Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրություններն անցել են ժողովրդավար, առանց լուրջ խախտումների». «Ականատես» դիտորդական առաքելություն

Սեպտեմբեր 18,2023 15:18

«Խախտումներ եղել են տարբեր քաղաքական ուժերի մասնակցությամբ, բայց դրանք դրվագային են եւ ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա»,- սա «Ականատես» դիտորդական առաքելության ընդհանուր եզրահանգումն է երեկ կայացած Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ, որի նախնական արդյունքներով առաջատար դիրքերում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Այսօր դիտորդական առաքելության ներկայացուցիչները «Մեդիա» կենտրոնում ներկայացրին իրենց դիտարկումները ընտրական գործընթացի վերաբերյալ։ Առաքելության համակարգող Մարիամ Հովեյանի փոխանցմամբ՝ ամենաշատ խախտումներ առաքելության դիտորդներն արձանագրել են հենց իշխող ուժի կողմից՝ դրանք 6 կամ 7-ն են։

Բանախոսի փոխանցմամբ՝ ընտրական գործընթացն անցել է խաղաղ՝ ընտրողների պասիվության պայմաններում։ Բուն քվեարկության գործընթացը Մարիամ Հովեյանի կարծիքով՝ համապատասխանել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, եղել է ժողովրդավարական, ընտրություններն անցել են առանց լուրջ խախտումների եւ առանց քվեարկության վրա միտումնավոր ազդելու գործընթացների։

Այլ մանրամասները՝ տեսանյութում։

Առաքելության իրավաբան Գենյա Պետրոսյանի փոխանցմամբ էլ՝ շատ են արձանագրվել ընթացակարգային խախտումները՝ չիմացության պատճառով։ Օրինակ՝ երկու տեղամասում խնդիր է առաջացել առաքելության երկու դիտորդների միաժամանակյա գտնվելու հետ, սակայն ըստ սահմանված կարգի՝ եթե դիտորդական առաքելությունը ներառում է մի քանի անդամ կազմակերպություններ, ապա նույն առաքելության երկու դիտորդ միաժամանակ կարող են գտնվել տեղամասում։ Տեղամասեր դիտորդների մուտքի հետ կապված խոչընդոտների դեպքեր չեն եղել։ Քվեատուփի ոչ պատշաճ կնքված լինելու երկու դեպք են առաքելության դիտորդները արձանագրել, որոնք շատ արագ շտկվել են։ Երկու դեպք էլ արձանագրել են չհրկիզվող պահարանի՝ մինչեւ 19.00-ն բացելու, մինչդեռ չհրկիզվող պահարանը պետք է բացվի ընտրությունների ավարտից հետո՝ 20.00-ին։ Մի շարք հապաղումներ են արձանագրել նախապատրաստական փուլի գործողությունների հետ կապված։

Այլ մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ «Ականատես» դիտորդական առաքելությունը Երեւանի ավագանու ընտրությունների երկարաժամկետ դիտարկումներ է իրականացրել՝ օգոստոսի 1-ից։ Երեկ՝ քվեարկության օրը, առաքելության 60 դիտորդները 30 խմբերով շրջել են տեղամասերում, նաեւ վարչական շրջանների տարածքներում, եղել են ընտրություններին մասնակից ուժերի գրասենյակներում՝ հետեւելով ընդհանուր իրավիճակին։ Առաքելության 10 դիտորդ էլ աշխատել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930