Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այստեղ միայն Արցախի հարցը չէ, մեկընդմիշտ ուզում են փակել Հայաստանի հարցը». Գուրգեն Սիմոնյան

Սեպտեմբեր 18,2023 13:00

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը

– Պարոն Սիմոնյան, Ակնայի ճանապարհով ռուսական բեռնատարը մուտք գործեց Արցախ, զուգահեռ հայտարարվեց, որ կարճ ժամանակ անց կբացվի նաեւ Բերձորի միջանցքը։ Բայց տեսնում ենք, որ միջանցքը չի բացվում, ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում։

– Իմ կարծիքով՝ հայկական կողմը, այսինքն՝ Արցախում նոր իշխանության եկած անձինք, եւս մեկ անգամ խաբվեցին ռուսական կողմից։ Հավանաբար նրանց խոսք էին տվել, որ եթե Ակնա-Ստեփանակերտ ճանապարհահատվածը բացվի, ապա դրան անմիջապես կհաջորդի Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի ապաշրջափակումը։ Բայց մենք տեսանք, որ դա տեղի չունեցավ։ Ես իմ հրապարակային ելույթներում ասել եմ՝ ես ակնկալում եմ, որ Արցախում գործող վարչախումբը հավասարարժեք գնահատական կտա, որ պայմանավորվածությունները չեն իրականացվել եւ կմեղադրի բոլոր կողմերին, որոնք պայմանավորվածությունները խախտել են։

Եթե դա չարեց, ապա կստացվի, որ ամենեւին էլ ոչ մի պայմանավորվածություն չի եղել, եւ դա ինքնակամ ու ինքնուրույն նախաձեռնություն է եղել այդ անձանց կողմից, որը թիկունքից հարված էր հայկական կողմին։ Պետք է ֆիքսենք, որ Արցախի Հանրապետության հայերի եւ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական, ազգային շահերին  ու ազգային անվտանգությամբ պայմանավորված հիմնախնդիրներին հակոտնյա որոշում է կայացվել։

– Ի՞նչ նախադեպ է ստեղծում Ակնայի ճանապարհով ռուսական բեռնատարի մուտքը Արցախ։

– Դա Արցախի՝ այսպես կոչված ռեինտեգրացիոն քաղաքականության մեկնարկ կարելի է համարել, որը ռուս-ադրբեջանական փոխադարձ պայմանավորվածությամբ ու համաձայնությամբ է տեղի ունենում։ Եվ այս առումով պետք է ֆիքսենք, որ սա շատ վտանգավոր նախադեպ կարող է հանդիսանալ նմանատիպ գործողությունների համար։ Այսինքն՝ տեղի կունենա հայոց ցեղասպանություն, որն էլ նրանք փորձում են իրականացնել։ Ամեն ինչ պետք է անել, որ դա հնարավոր չդառնա, ընդ որում, ԱՄՆ Սենատի լսումների ժամանակ դա հստակ ֆիքսվեց, եւ Ռուսաստանի Դաշնությունը համարվեց որպես մեղսակից պետություն։ Եվ այս առումով Միացյալ Նահանգներն ու քաղաքակիրթ աշխարհը խայծը կուլ չտվեցին, որ հումանիտար աղետ չկա, որ բեռներ են մուտք գործել Արցախ։ Միեւնույն է, ի շարս այլ ենթակառուցվածքների ապաշրջափակման, պահանջում են Բերձորի միջանցքի ապաշրջափակում, որն իրավական կարգավիճակ ունեցող երթուղի է։

– Իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախի նորընտիր նախագահին, ասաց. «Շատ ծանր պատասխանատվություն է դրված նրա վրա, եւ մենք այսօր նաեւ մեր դիրքորոշումները եւ մոտեցումները միջազգային հանրության տրամաբանության հետ համադրելու եւ չհակադրելու տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք՝ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը չքաղաքականացնելու նկատառումով։ Մեր ջանքերի կենտրոնացումը պետք է լինի ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի հաղթահարումը։ Եվ մենք չպետք է թույլ տանք, որ ավելորդ քաղաքականացմամբ հարցի հումանիտար ձեւակերպումը ձեւափոխվի քաղաքականի»։ Այսինքն՝ Հայաստանի իշխանություններն ամիսներ շարունակ հետեւողական աշխատանք են տանում՝ Արցախի հարցը քաղաքական դաշտից հումանիտար դաշտ տեղափոխելու համար, եւ Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում դա։ Ի՞նչ վտանգ է սա պարունակում։

