Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեգալ, բայց ոչ լեգիտիմ», «Էպիկ ֆեյլ», «Գնացե՛ք թուրքացման։ Սատանան ընդ ձեզ». Երեւանի ընտրությունների ֆեյսբուքյան արձագանքներ

Սեպտեմբեր 18,2023 01:42

«Փաստացի Երևանը չընտրեց ավագանի: 28%-ի շուրջ 2-3 %-ը կարծում եմ կլինի անվավեր: 25-26 %-ը` մեկ մարդու ընտրության համար, գուցե վատ ցուցանիշ չէ, բայց մի ամբողջ ավագանու համար կոչվում է լեգիտիմության ճգնաժամ:

Երևանի ավագանին, և հատկապես նրա ընտրած քաղաքապետը, լինելու է գուցե լեգալ, բայց հաստատ` ոչ լեգիտիմ: Նա բարոյական ու քաղաքական իրավունք չի ունենալու խոսել Երևանի ու երևանցիների անունից: Առավել ևս` Նիկոլն ու իր դավադիր խմբակն այլևս իրավունք չեն ունենալու խոսել հայ ժողովրդի անունից»,- Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներից, մասնավորաբար, մասնակցության ցածր ցուցանիշից, նման եզրահանգումներ է արել ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Ավելի ուշ նա գրել է. «Նիկոլի ԿԸՀ-ն, կարծես թե կրկնում է նույն ֆոկուսը, ինչ արվել էր 2018թ. ԱԺ արտահերթ ընտրություններում: 2018թ․-ին էլ, ձայների հաշվարկի ժամանակ, չհիմնավորված պատճառներով, երկար ժամանակով ԿԸՀ հաշվարկի տվյալները չէին թարմացվում (հաշվարկը փաստացի կանգ էր առել): Արդյունքում ՀՀԿ-ի ձայները անհայտացան և չնչին տարբերությամբ չհաղթահարվեց 5%-ի շեմը:

Ձայների հաշվարկի նմանատիպ կասեցում (արդեն երկար ժամանակ է, թվով 37-տեղամասերից առաջ չի գնում հրապարակումը) արվում է հիմա:

Թվանկարչության համար լուրջ կասկածների տեղիք է տրվում»:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն էլ գրում է. «Էպիկ ֆեյլ է, ինչ խոսք։ Մի տարի ժապավեն կտրես տեսախցիկների առջև, ընտրություններից առաջ ու ընթացքում հսկայական ադմինիստրատիվ ռեսուրս օգտագործես, հանրայինով քարոզ անես, վերջում էլ ինքնիշխանության թեման մեյդան բերես (վագներականներով և այլ հեքիաթներով), որ 30+ ստանաս 28 տոկոս մասնակցության պայմաններում»։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ հետընտրական կանխատեսում է արել. «ՔՊ – Զեյնալյան տանդե՞մն է ավելի շատ ձայն հավաքել, թե՞ Հայկո-Թևանյան-Դոգ ուժերը համատեղ։ Այս հարցը թերևս որոշվելու է մի քանի հարյուր, եթե ոչ մի քանի տասնյակ ձայնով։ Ահա՛ թե ինչու էր կարևոր, որ մարդիկ գնային և ձայն տային։ Ձայն տային որևէ հականիկոլական անցողիկ ուժի։ Եթե իմանամ, որ կան մարդիկ, որ իմ խոսքն ընդունելով՝ գնացել ու ձայն են տվել որևէ հականիկոլական անցողիկ ուժի ու դրանով «հարամել են» Նիկոլի ու նրա արբանյակների գծած սխեման, ապա շատ ուրախ կլինեմ»։

Քաղաքագետ Էդգար Էլբակյանն էլ եզրակացրել է. «Դե-ֆակտո թուրքական իշխանությունների՝ երևանյան դրածո վալին, մեծագույն խախտումների միջոցով, հավաքել է ընտրացուցակներում ներառված ընտրողների ձայների ընդամենը 9.3-9.4%։

Դե-ֆակտո թուրքական իշխանությունների՝ անգամ տարրական ժողովրդային լեգիտիմություն չունենալու լավագույն դրսևորումներից։ Այլ տեսակի՝ ավելի խորքային լեգիտիմությունների մասին խոսելն անգամ ավելորդ է»։

Գրականագետ Սերժ Սրապիոնյանին երեւանյան ընտրություններին ընտրողների չմասնակցությունը բարկացրել է. «Երևանցինե՛ր, դուք ձեր անտարբերությամբ և, ներողություն, մտքի ծանծաղությամբ, միանալով իրենց իսկ երկրից վտարանդի դարձած պակիստանահնդկաթուրքաքպական ամորֆ զանգվածին, հյուսեցիք ձեր վախճանի սարդոստայնը։ Դուք հայությա’ն վախճանը ճարտարակերտեցիք։ Գնացե’ք թուրքացման։ Սատանան ընդ ձեզ»։

Ուշագրավ է, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները բավական պասիվ են. նրանց էջերում ավագանու ընտրությունների վերաբերյալ գրառումներ չկան: Իրենց արձագանքում զուսպ են նաեւ իշխանությանը համակրողները:

Հավաքեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930