ՍԵՐԻԿ ԴԱՎԹՅԱՆ – 130
Այս տարի լրանում է արվեստաբան, ազգագրագետ, ՀՍՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ Սերիկ Ստեփանի Դավթյանի ծննդյան 130-ամյակը եւ մահվան 45-րդ տարելիցը: Հայուհի, ում պարտական ենք հայ ժողովրդի կիրառական արվեստի գանձերի հավաքման, պահպանման, ստեղծման եւ ուսումնասիրման համար:
Վերջին ժամանակներում բազմիցս առիթ եմ ունեցել «Առավոտի» էջերում անդրադառնալու նրա կյանքի հայտնի եւ անհայտ դրվագներին, գիտական ու հասարակական գործունեությանը: Հետաքրքիր է Սերիկի ապրած ու անցած կյանքը, որը թույլ է տալիս կերտել նրա՝ կնոջ, մարդու, գիտնական-արվեստագետի եւ պետական-հասարակական գործչի դիմանկարի էսքիզը, հատկապես, երբ արդեն ավարտել եմ նրա կենսագրական ծավալուն գիրքը, որն անվանեցի «Ժանյակահյուս կյանք…»:
Ընդունված է կարծել, որ մարդու ներաշխարհի եւ հոգեկերտվածքի վրա մեծ ազդեցություն է ունենում ծննդավայրն ու արմատները: Այդպես է նաեւ Սերիկ Դավթյանի պարագայում: Դիլիջանի շքեղ եւ գողտրիկ բնությունը, մարդիկ, ավանդույթներն իրենց կնիքն են դրել նրա հոգու եւ նկարագրի վրա: Նրան անձամբ ճանաչողներից մեկը՝ լրագրող Օգսեն Սարյանը, մի առիթով ասել է. «Սերիկը շատ է նման իր հմայիչ ծննդավայրին»:
Սերիկ (Սիրուհի) Ստեփանի Դավթյանը ծնվել է 1893թ. սեպտեմբերի 18-ին (հին տոմարով՝ 5-ին), Դիլիջան քաղաքում, տոհմիկ մանկավարժի ընտանիքում: Նա ուսուցիչ Ստեփանի անդրանիկ զավակն էր: Դստեր ծնունդը շատ է ուրախացնում հորը, որը տասը երեխա է ունեցել (ապրել են միայն հինգը), իսկ առաջինն ու վերջինը՝ տասներորդ զավակ Գագիկը, անվանի մարդիկ են դառնում:
Սերիկն անհոգ, հետաքրքիր ու գեղեցիկ մանկություն ունեցավ: Մեծանալով մեծ գերդաստանում եւ լինելով հոր առաջին զավակը՝ նա շրջապատված էր կրկնակի սիրով եւ առանձնահատուկ ջերմությամբ: Դաստիարակությամբ զբաղվել են մանկավարժ հայրն ու հորենական տատը: Հոր շնորհիվ է, որ դեռեւս փոքրուց մեծանում է գրքասեր ու պրպտող, սիրում է թատրոնը, արվեստը, իսկ տատի շնորհիվ՝ ձեռագործ արվեստը: Ինքն էլ մի առիթով խոստովանում է, որ. «Տատիցս ասեղնագործել էի սովորել»: Սերիկ Դավթյանը նախնական ուսումը ստանում է Դիլիջանի ծխական դպրոցում: Առաջին ուսուցիչներից մեկը հայրն էր, որը հետեւողական էր դստեր կրթության հարցում, Սերիկի մեջ ներարկելով աշխատասիրություն եւ սեր գիտության ու արվեստի նկատմամբ: Որքան էլ զարմանալի թվա, բայց դեռեւս 7-8 տարեկանից կարդում է հայ վիպասանների երկերը: Հաճախ գրքերն առած, մտնում էր խոտի դեզերի արանքն ու ժամերով կտրվում իրական աշխարհից: Ուսումը շարունակում է Թիֆլիսի երրորդ օրիորդաց ռուսական գիմնազիայում, այն ավարտում ոսկե մեդալով, որից հետո սկսում դասավանդել:
