2020 թվականից սկիզբ առած Գյուղատնտեսական մշակաբույսերի ապահովագրությունն ի սկզբանե սահմանված էր երկու մշակաբույս՝ երկու ռիսկի համար և իրականացվում էր 6 մարզում։ Այսօր արդեն ապահովագրության ծրագիրն ընդգրկում է 13 մշակաբույս, 4 ռիսկ և իրականացվում է Հայաստանի բոլոր մարզերում։ Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ Իռա Փանոսյանը:
Նրա խոսքով, 2020 թվականին կնքվել էր 1541 պայմանագիր, ապահովագրվել էր 2500 հա, 2021 թվականին՝ 4278 պայմանագիր, 5832 հա, 2022 թվականին՝ 5091 պայմանագիր, 6444 հա, իսկ 2023 թվականին՝ 10 հազար 192 պայմանագիր, ավելի քան 11 հազար հա։ Շուրջ 2 անգամ ավելացել է ապահովագրված մակերեսի թիվը, 80 տոկոսով աճել է պայմանագրերի թիվը։
«Այս վիճակագրությունը խոսում է այն մասին, որ գյուղացիներն օգտվել են ծրագրից, գոհ են մնացել ու հաջորդ տարի կրկին դիմել են ապահովագրության համար, իրենց մտերիմներին են խորհուրդ տվել։ Ասեմ, որ ապահովագրական ծրագրի ամենամեծ գովազդը պատշաճ կերպով վնասի փոխհատուցումն է։ Երբ ցանկացած գյուղացի դիմում է ապահովագրության համար, վնասի դեպքում ստանում է փոխհատուցումը, ապա հաջորդ տարի նա կրկին գնում է այդ քայլին։ Ծրագրի արդյունքները խոսում են այն մասին, որ տարեցտարի առավել շատ գյուղացիներ են վստահում համակարգին»,-ասաց Փանոսյանը։
Նրա տեղեկացմամբ, ծրագրի պատասխանատուներն ամեն տարվա ավարտին ուսումնասիրում են արդյունքները ու փորձում կատարված աշխատանքի հիման վրա բարելավել ապահովագրության ծրագիրը:
Կարդացեք նաև
«Ծրագիրը միտված է ֆերմերների, տնտեսվարողների եկամուտների կայունացմանը։ Նախկինում կարկուտի կամ այլ աղետների դեպքում գյուղացիները փոքր չափի փոխհատուցում էին ստանում, ու դա ոչ մի ձևով չէր լուծում գյուղացու խնդիրը ու շահեկան չէր դառնում գյուղատնտեսությամբ զբաղվելը։ Այս ծրագիրը հնարավորություն է տալիս, որ տուժելու դեպքում գյուղացին կարողանա իր ֆինանսական վիճակը կայունացնել՝ հաջորդ տարի գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար»,-ասաց վարչության պետը:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