Աշխարհում սեպտեմբերը նշվում է որպես Ալցհայմերի հիվանդության իրազեկման ամիս։
Ոչինչ այնպես չի խառնում մարդու հեռագնա պլանները, որքան դեմենցիան ու դրա տարատեսակ համարվող Ալցհայմերի հիվանդությունը, որի մասին որքան շատ է խոսվում, այնքան շատ հարցեր է առաջացնում այն։
Նեյրոդեգեներատիվ այս հիվանդությունը ախտահարում է մարդու գլխուղեղը, և այդ գործընթացը սկսվում է շատ ավելի վաղ, քան ի հայտ կգան առաջին ախտանշանները, որոնք, սովորաբար, թույլ են արտահայտվում՝ սկզբում չխաթարելով մարդու առօրյա կենսագործունեությունը, բայց ի վերջո հանգեցնելով թուլամտության զարգացման։
Թեև Ալցհայմերի հիվանդության զարգացման պատճառները լիովին հայտնի չեն, փորձագետները հիվանդությունը կապում են գեների մուտացիաների, մարդկանց գլխուղեղում բետա-ամիլոիդ կոչվող սպիտակուցի կուտակումների և տաու սպիտակուցից կազմված թելավոր կծիկների առկայության հետ: Ենթադրվում է, որ այդ կուտակումները վնասում են առողջ նեյրոնները և դրանք կապող նյարդաթելերը՝ խաթարելով տեղեկատվության փոխանցումը գլխուղեղի տարբեր հատվածների կամ գլխուղեղի և այլ օրգանների ու մկանների միջև։
Կարդացեք նաև
Հիվանդության ռիսկի գործոնները
- տարիքը,
- Ալցհայմերի հիվանդության ընտանեկան պատմությունը, ժառանգական գործոնը,
- գանգուղեղային ծանր և կրկնվող վնասվածքները,
- շրջակա միջավայրի աղտոտիչների, թունավոր մետաղների ու արդյունաբերական քիմիկատների ազդեցությունը։
Ախտանշանները
Ալցհայմերի հիվանդությունը պրոգրեսիվող հիվանդություն է, ինչը նշանակում է, որ ախտանշանները ժամանակի ընթացքում վատթարանում են։
Հիվանդության ընդհանուր ախտանշաններն են հիշողության կորուստը, խոսքի հետ կապված խնդիրները, իմպուլսիվ ու անկանխատեսելի վարքագիծը։
Ախտանշանների վատթարացմանը զուգահեռ մարդկանց համար գնալով ավելի դժվար է դառնում վերջին իրադարձությունները հիշելը, ծանոթ մարդկանց ճանաչելը, մտածելը։ Ի վերջո, Ալցհայմերի հիվանդություն ունեցող մարդը մշտական խնամքի կարիք է ունենում։
Հիշողության կորուստն Ալցհայմերի հիվանդության առանցքային նախանշաններից է ու որպես կանոն՝ առաջին նախանշաններից մեկը, որն ի հայտ է գալիս։
Ախտանշաններն աստիճանաբար են հայտնվում՝ մի քանի ամիսների ու տարիների տնթացքում։
Եվ այսպես, Ալցհայմերի հիվանդության զարգացման մասին վկայում են՝
Հիշողության կորուստը․ մարդու մոտ առաջանում են դժվարություններ նոր տեղեկություններն ընկալելու և հիշելու հարցում, նա սկսում է կրկնվող հարցեր տալ, վարել միևնույն խոսակցությունները, չի հիշում իրադարձություններն ու պայմանավորվածությունները, մոլորվում է, չի գտնում տան ճանապարհը։
Մտավոր խնդիրները․ Ալցհայմերի հիվանդության պատճառով առաջանում են մտածողության հետ կապված խնդիրներ, բարդ առաջադրանքներ կատարելու անընդունակություն՝ հանգեցնելով անվտանգության ու ռիսկերի գիտակցման հետ կապված խնդիրների, որոշումներ կայացնելու, մի քանի փուլերից կազմված առաջադրանքներ կատարելու (օրինակ՝ հագնվելու) անկարողության, ֆինանսների տնօրինման հետ կապված հարցերի։
Ճանաչելու հետ կապված խնդիրներ․ մարդը կարող է կորցնել դեմքերը կամ առարկաները ճանաչելու և տարբերակելու կարողությունը, և դա կապված չէ տեսողական խնդիրների հետ։
Տարածության ընկալման հետ կապված խնդիրներ․ Ալցհայմերով տառապող անձը կարող է ունենալ խնդիրներ հավասարակշռության հետ կապված, դժվարությամբ կողմնորոշվել տարածության մեջ կամ, օրինակ, հասկանալ, թե ինչպես ճիշտ հագնել հագուստը։
Ալցհայմերի հիվանդության ախտանշաններ են համարվում նաև՝
Խոսելու, կարդալու, գրելու հետ կապված խնդիրները,
Վարքային փոփոխությունները՝ հուզական վարքագիծը կամ հետաքրքրության ու մոտիվացիայի կորուստը,
կարեկցանքի կորուստը,
կոմպուլսիվ, կպչուն կամ սոցիալական անընդունելի վարքագիծը
2016 թ․-ին հրապարակված հետազոտությունում ենթադրվում է, որ հումորի զգացումի փոփոխությունները նույնպես կարող են լինել Ալցհայմերի վաղ ախտանշաններից մեկը։
Փուլերը
Ալցհայմերի հիվանդության ընթացքը մի քանի փուլերով է ընթանում՝ նախաթուլամտությունից մինչև ծանր թուլամտություն։ Վաղ՝ թեթև փուլում մարդկանց մոտ հիշողության և մտավոր գործընթացների հետ կապված խնդիրներ են առաջանում, որոնք կարող են դրսևորվել առօրյա հարցերի կարգավորման, տարածության մեջ կողմնորոշվելու հետ կապված դժվարություններով, շփման հետ կապված խնդիրներով, վարքագծային փոփոխություններով և այլն։