1915թ. ճակատագիրը Սերիկին տանում է Էջմիածին, որտեղ պետք է խնամեր Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ որբերին… Հետո հասնում է Բաքու, Աստրախան, Սարատով… Ուր էլ եղել է՝ հայ երեխաներին սովորեցրել է հայերեն գրել-կարդալ, օգնել ինչով կարող էր: Սարատովում ընդունվում է համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետ: 1920թ. վերադարձ Հայրենիք՝ աշխատանքային գործունեություն Լուսժողկոմատում, զուգահեռ զբաղվում է մանկավարժությամբ՝ ունենալով հետաքրքիր հանդիպումներ ու ծանոթություններ: Սերիկը ծնվել էր ճիշտ ժամանակի մեջ, որում բախտորոշ եղավ նրա բարեկամությունը Հովհաննես Թումանյանի հետ. բանաստեղծի լուսավոր կերպարը Սերիկին ուղեկցեց ողջ կյանքի ընթացքում: Նրա կյանքը չգրված վեպի է նման: Թերթում եմ Սերիկի կյանքը, իսկ այն հետաքրքիր է թե՛ դեպքերով, թե՛ նրա կյանքում հանդիպած մարդկանցով՝ Հ. Թումանյան, Ղ. Աղայան, Պ. Պռոշյան, Լեո, Շիրվանզադե, Գ. Բաշինջաղյան, Գ. Սունդուկյան, Ն. Մառ, Ռ. Մելիքյան, Հասմիկ, Ալ. Մյասնիկյան, զորավար Գայ, Դրո, Ե. Չարենց, կաթողիկոս Գարեգին Հովսեփյան, Մ. Գորկի, Ս. Տեր-Հակոբյան, Կ. Մելիք-Օհանջանյան, Ավ. Իսահակյան, Մ. Սարյան… Հետո աքսորականի երկար ճանապարհը տարավ Մագադան, վերադարձ Դիլիջան, ավելի ուշ՝ Արվեստի ինստիտուտ, սկսվեց խաղաղ ու ստեղծագործ կյանք եւ գիտական աշխատանք:
***
Նրա մահից անցել է քառասունհինգ տարի: Դա չնչին ժամանակ է հնարավորինս իմաստավորելու Սերիկ Դավթյանի կյանքն ու գործը: Անելիքներ, անշուշտ, մնացել են եւ դեռ կլինեն: Այն համոզմանն եմ, որ մի աշխատություն, որքան էլ ընդգրկուն լինի, միեւնույն է, բավարար չէ ներկայացնելու նրա կերպարը: Ծանոթանալով նրան՝ տեսնում ես Սերիկ մարդուն, մանկավարժին, հասարակական-պետական գործչին, արվեստագետ-ազգագրագետին, Սերիկ ասեղնագործուհի-վարպետին ու գիտնականին, Սերիկ նկարչուհուն եւ գրադարանավարին, Սերիկ հայուհի մորն ու կնոջը. յուրաքանչյուրն ուսումնասիրության արժանի թեմա: Եվ ահա այստեղ է, որ ինձ օգնության էր հասնում արվեստագետ Ռուբեն Զարյանն իր խոսքով. «Որքան մեծ է արվեստագետը, մարդ այնքան անհագուրդ հետաքրքրությամբ է ուզում նրա մասին ամեն մանրամասնություն իմանալ»:
Հարուստ եւ բովանդակալից է նրա կենսագրությունը, որն անսպառ է: Երբ սկզբնապես թերթում էի զարմանալիորեն կլանող, հետաքրքրություն ներշնչող նրա գրքերը եւ աշխատությունները («Հայկական ասեղնագործության ձեռնարկ», «Հայկական կարպետ», «Հայկական ժանյակ», «Հայկական ասեղնագործություն», «Մարաշի ասեղնագործություն», «Դրվագներ հայկական միջնադարյան կիրառական արվեստի պատմության»), հուշերը եւ հարցազրույցները, ինձ համակում էր մի զգացում՝ բոլորին ծանոթանալ միանգամից ու մի շնչով: Եվ շարունակ մտածում էի, ո՞րն է նրա ամենալավ գիրքը. յուրաքանչյուրը լավն է յուրովի: Կարճ ժամանակ հետո համոզվեցի, որ ամենալավ գիրքը հենց ինքը՝ Սերիկ Դավթյանն է: Կարծիքս հաստատվեց գրականագետ Լեւոն Հախվերդյանի խոսքով. «Մարդն է արվեստագետի հիմքը»:
