Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախարարը փոխվում է, Ադրբեջանի հարցում Թուրքիայի պաշտպանական ուղեգիծը չի փոխվում

Սեպտեմբեր 18,2023 14:42

Ermenihaber. Մայիսյան ընտրություններից հետո ազգային պաշտպանության նախարարի պաշտոնին կադրային զինվորական և նախկին ԳՇ պետ Յաշար Գյուլերի նշանակումով Թուրքիան կրկին ցույց տվեց, որ, ինչպես այլ ոլորտներում, պաշտպանական ոլորտում ևս, նախորդ ղեկավարի՝ Հուլուսի Աքարի գծագրած ուղին շարունակվում է։

Գյուլերը ծնվել է 1954թ․ սեպտեմբերի 18-ին Արդահանում, ընտանիքն արմատներով Բայբուրդից է։ 1971թ․ ավարտել է Քուլելիի զինվորական լիցեյը, 1974թ․` Ռազմական ակադեմիան լեյտենանտի կոչումով և 1975թ․՝ Կապի էլեկտրոնային ինֆորմացիոն համակարգերի դպրոցը։ Մինչև 1984թ․ նա Ցամաքային զորքերի հրամանատարության մարտական ​​ստորաբաժանումներում ծառայել է որպես դասակի և վաշտի հրամանատար։ 1986 թ․ ավարտել է Ռազմական ինստիտուտն ու դարձել շտաբի սպա։ Թուրքիայի ներսում և դրա սահմաններից դուրս տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝

1.Սիլոփում ներքին անվտանգության գումարտակի հրամանատար

2.Բոսնիա և Հերցեգովինայում բոսնիական պատերազմից հետո ՆԱՏՕի խաղաղապահ ուժերի շրջանակում Թուրքիայի ուղարկած ուժերի այն ժամանակվա հրամանատար, հետևակի շտաբի գնդապետ Հուլուսի Աքարի օգնական

3.Վարչապետի ռազմական խորհրդատվության ծրագրի սպա

4.ՆԱՏՕի Հարավային շրջանի /Իտալիա, Նեապոլ/ հրամանատարության կապի պետի տեղակալ

5.Թուրքիայի ԶՈւ գործընկերություն հանուն խաղաղության ուսումնական կենտրոնի հրամանատար

6.ԶՈւ Գլխավոր շտաբի զորավարժությունների մասնաճյուղի ղեկավար

2001թ․ ստացել է գեներալ-մայորի կոչում և ծառայել 10-րդ հետևակային բրիգադի հրամանատար և Գլխավոր շտաբի Կապի էլեկտրոնային ինֆորմացիոն համակարգերի պլանավորման և համակարգման վարչության պետ: 2005թ․ ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում՝ լինելով Կապի էլեկտրոնային ինֆորմացիոն համակարգերի դպրոցի պետ և Գլխավոր շտաբի Կրթության վարչության պետ։ 2009թ․ ստացել է գեներալ-գնդապետի կոչում, աշխատել ԳՇ քարտեզագրման գլխավոր վարչության հրամանատարի, 4-րդ կորպուսի հրամանատարի և ԳՇ հետախուզության պետի պաշտոններում։ 2013թ․ստացել է բանակի գեներալի կոչում և նշանակվել ԳՇ պետի տեղակալ։ 2016թ․ հուլիսի 28-ին Բարձրագույն ռազմական խորհրդի նիստում կայացված որոշմամբ նշանակվել է Ժանդարմերիայի գլխավոր հրամանատար, իսկ 2017թ․ օգոստոսի 2-ին Բարձրագույն ռազմական խորհրդի նիստում կայացված որոշմամբ՝ ՑՈւ հրամանատար։ 2018թ․ նշանակվել է ԳՇ պետ՝ փոխարինելով պաշտպանության նախարար դարձած Աքարին:  2018 թ. հուլիսի 15-ին Գլխավոր շտաբը և ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերի հրամանատարություններն առանձին մտան պաշտպանության նախարարության կազմի մեջ։ Այսպիսով, Գլխավոր շտաբին անմիջականորեն ենթակա զորամաս չկար և, տեսականորեն, Գլխավոր շտաբը դարձավ խորհրդանշական հաստատություն։