– Սա բխում է նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ներկա կացությունից։ Մենք չափազանց ծանր իրավիճակում ենք, եւ այն ուժերը, որոնք կենտրոնացած են Հայաստանի Հանրապետության ու Արցախի շուրջը, ֆորս-մաժոր են, անհաղթահարելի են։ Այդ առումով նմանատիպ մանեւրը, որը փորձում է իրականացնել Հայաստանի Հանրապետության վարչապետը, ինչ-որ տեղ բացատրելի կարող է լինել։ Թեպետ, հանուն արդարության ես կարող եմ նշել, որ սա իմ մտածելակերպին ու իմ անձնական դատողություններին հակոտնյա ընթացող տեսակետ է։ Ես կարծում եմ, որ մենք այնուամենայնիվ պետք է կարողանանք Արցախի հիմնախնդիրը ռեալ քաղաքականության համատեքստում առաջ մղել, որովհետեւ սա մեր անվտանգային համակարգի անքակտելի մասն է։ Ի՞նչ է նշանակում միջազգային քաղաքակիրթ աշխարհի մտայնությանը համընթաց քայլել։ Մենք շատ լավ գիտենք, որ քաղաքակիրթ աշխարհն Արցախի հայերի իրավունքները հռչակել է որպես կարմիր գիծ։ Եթե Արցախի վերաբերյալ այդպիսի մտայնություն ունի քաղաքակիրթ աշխարհը, նշանակում է Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս այդ պետությունների, սպասարկելու է այդ հանգամանքը, այն է՝ Արցախում բնակվող մեր հայրենակիցների իրավունքները կարմիր գիծ են։

– Բայց քաղաքակիրթ աշխարհը ժամանակին նաեւ խոսում էր Արցախի կարգավիճակի մասին, այսօր այդ հարցը փակվա՞ծ է։

– Արցախի իրավունքները հենց ուղիղ համընթաց են ինքնորոշման իրավունքի հետ։ Պարզապես դեռեւս որեւէ մեկն այդ ինքնորոշման իրավունքը չի պատկերացնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից անդին։ Դա կարող է լինել նաեւ նրանց տարածքային ամբողջականության ծիրում, բայց ինքնավարության բոլոր լիարժեք բաղկացուցիչներով հանդերձ՝ պետական-իրավական համակարգով, վարչական համակարգով, սեփական իշխանություններն ունենալու մոտեցմամբ, սեփական դպրոցների տրամաբանությամբ եւ այլն։ Այս մոտեցումն է, բայց դա անհնար է, եւ աշխարհը ժամանակի ընթացքում կհասկանա, որ Ադրբեջանի կազմում սրան հասնելը դժվար է, որովհետեւ Ադրբեջանը ճանաչված բռնապետություն է։ Այդ երկիրն անգամ սեփական քաղաքացիների իրավունքները չի հարգում, ուր մնաց հայ ազգաբնակչության իրավունքները հարգի։ Եվ կգան կհանգեն նրան, որ ինքնորոշման միակ ելքը կլինի կամ անկախացումը, կամ վերամիավորումը մայր Հայաստանի հետ։

– Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։ Եվ դա հիմնավորեց նրանով, որ այդպիսով ուզում է պահել Հայաստանի ինքնիշխանությունը։ Բայց մենք տեսնում ենք, որ ամեն րոպե ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վտանգված է, Բաքուն վերջին օրերին դարձյալ զորք ու սպառազինություն է կուտակում ՀՀ հետ շփման գծի երկայնքով։ Ի՞նչ է ուզում Ադրբեջանը, ի՞նչ նոր զիջումներ է փորձում ստանալ։

– Իշխանության այդ հայտարարությունը նաեւ Արցախի ինքնուրույնության քայլերից մեկը կարող է լինել, որը ես չեմ ողջունում։ Որեւէ մեկը չի կարող Արցախը հանձնել, եթե ժողովուրդը դա թույլ չտա։ Ադրբեջանն ուզում է Հայաստանի Հանրապետության անկախությունը, ուզում է ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը՝ Ռուսաստանի հետ հանդես գալով տանդեմով։ Այստեղ միայն Արցախի հարցը չէ, մեկընդմիշտ ուզում են փակել Հայաստանի հարցը, որովհետեւ եթե մենք պահպանենք մեր ինքնիշխանությունը, ժամանակի ընթացքում այս ամենը՝ այս անօրինականությունն ու անարդարությունները, ազգային արժանապատվության ոտնահարումները կարելի է վերախաղարկել։ Եվ ադրբեջանցիները դա լավ հասկանում են։

– Եվ ինչպե՞ս մենք պետք է դիմակայենք այս ծրագրերին։

– Այժմ դիմակայելու ռեսուրսները սակավ են, բայց դա չի նշանակում, որ ժամանակի ընթացքում դրանք միշտ են սակավ լինելու։ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունի թռիչքային զարգացում ապահովելու, արդիականացնելու սեփական պաշտպանունակությունը, նաեւ հավասարարժեք քաղաքականություն իրականացնելով, այսօրվա ռազմաքաղաքական ու տնտեսական դաշինքների մաս չհանդիսանալով՝ ավելի մեծ հնարավորություններ բացել սեփական պետության համար։ Հատկապես, որ հիմա քաղաքակիրթ աշխարհից շատ գործուն ու տեղին հաղորդագրություններ են գալիս այս ուղղությամբ։ Մեկնված ձեռք կա։ Մենք շարունակում ենք մնալ այն դաշինքների մաս, որոնք թշնամական են համարվում այդ երկրների համար, բայց դա ամենեւին հիմք չի հանդիսանում, որ նրանք խորշեն մեզ հետ համատեղ զորավարժություններ անցկացնեն կամ պաշտպանական ու անվտանգային հարցերով երկխոսության մեջ լինեն մեզ հետ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930