Ժամանակի ընթացքում ամբողջանում էր Սերիկի կերպարը՝ բազմակողմանիորեն զարգացած կին, աշխատասեր, եռանդուն, պրպտող, ամեն ինչ հասցնող եւ մտքի կորով ունեցող: Ուղղակի ապշեցնող էր նրա մասնագիտական խորաթափանցությունը եւ հատկապես աշխատասիրությունը: Սերիկի կյանքը ուսանելի շատ բան է տալիս: Ու նորից համոզվում էի այն մտքի հետ, որ Սերիկին դժվար է ներկայացնել իր ամբողջության մեջ: Նրա կյանքից մի փայլուն հատված միշտ թաքնվում ու դուրս է մնում տեսադաշտից: Անկեղծորեն, չեմ դադարել զարմանալ եւ հիանալ Սերիկի խոր եւ հարուստ ներաշխարհով, մարդկային վեհությամբ, բարությամբ, մարդասեր լինելու, մարդկանց վերեւից չնայելու կարողությամբ, իսկ դա իմաստնություն է, կյանքի փորձ: Սերիկը երբե՛ք չի բարձրամտում, թեեւ լավ գիտեր իր արժեքը: Նա իր անվան իսկական տերն է:
Ինչ-որ հանգրվանի, ունեցա Սերիկ մարդու եւ գիտնականի կերպարի ամբողջական նկարագիրը: Նրա ամեն միտք եւ խոսք փորձում էի կռահել, վերլուծել, հասկանալ դրանց տողատակերը: Հիմա վստահ կարող եմ ասել՝ նա է ինձ համար վերջնականապես հաստատել հոգեւոր արժեքների անառարկելիությունը կյանքում: Սերիկն ունի ներքին հոգեւոր եւ բարոյական ազնվագույն մաքրություն, իմաստություն, որը ճառագում է նրա ստեղծագործություններում, մտքերում եւ ուսումնասիրություններում, նույնիսկ նրա պայծառ ու ժպիտով ողողված լուսանկարներում, որոնցում այդ ժպիտը ծագող արեւի է նման, արթնացող արեւելքի, որն այնքան շատ է սիրել:
Սովորությանս համաձայն, հաճախ եւ երկար էի նայում նրա լուսանկարներին, տարբեր տարիքներում՝ երիտասարդ, թե միջահասակ ու տարեց Սերիկի աչքերում մշտապես ցոլացող ժպիտ ու կյանք կա: Անկախ ինձանից հայացքս միշտ նրա ստեղծագործ ձեռքերին ու մատներին էր: Ի դեպ, լուսանկարների գրեթե մեծ մասում նրա ձեռքին կամ սեղանին ծաղիկ կա, հատկապես՝ մեխակ, մանուշակ կամ յասաման ու ծաղկած ձեռագործ: Նա ծաղիկներ շատ է սիրել ու կյանքն է սիրել…
