդ ունեցած ականավոր գիտնականներին՝ անկախ երկրից և ազգությունից։
ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱՆԿԱՅՈՒՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Այսօր՝ Հայաստանում աստղագիտության օրը, մեկնարկեց «Անկայուն երևույթները Տիեզերքում» թեմայով միջազգային գիտաժողովը` նվիրված Վիկտոր Համբարձումյանի 115-ամյակին (Վ. Համբարձումյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ը, Հայաստանում որպես աստղագիտության օր է նշվում 2009թ.-ից սկսած՝ ՀՀ կառավարության որոշման համաձայն)։
Գիտաժողովին մասնակցում է ոլորտի 41 մասնագետ և ուսանող Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից։ Մասնակիցներին ողջունեցին ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, ՌԴ ԳԱ Աստղագիտության ինստիտուտից Օլեգ Մալկովը և Պետրոս Մեծի անվան Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանից Մաքսիմ Վինիչենկոն։
Գիտաժողովը կանցկացվի մինչև սեպտեմբերի 21-ը, որի ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին՝
- Ակտիվ Արեգակ և Արեգակնային համակարգ
- Անկայուն երևույթներ աստղերի և միգամածությունների աշխարհներում
- Ակտիվ գալակտիկական միջուկներ և աստղառաջացման բռնկումով գալակտիկաներ
- Գալակտիկաների խմբեր և կույտեր
- Դիտողական և տեսական տիեզերաբանություն
- Աստղաքիմիա, աստղակենսաբանություն և արտարեգակնային մոլորակներ
Նշենք, որ գիտաժողովը կազմակերպվել է Բյուրականի աստղադիտարանի ջանքերով, Հայկական աստղագիտական ընկերության, Հայկական վիրտուալ աստղադիտարանի և Պետրոս Մեծի անվան Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի աջակցությամբ։
Մելինե Ասրյան
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան