Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրած արտահերթ նիստում ամփոփեց Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները եւ հաստատեց արձանագրությունը։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց արձանագրության նախագիծը, ըստ որի՝ Երեւանում 824 316 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 234 436 ընտրող կամ ընտրողների 28,44 տոկոսը։
Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ․«Հանրային ձայն» կուսակցություն՝ 22 431 ձայն կամ 9,68 տոկոս։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայների թիվը 75 463 է՝ 32,57 տոկոս։ «Արդար Հայաստան» կուսակցություն՝ 2595 ձայն կամ 1,12 տոկոս։ «Հաղթանակ» կուսակցություն՝ 3959 ձայն՝ 1,71 տոկոս։ «Ուժը Հայրենյաց» կուսակցություն՝ 1706 ձայն՝ 0,74 տոկոս։ Հայաստանի Եվրոպական կուսակցություն՝ 2572 ձայն՝ 1,11 տոկոս։ «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 43 765 ձայն՝ 18,89 տոկոս։ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն՝ 780 ձայն՝ 0,34 տոկոս։ «Հանրապետություն» կուսակցություն՝ 26 236 ձայն՝ 11,32 տոկոս։ «Միացյալ Հայաստան» կուսակցություն՝ 1282 ձայն՝ 0,55 տոկոս։ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 4174 ձայն՝ 1,80 տոկոս։ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ 2348 ձայն՝ 1,01 տոկոս։ «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 8425 ձայն՝ 3,64 տոկոս։ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 35 739 ձայն՝ 15,43 տոկոս։ Անճշտությունների գումարային չափը կազմում է 195։
«Չնայած նախնական արձանագրությամբ մենք անցողիկ շեմի մասին չենք խոսում, ուղղակի մեզ հետեւող քաղաքացիներին հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը կուսակցությունների դեպքում 4 տոկոս է, կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 6 տոկոս»,- ասաց ԿԸՀ նախագահը։
Կարդացեք նաև
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները ստորագրեցին եւ հաստատեցին ընտրությունների նախնական արդյունքի վերաբերյալ արձանագրությունը։
Վահագն Հովակիմյանն ասաց, որ այսօր՝ 12։00-ից սկսվելու է վերահաշվարկի դիմումների ընդունումը, որը շարունակվելու է մինչեւ այսօր 18։00-ն, նաեւ շարունակվելու է վաղն առավոտյան 09։00-ից մինչեւ 11։00-ն։ Վերահաշվարկի դիմումներ կարող են ներկայացնել ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի վստահված անձինք։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