«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը
Ամենահետաքրքիրն, իհարկե, այն մեկնաբանություններն են, որոնք արդեն մի քանի ժամ շրջանառում են ընտրություններին մասնակցած ուժերի անթաքույց կողմնակից հանրային խոսույթների ձեւավորման համար ավանդաբար այստեղ գործող օգտատերերը։
Վատ խաղի ու բոլորի համար վատ արդյունքների պայմաններում նախեւառաջ ուրիշների վատ արդյունքների վրա ուշադրություն հրավիրելը սոցիալական ու քաղաքական հոգեբանության դասական դրսեւորում է։ Էս կարգի «սրտի մխիթարանքները» նախեւառաջ արվում են սեփական ինքնազգացողության համար։
Իսկ փաստն այն է, որ «2021-ին ժողովրդի մանդատ» ստացած իշխող ուժի համար Երեւանում ամենակոպիտ իսկ հաշվարկով, քվեարկել են պետական կառավարման ոլորտում աշխատողները եւ առավելագույնը նրանց ընտանիքների անդամներից մեկը։ Հակառակ դեպքում քվեների թիվն ավելին կլիներ։
Կարդացեք նաև
Իհարկե, այսօրվանից բազմաթիվ հանրային ելույթներում կսկսեն քննարկել անցած ընտրությունների արդյունքները, այս ինչու այսպես ստացվեց, այս ոնց ստացվեց մոտիվներով։ Բայց այսօր արդեն ակնհայտ է, որ ՀՀ-ում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների մեծ մասի այս իներտ կեցվածքը այլեւս քիչ կիրառելի է դարձնելու ժողովրդի մանդատն ունենալու խոսույթի պատեհ ու անպատեհ շահագործումը։
Ասածս թվերով ծանրաբեռնելու կարիք չկա, մեկ է այստեղ ու օֆլայնում արդեն փաստերն ու տվյալները ոչ ոքի համար հիմք չեն։
Հայաստանը ամբոխավարական դարձնելու համար պատասխանատվությունը նախեւառաջ ՔՊ-ինն է, որպես այս վտանգավոր ուսմունքի աննկուն ներդնողի։