Հաճախ եմ ինձ պատկերացրել նրա ժամանակաշրջանում ու տան աշխատասենյակում կամ դիլիջանյան իր պատշգամբի սեղանի մոտ աշխատելիս, գլուխը հակած գրքին, գրելիքին կամ ձեռագործին: Այս ամենն ամբողջացնում էր իմ սերիկյան դիմանկարը: Վստահաբար հարց կառաջանա՝ մի՞թե խորհրդային տարիներին ապրած Սերիկն իր գործունեության ընթացքում չի ունեցել սխալներ, սայթաքումներ: Անշուշտ ունեցել է: Բայց նա կարողացել է կյանքի տարիներով եւ տառապանքով հատուցել իր չգործած մեղքերի համար: Միշտ հավատացած է եղել, որ աշխատում է հանուն լավ նպատակի, պետության ու հասարակարգի: Այնինչ խորհրդային պետության եւ նրա ջարդարար մեքենայի, զրպարտանքի զոհը դարձավ: Սերիկն այնքան զորավոր եւ կամքով գտնվեց, որ այդ պետությունը չկարողացավ ոչնչացնել նրան, հզոր կամքի տեր այս կինն իր գործունեությամբ ու ապրելու բնական ձտումով՝ ոտքի կանգնեցրեց ինքն իրեն, ուղղեց ճկված մեջքն ու ապրեց, արարեց ու ապացուցեց իր տեսակետների, խոսքի եւ գործի ճշմարտացիությունը: Ինձ հիացնում էր նաեւ այն, որ ոչինչ, նույնիսկ աքսորականի կյանքի ամենածանր պայմանները, այն էլ հեռավոր Մագադան, զարկված կյանքը՝ անկարող եղան նրա մեջ խավարեցնելու մարդու, գեղեցիկի հանդեպ սերը, մարել հավատը մարդկային հոգու գեղեցկության, արվեստի ու գիտության հանդեպ: Այլապես ապրել նա չէր կարող: Այսպիսին են լինում գրեթե բոլոր ազնիվ տառապանքի մարդիկ: Գեղեցիկի հասկացողությունը ներդաշնակ էր նրա էությանը: Անշուշտ, Սերիկի անվան շուրջ բախվել են հիացական գնահատականն ու վարկաբեկումը, փորձել են նրան նսեմացնել որպես հասարակական գործչի, կիրառական արվեստի վարպետի, որպես ազգագրագետի, չընդունել նրա գործունեությունը եւ տաղանդը: Բայց Սերիկը միշտ, մի՛շտ հաղթում է իր կուռ մտքերի, տրամաբանության, վերլուծության ու փաստերի միջոցով, իր ստեղծագործական անսպառ տաղանդով: Սերիկի կյանքը դաս եւ օրինակ պետք է լինի ոչ միայն մարդասիրության, այլեւ հայրենասիրության, ազգասիրության, նվիրումի: Ժամանակը սրբագրել է անհաճո կարծիքները, մաքրել ու մեզ հասցրել մի մեծություն, մի Սերիկ, որը պատիվ է բերում հայ ժողովրդին:
Սերիկի մասին փորձում էի գրել առանց կողմնակալության: Մտածում էի նաեւ, որ հնարավոր է նրա նկարագիրը, տեսակը, ինչ-որ տեղ չհասկացվի մեր օրերի ըմբռնումների հետ: Ընթացքում գալիս էի եզրակացության, որ նրա մարդ-անհատականությունը ճանաչելու համար նախ պետք է կարդալ նրա աշխատությունները եւ հարցազրույցները, զգալ խոսքը: Սկզբնապես այդպես էլ վարվեցի: Ստացա նրա կերպարի ամբողջական նկարագիրը: Սերիկին բազմակողմանի ճանաչեցի հատկապես նրա անտիպ հուշերի միջոցով, որում նա հորդացող ջրի նման, համապարփակ շարադրանքով, շատ անկեղծ, կամա-ակամա պատմությանն ու թղթին է հանձնել իր բովանդակալից կյանքի էջերը:
