Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Մաթեմատիկական վերլուծությունը ցույց է տալիս՝ այն տեղամասերում, որտեղ քվեարկության մասնակիցների թիվն ավելանում է, այնտեղ ՔՊ-ի օգտին կողմ քվեարկողների թիվը նվազում է»․ Արթուր Սաքունց

Սեպտեմբեր 18,2023 15:06

«Քանի որ խախտումների թվաքանակը դիտարկած տեղամասերի թվաքանակի համեմատ, ըստ էության, շատ կոնկրետ է, խախտումները զանգվածային բնույթ չեն կրել։ Մենք այս պահին չենք կարող միանշանակ գնահատական տալ․ վերջնական արդյունքները դեռ պիտի ամփոփենք»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Անկախ դիտորդ»-ին մաս կազմող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Նա կարևորեց առանձին տեղամասերում քվեարկության մասնակցածների թիվն ընդհանուր Երևանում քվեարկության մասնակցածների թվի համեմատ, թե ինչ շեղումներ կան, որոնք ընտրողների վարքագծի առումով կարող են կասկածելի համարվել․ «Մի բան կարող եմ ձեզ ասել՝ որպես լրացուցիչ տվյալ։ Մեր գործընկեր «Գոլոս» հայտնի կազմակերպության մասնագետի կողմից քվեարկության արդյունքների մաթեմատիկական վերլուծությունը ցույց է տալիս հետաքրքիր օրինաչափություն․ այն տեղամասերում, որտեղ քվեարկության մասնակիցների թիվն ավելանում է, այնտեղ ՔՊ-ի օգտին կողմ քվեարկողների թիվը նվազում է։ Ճիշտ է՝ մենք արձանագրել ենք ընտրողների ուղղորդման դեպքերը, և, ի դեպ, միջանկյալ արդյունքների ամփոփման ժամանակ ես ներկայացրել եմ, որ 9-ը ուղղորդման դեպքերից 4-ը ասոցացվում էր ՔՊ-ի հետ, մեկական դեպքեր Հանրապետության, «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան» և «Մայր Հայաստանի» օգտին, ուստի թվում էր՝ այս պատկերի մեջ, որտեղ մասնակցությունը մեծ է, ՔՊ-ն ավելի շատ ձայն պիտի ստանար, բայց մաթեմատիկական վերլուծությունն այլ օրինաչափություն է ցույց տալիս։ Այն մեխանիզմները, որ տարիներ օգտագործվում էր և չկիրառվեց հեղափոխությունից հետո, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ որոշ գործիքակազմեր ներդրվեցին՝ մասնավորապես վարչական ռեսուրսի օգտագործումը, նախընտրական հավաքներին մարդկանց բերման ենթարկելը, որոշ տեղամասերում «տասովշչիկների» կամ «ձայնային ձեռներեցների» ինստիտուտի կիրառումը։ Սրա համար առաջին հերթին իշխանությունն է պատասխանատու՝ կանխելու նման երևույթները»։

Խոսելով ոստիկանության աշխատանքի մասին՝ Արթուր Սաքունցն ասաց․ «Ցավոք, ոստիկանության աշխատողները, որոնց մենք տեսանք ընտրական տեղամասերում, պարեկներ չէին․ այսպես կոչված չբարեփոխված հատվածն էր։ Նույն 6/13 տեղամաս երկու անգամ այցելեցի, ոստիկանությունը բացակայում էին, մինչդեռ այդ տեղամասում կային առավել ցայտուն դրսևորումներ մարդկանց բերման ենթարկելու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930