Յաշար Գյուլերն ամուսնացած է Դեմեթ Գյուլերի հետ, ունի 1 զավակ, տիրապետում է անգլերենին։ Ունի Թուրքիայի ԶՈՒ Պատվավոր ծառայության և Թուրքիայի ԶՈՒ Պատվո շքանշան, ինչպես նաև որոշ երկրների կողմից պարգևատրվել է տարբեր մեդալներով։ Չնայած բավական «ոչ հրապարակային կյանքին ու գործունեությանը»՝ Գյուլերի անունը տարիների ընթացքում մի քանի սկանդալային պատմություններով ավելի է հայտնի է դարձել թուրք հանրությանը։

Առաջին տիկնոջ հետ ձեռքսեղմումը

2007թ․, երբ Թուրքիայի նախագահը դեռևս Աբդուլլահ Գյուլն էր, Կայսերի մեկնելիս Էսենբողա օդանավակայանում վերջինիս հրաժեշտի պաշտոնական միջոցառմանը ներկա էր նաև այդ ժամանակվա կայազորի հրամանատար գեներալ-լեյտենանտ Յաշար Գյուլերը, որը սեղմում է նաև Գյուլի կնոջ՝ առաջին տիկին Հայրունիսսա Գյուլի ձեռքը։ Նախորդ առաջին տիկինների նման նույն արարողակարգով ներկայանալու տեսանկյունից՝ այս ձեռքսեղմումը համարվեց շրջադարձային կետ տիկին Գյուլի համար, իսկ Գյուլերի այս քայլն աղմուկ բարձրացրեց թուրք հանրության շրջանում, և ԳՇ-ն ստիպված եղավ պարզաբանումներ տալ լրատվամիջոցներին։ Թուրքական «Hürriyet» թերթի այն հարցին, թե կայազորի հրամանատար Արսլան Գյուները նախկինում ձեռք չէր սեղմում, իսկ ներկայիս հրամանատար Յաշար Գյուլերը սեղմում է, շտաբից նշել էին, որ «արարողությունները տարբերվում են՝ կախված նրանից, թե արդյոք հանդիպման ժամանակ կան ստորաբաժանումներ, թե՝ ոչ», ինչը ոչ այնքան համոզիչ փաստարկ է թվում։

2010թ Իզմիրի լրտեսության դեպքը

Մեկ այլ միջադեպ, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Յաշար Գյուլերը հետախուզության ղեկավարն էր, Իզմիրի լրտեսության հետաքննությունն էր։ Գործով, որը հարուցվել էր 2010 թ․ օգոստոսին էլեկտրոնային փոստով ուղարկված հետախուզության հիման վրա, 357 մեղադրյալներ և բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ գործող զինծառայողներ, մեղադրվում էին «օտարերկրյա հետախուզական ծառայություններին պետության գաղտնի տեղեկություն և փաստաթղթեր տալու մեջ»։  Քննության ընթացքում առգրավված մոտ 700 փաստաթղթերի գաղտնիության աստիճանը հասկանալու համար ԳՇ հետախուզությունում ստեղծվեց 9 հոգուց բաղկացած հանձնաժողով, և այս հանձնաժողովը եզրակացրեց, որ փաստաթղթերը «հույժ գաղտնի» են։ Սակայն, ավելի ուշ, մեղադրյալներն ու փաստաբանները մեղադրեցին դատական խորհրդական Մուհարեմ Քյոսեին և հետախուզության պետ Գյուլերին՝ պնդելով, որ «հույժ գաղտնի» որոշումը ճիշտ չէ, քանի որ այն ժամանակ փաստաթղթերը ներառում էին Գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղի ելույթը, հեռախոսային տեղեկատու և որոշ հանրային զեկույցներ։
Ավելի ուշ Իզմիրում այս գործով բոլոր մեղադրյալներն արդարացվեցին, և 2016 թ․ հետաքննություն սկսվեց այս գործով և չնայած Գյուլերի վերաբերյալ որոշ պնդումներ կային, նա այդ գործով դատապարտված անձանց թվում չէ։