Տարիներ քայլեցի ինձ հարազատ այս կնոջ կողքին, փորձեցի անցնել ժամանակի եւ տարածության միջով, կռահել ու հասկանալ Սերիկի խոսքերը, դրանց տողատակերը, քայլերը, ստեղծագործական ու մարդկային միտքը, ապրած կյանքը: Հաճախ զգում էի ու հասկանում, որ այդ յուրահատուկ կնոջ կյանքը թաքնված է նույնիսկ ամենապարզ ու բարդ բառերի մեջ: Ազնվական, զուսպ բնավորությամբ, ներքին մեծ կուլտուրայով, բարձր բարոյական սկզբունքներով եւ զարգացած ինտելեկտով՝ այսպիսին է Սերիկը:
Ես հասկացա նրա հաջողության գաղտնիքը. դա միայն բնատուր խելքը, աշխատասիրությունը եւ շնորհը չէ, ուսյալությունը, նախասիրությունները կամ դաստիարակությունը չէ, թեեւ, անշուշտ, դրանցով նույնպես պայմանավորված է: Դա հայրենի արմատն է, բնությունը, ծննդավայր Դիլիջանը, որոնց հանդեպ սերն ու նվիրումը շաղախվելով եւ ձուլվելով Սերիկի հոգում՝ շունչ ու ոգի, ձեւ ու բովանդակություն էր ստացել, դառնալով մեկ ամբողջություն, ստեղծագործական ու գիտական արարում, դարձել կյանք ու ապրելակերպ: Դիլիջանը նրա մեջ սնուցել էր գեղեցիկի բնատուր զգացողությամբ ճաշակ, ձուլվել նրա հոգում եւ ասեղնագործ աշխատանքներում, դարձել գաղափար: Նա իր արվեստի հրով ազնվացրել էր գեղեցկության կարոտ մարդկային հոգիները: Սերիկը որքան պայծառ ու բաց է հոգով, նույնքան բարդ անհատականություն էր, խստաբարո, սակայն ավելի ազնիվ ու բարի, ավելի քնքուշ ու կանացի՝ քան թվում էր:
Նա ունեցել է դժվար իրավիճակներում ստեղծագործելու ազնիվ մղումներ, նույնիսկ դա արել է, երբ հոգին պարուրված էր անկատար երազանքի թախիծով ու տառապանքով: Սերիկը ստեղծագործել է մարդկային հոգու ջինջ մաքրությամբ, խորությամբ ու վեհությամբ: Շիտակ մարդը, ճշմարիտ արվեստագետը եւ ստեղծագործող անհատը նրա մեջ միասնականացած էին: Գուցե կատարյալ չէր նրա կյանքը, բայց ճշմարիտ էր…
Սերիկը եկավ հաստատելու, որ ժամանակը չի սիրում անփույթ վերաբերմունք եւ գնահատում է իրեն հարգող մարդկանց՝ նրանց ծառայելով հավատարմորեն: Նա ժամանակ ու կյանք էր կորցրել, գիտեր դրա արժեքը: Այս մտորումների մեջ կրկին օգնեց արվեստագետ Ռուբեն Զարյանի ամենահաս խոսքը. «Հաջողության հասնելու համար մարդը պետք է հոգու ներդաշնակություն ունենա, եթե չունի՝ ապա պետք է դրա ձգտումը ունենա եւ հավատա, որ մի օր կհասնի դրան»:
Միշտ, մի՛շտ ամենուր փնտրեցի ու կարծում եմ՝ գտա Սերիկի ներաշխարհը թափանցելու բանալին: Դա որքան բարդ, նույնքան հեշտ էր. ուղղակի նրան անկեղծ սիրել էր պետք… Շատ եմ խորհել Սերիկի մասին: Բոլորից թաքուն, փայփայանքով խոսել նրա հետ, խոսեցրել նրան, թափանցել նրա բառերի, մտքերի, նույնիսկ ստեղծած նախշերի ու պատկերների խորքը, հաճախ խեղդել հույզերս, նրան դարձրել իմ խոհերին մասնակից ու հասկացել նրան: Եվ Սերիկը վստահել է ինձ, լուռ ուղղորդել ու թույլտվություն տվել իր աշխարհ մտնելու, տվել փակ դուռը բացելու բանալին: Միշտ հավատացել եմ, որ Սերիկ Դավթյանը երկրային