Արվեստը, անխոս, իր մշտական եւ անվիճելի տեղն ունի քաղաքակրթությունների խաչմերուկում։ Տարբեր ժամանակներում այս սկզբունքով են առաջնորդվել քաղաքակիրթ երկրները, կնքելով համագործակցության հուշագրեր։
Վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացել է «Ակադեմիական արվեստների համագործակցություն» խորագրով համաժողովը՝ ԱՊՀ երկրների 14 օպերային թատրոնների տնօրենների, գեղարվեստական ղեկավարների մասնակցությամբ։ Համաժողովի հինգ օր տեւած աշխատանքներին, որն ավարտվել է գալա համերգով, մասնակցել է Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանը։ Այս մասին տեղեկացանք Ռուսաստանում հրատարակվող «Содружество академических искусств» պարբերականի կայքից։
Մեզ հետ զրույցում վերը շարադրվածին Լեւոն Ջավադյանը հավելեց, որ բացի օպերային արվեստից, համաժողովին քննարկվել են նաեւ կերպարվեստի ոլորտին վերաբերող հարցեր, հյուրի կարգավիճակով էլ ներկա են գտնվել ներկայացուցիչներ Չինաստանից եւ Սերբիայից. «Ֆորումի խորագիրն արդեն հուշում է, որ արդյունքում թատրոնների ներկայացուցիչները պետք է կնքեին համագործակցության պայմանագրեր, ինչը եւ տեղի ունեցավ»։ Հարցին՝ Երեւանի օպերային թատրոնը ո՞ր թատրոնի հետ է համագործակցելու այսուհետ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք ստորագրել ենք պայմանագիր Ուզբեկստանի Նավոյի անվան օպերային թատրոնի հետ։
Այն ներկայացնում էր տնօրեն Ռամիզ Ուսմանովը։ Պայմանագիրը նախատեսում է արտիստների փոխայցելություններ, ներկայացումների փոխանակում, վարպետության դասերի անցկացում եւ այլն»։ Ռեպլիկին՝ օպերային երգի՞չ, մեր զրուցակիցը արձագանքեց. «Այո, նույն ինքը՝ ճանաչված տենոր, ժողովրդական արտիստ Ռամիզ Ուսմանովը»։ Իսկ թե ո՞րն է լինելու համագործակցության առաջին քայլը, Լեւոն Ջավադյանն ասաց. «Մեզ մոտ կհյուրընկալենք Աստանայի օպերային թատրոնի բարիտոն Ազամատ Ժելտիրգուզովին, որին մեր հանդիսատեսը կմտաբերի 2017թ. Երեւանում անցկացված Արամ Խաչատրյանի անվան մրցույթից, որտեղ այսօր արդեն Ղազախստանի վաստակավոր արտիստն արժանացել էր երկրորդ մրցանակի։ Ի դեպ, Ազամատը ասպիրանտուրան ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի ղեկավարությամբ։ Հրավիրել ենք նաեւ Ռամիզ Ուսմանովին»։
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում Լեւոն Ջավադյանը տեղեկացրեց նաեւ, որ համաժողովի ավարտին կայացած գալա համերգին, իր որակմամբ՝ մեր թատրոնը հիանալի ներկայացրել են մեցցո սոպրանո Բելլա Ամարյանը եւ բաս Գոշ Սարգսյանը, կատարելով Փառանձեմի արիան Չուխաջյանի «Արշակ Բ» եւ Դավիթ-Բեկի արիան Տիգրանյանի համանուն օպերայից։ Բելլան նաեւ դուետով ներկայացավ Բելառուսի օպերային թատրոնի մեներգչուհի Մարիա Գալկինայի հետ։ Երգիչները հանդես էին գալիս Արտ-Պետերբուրգ նվագախմբի ընկերակցությամբ՝ Վլադիմիր Բարանովի ղեկավարությամբ։
Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ համաժողովին չի մասնակցել Երեւանի օպերային թատրոնի տնօրենը, պարոն Ջավադյանը հակիրճ պատասխանեց՝ Կարեն Դուրգարյանի աշխատանքային գրաֆիկը գերծանրաբեռնված է։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում՝ Լեւոն Ջավադյանն ու Ռամիզ Ուսմանովը պայմանագիրը ստորագրելիս։
«Առավոտ» օրաթերթ
16.09.2023