2011 թ Ուլուդերեի դեպքերը

2011 թ. դեկտեմբերի 28-ին Շըրնաք նահանգի քաղաքի Ուլուդերե շրջանի Ռոբոսկի (Օրթասու) գյուղից Իրաք անցած մի խումբ մաքսանենգներ գնդակոծվեցին F-16 ռազմական կործանիչների կողմից, իսկ 34 հոգի, որոնցից 17-ը երեխաներ էին, միջադեպի հետևանքով զոհվեցին։ Բանն այն է, որ թուրքական կողմը կարծել էր, թե նրանք «Քրդստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK, Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն) անդամներ էին։ Ուշագրավ է, որ Գյուլերն է որոշել՝ հրետանային հարվածներից հետո պետք է հասցվեն նաև ավիահարվածներ, այսպես կոչված, ահաբեկիչների վրա, և ստանալով Հ․ Աքարի համաձայնությունը՝ իրագործել այն (Գյուլերն այդ ժամանակ ԳՇ հետախուզության ղեկավարն էր)։
Միջադեպից հետո Դիարբեքիրի դատախազությունը որոշել է «իրավասության բացակայության» (երբ քրեական կամ քաղաքացիական դատարանները որոշում չեն կայացնում, քանի որ դա, իրենց կարծիքով, չի գտնվում իրենց իրավասության տիրույթում), իսկ ռազմական դատախազությունը՝ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում կայացնել։

Յաշար Գյուլերի, Հաքան Ֆիդանի և այլոց մասնակցությամբ մի զրույցի պատմություն

2014թ․ ԳՇ պետի տեղակալ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ YouTube-ում հայտնվեց այդ ժամանակ արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի, ազգային հետախուզական ծառայության (ԱՀԾ) ղեկավար Հաքան Ֆիդանի և արտաքին գործերի նախարարության փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի միջև 2014թ․ տեղի ունեցած զրույցը Սիրիայի քաղաքացիական պատերազմի վերաբերյալ։ Զրույցում Ֆիդանն ասում է, որ, եթե պետք լինի, չորս մարդ կուղարկի Սիրիա, Թուրքիայի վրա 8 հրթիռ կարձակի, պատերազմի հիմնավորում կներկայացնի, և իրենք կգրոհեն Սուլեյման շահի դամբարանը։ Գյուլերը Դավութօղլուին ԱՀԾ-ի վերաբերյալ ասում է․ «Դա գործիք է, որն անհրաժեշտ է Ձեզ ամեն ժամանակաշրջանում», և ավելացնում, որ Սիրիայում հակակառավարական խմբավորումներին զենք և զինամթերք ուղարկելու ԱՀԾ-ի ջանքերին պետք է աջակցել։

Ավելի ուշ Անկարայի գլխավոր դատախազությունը դեպքի առնչությամբ հետաքննություն սկսեց, իսկ ԱԳՆ-ն հայտարարեց, որ նման խոսակցություն եղել է, սակայն առանձին հատվածներ խեղաթյուրված են և չեն համապատասխանում իրականությանը։

2016 թ ռազմական հեղաշրջման փորձը

Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ ԳՇ պետ Յաշար Գյուլերի աշխատասենյակ մտած հեղաշրջման մասնակից զինվորները բերման են ենթարկել նրան, ձեռքերը մեջքին կապել, գլխին բերետ հագցրել աչքերը փակելու համար։ Ինչպես ավելի ուշ պատմել է Գյուլերը, հեղաշրջման մասնակից զինվորների թվում է եղել նաև ադյուտանտ Մեհմեթ Աքքուրթը, որը նրան ցինիկաբար ասել է․ «Հրամանատա՛ր, մի՛ անհանգստացիր, սա զորավարժություն է»։ Այնուհետև նրան ուղղաթիռով տեղափոխել են Աքընջըի ավիաբազա։

ԹուրքիաԱդրբեջան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլեր

Յաշար Գյուլերի՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը նույն թափով շարունակվում է։ Մայիսյան ընտրություններից ի վեր՝ թուրք-ադրբեջանական 2 զորավարժություն է անցկացվել՝ «Alpan-2023» հունիսին և «SAT-SAS» սեպտեմբերին, ինչպես նաև մի քանի բարձրաստիճան զինվորականների և ՊՆ ղեկավարների հանդիպումներ են եղել, որտեղ շեշտվել է Թուրքիայի՝ Ադրբեջանին ցանկացած քայլում սատարելու պատրաստակամությունը:

Յաշար Գյուլերը, լինելով կադրային զինվորական, շարունակելու է իր նախորդի՝ Հուլուսի Աքարի ուղեգիծը։ Սա ենթադրում է, որ Թուրքիա-Ադրբեջան մերձեցումը շարունակական բնույթ է կրելու, իսկ հարաբերությունների նմանատիպ սերտացումը Հայաստանը կարող է զգալ նաև հավանական ռազմական բախման ժամանակ, որն առաջիկա ամիսներին բացառված չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930