կյանքում իր առաքելությունն ուներ: Անկասկած, նրա կյանքի պատմությունը եւ կենսագրությունը, որը նաեւ գեղեցիկից եւ արվեստից է հյուսվել, դեռ չի ավարտվել, շատ թաքնված, հետաքրքիր գաղտնիքներ կան, որոնց բացահայտումները կտա ժամանակը: Հավատում եմ, որ Սերիկը վերադառնալու է կրկին ու կրկին: Նա իրավամբ ժողովրդական գործիչ եւ ժողովրդական արվեստագետ է իր զգացողությամբ, ստեղծագործություններով ու մտքերով: Սերիկի յուրաքանչյուր աշխատություն կոթող է հայ արվեստագիտության, ազգագրության բնագավառում, որը արդյունք է տարիների անդուլ, հմտալից աշխատանքի, դրա հանրագումարը: Հաճախ նրա կերպարում, ստեղծագործություններում, հատկապես ծաղկային գունանկարներին նայելիս, տեսա էությամբ լուսեղեն, քնքուշ հայուհի կնոջ: Եվ այդ կնոջ մատները որտեղ որ դիպան՝ իսկական արվեստի հրաշք կատարվեց, հին մասունքներին կյանք տվեց, ստեղծեց նորերը: Սերիկն իր թողած ժառանգությամբ, տառապանքի ու բերկրանքի զգացողությամբ ապրեցրեց մարդուն, ճանաչելի դարձրեց իր աշխարհը, շարունակ մղելով առաքինության, ազնվության եւ հավատարմության: Նա իր հոգու մարքությունը տարավ դեպի ժողովրդական, ազգային արվեստ: Սերիկն իր անձնական երջանկությունը գտավ հնամյա ձեռագործները, դրանց նախշերը պեղելու եւ հավաքելու մեջ, շատ հաճախ լուսաբացները դիմավորեց արթուն: Ժամանակ շատ էր կորցրել աքսորավայրի հեռուներում, այնտեղ, ուր արեւը մայր էր մտնում, իսկ նա սիրում էր լուսաբացը… Ապրեց լույսի նման, ապրեցրեց հայ արվեստը, գուրգուրաց ամեն ձեռագործ պատառիկի ու նախշի վրա, որոնք հայթայթելու համար հասնում էր Հայաստանի ամենահեռավոր շրջաններ ու գյուղեր:
Մեծ էր նա, հիրավի մեծ էր նաեւ իր տառապանքի մեջ, որից չչարացավ, չմաղձոտեց հոգին: Մեծ էր իր հուզումների խորությամբ, հոգու անբեկանելի ամրությամբ ու անաղարտ ազնվությամբ, իր նվիրվածությամբ: Մեծ էր որպես տառապած հայ կին եւ մայր…
…Դիլիջանի հին գերեզմանոցում ժանյակե խորհրդավորության շղարշով պատված մի յուրահատուկ շիրիմ կա՝ Դիլիջանի անգին քարը՝ Սերիկի շիրիմը, որին, նրա նկարի փոխարեն, ժանյակ է փորագրված: Յուրօրինակ ձգողական ուժ ունի այդ ժանյակահյուս քարը, որին Սերիկի սիրտն է ձուլվել: Ժանյակե շրջանակը հավերժական ընթացքի յուրովի խորհրդանիշն է նրա կյանքի ու գործի: Շիրմին ծաղիկներ կան, կապույտ աստղածաղիկներ: Նա սիրում էր այդ գույնը, առհասարակ, շատ էր սիրում ծաղիկներ: Շոյում եմ քարե ժանյակը, իսկ օդում ասես հնչում են Չարենցի խոսքերը. «…Կապույտը-արցունք, ու կապույտը-ցող, Հոգու, երկնքի»:
Մերի ՔԵՇԻՇՅԱՆ
Սերիկ Դավթյանի կենսագիր,
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող
«Առավոտ» օրաթերթ
16.09.2023