Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյան․ «Հույս ունեմ, որ Երեւանում կառավարչական ճգնաժամ չի առաջանա»

Սեպտեմբեր 18,2023 14:57

Երեւանի ավագանու ընտրություններում 1.08% քվե ստացած եւ ավագանու նոր կազմում չընդգրկված «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն ասում է՝ սրտնեղելու եւ մտահոգվելու կարիք չունի։

Այսօր ֆեյսբուքյան իր էջում Խաժակյանը տեսանյութով անդրադարձել է Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներին։ Նրա խոսքով՝ «Ինձ զանգահարում, ասում են՝ դուխդ չգցես, ես ասում եմ՝ պատճառ չունեմ դուխս գցելու։ Արել եմ առավելագույնը, համոզված եմ, որ լսելի եմ եղել մարդկանց համար՝ համեմատ այն ռեսուրսների, որոնք մենք ունեինք, որով կարողացանք այս քարոզարշավն իրականացնել։ Մարդիկ կատարեցին իրենց ընտրությունը»։

Խաժակյանի ներկայացմամբ՝ այս ընտրությունն ավելի շատ ուներ քաղաքական բաղադրիչ, քան քաղաքային։

«Ինձ համար կա մեկ կարեւոր բան՝ որպես վերջնարդյունք, որը դեռ չավարտված թնջուկ է։ Մեծամասնություն չի ձեւավորվել, եւ երկու հնարավոր տարբերակ կա կարծես թե՝ 32 եւ 33 (նկատի ունի եթե ՔՊ-ն ու Հանրապետություն կուսակցությունները կոալիցիա կազմեն՝ ավագանիում 32 ձայն կունենան, իսկ եթե մյուս երեք ուժերը կոալիցիա կազմեն՝ 33 մանդատ կունենան, Ն․Բ․) մանդատների տարբերություն կա, որն ակնհայտորեն բերելու է որոշակի անկայունության։ Այս փուլում ամենակարեւորն այն է, որ այն խմբակցությունները, որոնք ներկայացված կլինեն ավագանիում, կարողանան մի կողմ դնել քաղաքական եւ կուսակցական ամբիցիաները եւ ձեւավորեն քաղաքային իշխանություն, որովհետեւ մեր օրենսդրությունը, մեր քաղաքը պատրաստ չէ չունենալ քաղաքապետ, եւ դրանում կառավարչական լուրջ վտանգ կա։ Հույս ունեմ, որ մեր մայրաքաղաքում կառավարչական ճգնաժամ չի առաջանա եւ կձեւավորվի քաղաքային իշխանություն»,-ասաց Խաժակյանը։

Նա վստահեցրեց, որ քաղաքացիների համար հասանելի կլինի, հեռախոսահամարը չի փոխելու, պարզապես հիմա այլեւս ավագանու լծակ չի ունենա։

«Շարժվելու ենք առաջ նոր շնչով։ Մյուս թեկնածուներին, ովքեր չեն անցել, մխիթարություն եմ ցանկանում։ Նույն օրի ենք։ Խնդիր չկա, կշարժվենք առաջ»,-ասաց Խաժակյանը։

Հիշեցնենք, որ հինգ քաղաքական ուժ է հաղթահարել անցողիկ շեմը։ Ըստ այդմ՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 75,463 կամ  32․57%

Հանրապետություն կուսակցություն- 26,236 կամ 11.32%

Հանրային ձայն կուսակցություն- 22,431 կամ 9.68%

Ազգային առաջընթաց կուսակցություն- 43,765 կամ 18.89%

Մայր Հայաստան կուսակցությունների դաշինք- 35,739 կամ 15.43%

 

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Դավիթ Խաժակյանի Ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930