Այսօր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի գործով Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում պետք է հարցաքննվեին Սամվել Բաբայանը, Արգիշտի Քյարամյանը եւ Գարեգին Չուքասզյանը: Սակայն որեւէ մեկը չէր ներկայացել դատարան: Քյարամյանը միայն դիմում էր գրել ու հայտնել էր, որ շատ մեծ զբաղվածություն ունի:
Նիստում Իսագուլյանի պաշտպան Աննա Ծառուկյանը հորդորեց բերման ենթարկելու որոշում կայացնել, այլապես տարիներով չի ներկայանա դատարան, դատավորը մերժեց՝ ասելով, որ դատարանը պատշաճ ծանուցում է, իր գործն անում է ու դա բավարար է: Դատարանը թույլ չտվեց նիստի ժամանակ տեսանկարահանել կամ լուսանկարել:
Հիշեցնենք, որ Գառնիկ Իսագուլյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ հակառակորդի 400 հոգանոց խումբը Հադրութ քաղաք է մտել թիկունքից՝ Նախիջևանից, Քաջարանով անցել է Արցախ և առանց խոչընդոտ գնացել մինչև Հադրութի թիկունք։ Բացի այդ՝ նշել էր, որ ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արգիշտի Քյարամյանը անձնագրային բաժանմունքների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագիր է բաժանել հայերեն իմացող ադրբեջանցիների. «Երբ թուրքական ստորաբաժանումները մտել են Շուշի, դրանից մեկ օր հետո Շուշին ազատագրվել է, սակայն հետո եղել է նահանջի հրաման: Ստեփանակերտի մատույցներում գտնվող մեր զորքին չի զգուշացվել, որ Շուշիից նահանջողները ոչ թե ադրբեջանցիներ են, այլ հայկական զորքն է, որին հրամայված է Շուշիից նահանջել: Միմյանց վրա կրակելուց ունեցել ենք բավականին մեծ թվով զոհեր, հայերը կրակել են հայերի վրա, սա եղել է Նիկոլ Փաշինյանի հրամանով»,- հայտարարել էր Իսագուլյանը։
Հիմա սպասվում էր, որ Արգիշտի Քյարամյանը պետք է հարցաքննության միջոցով սպառիչ պատասխաններ տար իրեն վերաբերող հարցերին: Լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ դիտավորյա՞լ են այսպես ձգձգում՝ Աննա Ծառուկյանը պատասխանեց. «Բոլոր հնարավոր տարբերակները քննարկել ենք՝ հնարավոր է չծանուցվի, հնարավոր է բնակարան ծանուցեն, աշխատավայր պահանջվի, բայց որ պատշաճ ծանուցմամբ բարձր իրավական գիտելիքներ ունեցող սուբյեկտը, որը հանդիսանում է ՔԿ նախագահ, հասկանում է՝ ինչ է նշանակում դատական նիստի անհարկի հետաձգում, հասկանում է վկայի ինստիտուտի կարեւորությունը եւ ունի շահագրգռվածություն այս գործով հիմնավորելու թեկուզ իր անմեղությունը, որովհետեւ հարցը վերաբերվում է սուտ մատնության, սա նշանակում է, որ իշխանությունների կողմից մարտավարական առումով, այո, սա ունի դիտավորություն, որովհետեւ մենք հիմնավորում չտեսանք՝ ի՞նչ ծանրաբեռնվածության մասին է խոսքը»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով դատավորի կանխակալ դիրքորոշմանը՝ Աննա Ծառուկյանն ասաց. «Միայն այն, որ դատավորը նախորդ դատական նիստում փակեց բոլոր լրատվամիջոցների լուսաբանման հնարավորությունը, մենք արդեն իսկ հասկացանք, որ բարձրաստիճան պաշտոնյաների հարցաքննությունները եւ դիտավորյալ ձգձգելու են, ե՛ւ չեն լուսաբանվելու: Չմոռանանք, որ դատավոր Բորիս Բախշյանին կալանավորեցին միայն նրա համար, որ անմիջապես համարձակվել էր համապատասխան որոշում կայացնել եւ ասել էր, որ պատշաճ փաստաթղթերը բացակայում են: Հիմա նույն իրավիճակն է եւ դատարանը արժանահավատ է համարում մի վկայի դիմում, որը ոչ մի առավելություն չունի մյուս սուբյեկտների նկատմամբ, ովքեր ՀՀ քաղաքացի են եւ վկայություն են տալիս: Հետեւությունները թողնում եմ մեր հանրությանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