Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Անտարբերությունը կհասցնի աղետի-3

Սեպտեմբեր 18,2023 15:45

Հայաստանում առաջացած կործանարար անտարբերությունը կարելի է պայմանավորել երկու հանգամանքով: Կամ մարդը կորցրել է ճշմարտությունն ընկալելու կարողությունը, կամ էլ մարդը հոգնել է և իրեն ձեռնտու չէ ընկալել ճշմարտությունը:

Ճշմարտությունը մեկն է: Այն կամ տեսնում են կամ էլ՝ ոչ: Ճշմարտությանը չառերեսվելու դեպքում հասարակությունները հայտնվում են այն իրավիճակում, որում մենք ենք:

Օրինակ, շրջանակներ կան, որոնք իրապես հնարավոր են համարում արցախցիների արժանապատիվ կյանքն Ադրբեջանի ենթակայության ներքո: Հայաստանյան իշխանությունների՝ Արցախի հարցով վարվող քաղաքականությունը պրագմատիզմի բացակայության հերթական դրսևորումն է:

Մինչդեռ հարաբերական ծաղկունք ապրելու համար հասարակությունը պարտավոր է ունենալ ճշմարտությունը տեսնելու և իրատեսությամբ առաջնորդվելու կարողություններ: Ցավոք, սա առավել բարդ է դառնում հայ մտավորականության պասիվության և դեմք չունեցող քաղաքական գործիչների ֆոնին:

«Ռուսներին քշենք, հանգիստ ապրենք», «Երևանում եթե ՔՊ-ն չհաղթի, ռուսի գործակալները մեզ օրուարև չեն տա», «Ղարաբաղը 30 տարի առաջ ծախել, պրծել են», «Նիկոլը գնա, Քոչարյա՞նը գա»: Սրանք լայն տարածում ունեցող «պադիեզդային» մեջբերումներ են, որոնք ի ցույց են դնում հայ հասարակության (առնվազն մի զգալի մասի) բթացումն ու դեգրադացումը:

Միջին հայը հայրենասեր է, իր երկրի մասին մտածող, անհանգստացող: Ցավալի է, որ պոպուլիստական և ականջներ շոյող արտահայտություններն այս տեսակ ներգործություն են ունենում ժողովրդի վրա: Անհատը պետք է այնքան իմաստություն ունենա, որ թույլ չտա իրեն «ֆռռացնեն» և գրավիչ ստերով սիրաշահեն: Հեշտ համոզվող անհատը, մտավոր իմաստով, նմանվում է ստրուկի:

Ի վերջո, ճշմարտության ընկալումն է ապահովում ազատ, մտածող, քննադատական միտք ունեցող և ոչ-անտարբեր քաղաքացու գոյությունը: Ճշմարտության ընկալումն է զարգացման գրավականը, և ճշմարտության ընկալումն է քաղաքական ճիշտ որոշումների հիմնասյունը: Կարելի է ավելացնել, նաև, որ ժողովրդավարության հիմքն էլ է հենց ճշմարտության ընկալումը, որովհետև ժողովրդավար լինելու համար պետք է ունենալ ճշմարիտ ժողովուրդ:

«Սուտը ստրուկների և տերերի կրոնն է։ Ճշմարտությունը ազատ մարդկանց կրոնն է», – Մաքսիմ Գորկի:

Մենք ենք որոշում՝ Հայաստանը ստրուկների՞ և տերերի՞, թե՞ ազատ մարդկանց երկիր է:

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930