Չափավոր թուլամտության դեպքում վնասվում են գլխուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են խոսքի, գիտակցության, մտածողության, զգացմունքների կառավարման համար։
Հիշողության նշանակալի կորուստ ու գիտակցության խանգարում է զարգանում, դժվարություններ են առաջանում ընտանիքի անդամներին, ընկերներին ճանաչելու հարցում, ձևավորվում է նոր բաներ սովորելու անկարողություն, մի քանի փուլերից կազմված առօրյա գործողությունները կատարելու, նոր իրավիճակները հաղթահարելու դժվարություն։ Նկատելի են դառնում վարքագծային փոփոխությունները, կարող են առաջանալ հալյուցինացիաներ, զառանցանք կամ պարանոյա։
Ալցհայմերի ծանր փուլում գլխուղեղի առողջ հյուսվածքները նշանակալիորեն կրճատվում են, ինչը հանգեցնում է շփման անհնարինության, մշտական խնամքի կարիքի առաջացման, և մարդը փաստացիորեն գամվում է անկողնուն։
Ախտորոշումը
Ալցհայմերի հիվանդության ախտորոշումն իրականացվում է մի շարք թեստերի ու հետազոտությունների միջոցով՝ ներառելով․
- բժշկի կողմից հիվանդության պատմության և ախտանիշների գնահատումը,
- ֆիզիկական բուժզննումը,
- կոգնիտիվ ու նյարդաբանական սքրինինգը,
- հիշողությունը ստուգող թեստերը,
- լաբորատոր անալիզները (արյան, մեզի),
- գլխուղեղի պատկերային հետազոտությունները՝ համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ), մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ),
- գենետիկ թեստավորումը (APOE e4 գենի որոշ տեսակներ կապվում են Ալցհայմերի հիվանդության զարգացման ավելի բարձր ռիսկի հետ)։
Բուժումը
Ալցհայմերի հիվանդության դեմ իրականացվող բուժումը թեև չի կարող վերականգնել գլխուղեղի մահացած բջիջները, սակայն կարող է թեթևացնել ախտանշաններն ու բարելավել պացիենտի ու նրան խնամող մարդկանց կյանքի որակը։
Դեմենցիայով, այդ թվում Ալցհայմերի հիվանդությամբ տառապող մարդկանց խնամքի կարևոր ասպեկտներն են՝
- Ցանկացած իրավիճակի արդյունավետ կառավարումը,
- Հիվանդի ակտիվությունն ու խնամքը կազմակերպող ծրագրերը,
- Աջակցող խմբերի ու ծառայությունների ներգրավումը։
Դեղորայք
Ալցհայմերի հիվանդությունը բուժող դեղորայք այս պահին չկա, սակայն կան դեղամիջոցներ, որոնք թեթևացնում են ախտանշանները։ Օրինակ՝ խոլինեստերազի արգելակիչներ կոչվող դեղամիջոցները կարող են թեթևացնել ճանաչողական խնդիրների հետ կապված ախտանշանները, ներառյալ՝ հիշողության, գիտակցության, մտածողության խանգարումների դրսևորումները։ Այդ դեղամիջոցները բարելավում են գլխուղեղի նեյրոնային կապերն ու դանդաղեցնում այդ ախտանշանների զարգացումը։
Ալցհայմերի հետ կապված հուզական ու վարքագծային խնդիրները շատ բարդ են․ այս հիվանդությամբ տառապող մարդիկ հաճախ են լինում նյարդային, տագնապալից, անհանգիստ, դեպրեսիվ, ունենում են քնի խանգարումներ, և որոշ դեպքերում կարող են նշանակվել հակադեպրեսանտներ, հանգստացնող դեղամիջոցներ, հակափսիխոտիկ դեղորայք։
Պետք է հաշվի առնել, որ այդ ամենը կարող է զուգահեռ զարգանալ նաև առողջական կողմնակի խնդիրների պատճառով, օրինակ՝ տեսողական ու լսողական խնդիրների, այլ հիվանդությունների, դեղամիջոցների կողմնակի ազդեցության արդյունքում և այլն։ Ահա թե ինչու է կարևոր դրանց առաջացման պատճառների բացահայտումն ու բուժման գրագետ ռազմավարության մշակումը։
Պակաս կարևոր չէ Ալցհայմերով հիվանդ մարդու ճիշտ խնամքի կազմակերպումը, որն առաջին հերթին ենթադրում է պացիենտի հարմարավետությանը, անվտանգությանն ու հոգեկան հանգստությանն ուղղված միջոցների ձեռնարկումն ու շրջակա միջավայրի փոփոխությունները։
Ալցհայմերի հիվանդության կանխարգելմանը նպաստող միջոցառումները
Թեև, ինչպես նշվեց, այս հիվանդության պատճառագիտությունը դեռ շատ հարցեր է առաջացնում գիտնականների շրջանում, բայց հետևյալ միջոցառումները նպաստում են թուլամտության զարգացման կանխարգելմանը․
- ֆիզիկական կանոնավոր ակտիվությունը,
- առողջ ու բազմազան սննդակարգը,
- սիրտ-անոթային համակարգի առողջության պահպանումը, ճարպակալման, դիաբետի, զարկերակային բարձր ճնշման ռիսկերի կառավարումը,
- ողջ կյանքի ընթացքում գլխուղեղի ակտիվության խթանումը։
Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող ծառայել որպես հիմք ախտորոշման համար։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Նյութում օգտագործվել են տվյալներ հետևյալ աղբյուրից