Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթուր Սաքունցի հայտարարությունները չե՞ն խախտում դիտորդի էթիկայի կանոնները»․ Արթուր Սաքունցի և Դանիել Իոաննիսյանի պարզաբանումները

Սեպտեմբեր 18,2023 14:04

«Այն, ինչ հայտարարել եմ, ես հենց նոր նույնը հայտարարեցի։ Դրանք գրված կանոններ են, որոնց տակ բոլորս ստորագրել ենք»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ ի պատասխան Aravot.am-ի հարցի՝ հայտարարեց «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

Aravot.am-ը Դանիել Իոաննիսյանին հիշեցրեց՝ լրագրողների հետ զրույցում խիստ կարևորել էր, որ դիտորդական առաքելությունները պահեն քաղաքական չեզոքությունը, նաև տեղեկացրել, որ ունեն դիտորդի հստակ էթիկայի կանոններ։ Ու բառացի ասել․ «Եթե մեր 170 հոգանոց առաքելությունից որևէ մեկը խախտի այդ չեզոքության կանոնները, ինքը կդադարի լինել առաքելության կազմում՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից, լինի սովորական դիտորդ թե որևէ այլ պաշտոնի մարդ»։

Մինչդեռ փաստեցինք՝ 1in.am-ի հետ հարցազրույցի ընթացքում Արթուր Սաքունցը հայտարարել էր, որ «Հանձին՝ «Ապրելու երկիր» կուսակցության գործ ունենք լուրջ ծրագրի հետ, որը պաշտպանելու է պուտինյան ռեժիմի շահերը»։

Ու հարցրինք՝ մի՞թե այս հայտարարություններով չեն խախտվել դիտորդի էթիկայի կանոնները, դրանք համադրելի՞ են Ձեր նշած էթիկայի կանոններին։

Նշենք նաև, որ Ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն․ «Դիտորդը, այցելուն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է լինել անկողմնակալ, չեզոք, հրապարակայնորեն որևէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսևորել իշխանության կամ ընդդիմության, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ կապված որևէ հարցի նկատմամբ»։

«Անկախ դիտորդ»-ի համակարգող Արթուր Սաքունցն ի պատասխան նշեց․ «Դիտորդական առաքելության շրջանակներում չեք կարող բերել որևէ փաստ իմ կողմից որևէ հարցազրույցում՝ նախընտրական քարոզչության սկզբից ի վեր մինչև հիմա, որ ես հրապարակային նույնիսկ լայք տված լինեմ որևէ կուսակցության օգտին կամ դեմ։ Մենք խոսում ենք խախտումների մասին և խախտում թույլ տված կուսակցությունների անունները թվարկել ենք։ Նման հարցազրույց ես ունեցել եմ մինչ նախընտրական քարոզչությունը»։

Նշենք, որ 1in.am-ի հետ հարցազրույցը, որի ընթացքում Արթուր Սաքունցը հայտարարել էր, որ «Հանձին՝ «Ապրելու երկիր» կուսակցության գործ ունենք լուրջ ծրագրի հետ, որը պաշտպանելու է պուտինյան ռեժիմի շահերը», հրապարակվել է 2023-ի սեպտեմբերի 10-ին։

Արթուր Սաքունցը նաև հավելեց․ «Դիտորդական առաքելությանը, երբ ասում ենք անկախ, դա այս կամ այն կուսակցության ծրագրի նկատմամբ վերաբերմունք չարտահայտելու մեջ է կայանում։ Էլ չեմ խոսում օգտին խոսելը։ Ժողովրդավարական արժեքների դեմ հանդես եկողների դեմ ենք մենք նաև։ Ակնհայտ է՝ առաքելության ամբողջ իմաստը ժողովրդավարական ստանդարտներն ապահովելն է, և կապ չունի, թե ով է խախտում կատարում այդ մասնակցած կուսակցություններից։ Մենք նաև մեր անձնական դիրքորոշումը ներկայացնում ենք մեր թողարկումներում»։

Դանիել Իոաննիսյանն էլ նշեց․ «Ցանկացած շեղում ժողովրդավարության մեր կողմից պետք է արժանանա քննադատության և թիրախային։ Ինչպես ենք ասում՝ ՔՊ ներկայացուցիչներն այսինչ տեղամասում կուտակում էին արել։ Դա չեզոքության խախտում չէ, դա նրա մասին է, որ իքս տեղում, իքս ձևով ժողովրդավարական ստանդարտներից շեղում է եղել։ Սա մեր առաքելությունն է։ Մենք սա անում ենք հավասարապես բոլոր ուժերի համար, չենք անում ընտրողական՝ մի ուժի նկատմամբ մի վերաբերմունք, մեկի նկատմամբ՝ մեկ այլ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930